
«Վալերիանկա խմեք, վրայից էլ՝ մաղադանոսի սոկ, որ հասկանաք՝ եթե Նիկոլը հասավ 2026թ. ընտրություններ, ձեզ իշխանություն չի՛ տալու». Զոհրաբյան
Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը պատերազմի հերթական սպառնալիք է համարում Ալիևի այն հայտարարությունը, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» անցնելիս ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահների տեսնեն:
«Էս հայտարարություններին պատասխանելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունների նեգատիվ ֆոնը ջրելու համար ևս մեկ էպատաժային ստատուս է գրում դրա հաջորդ օրը՝ իր համախոհներին կոչ անելով պատրաստ լինել գնալ Վեհարան և Վեհարանն ազատել Վեհից: Ըստ էության, անում է հերթական հակասահմանադրական կոչը, որովհետև ՀՀ Սահմանադրությամբ Փաշինյանն իրավունք չունի իր քիթը խոթելու եկեղեցու գործերի մեջ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով՝ Ալիևի հայտարարությունները վտանգավոր էին, Փաշինյանի խոսնակի մակարդակով հայկական կողմի պատասխանը՝ լղոզված:
«Պատասխան չկար՝ ի վերջո, ՀՀ սուվերենության տա՞կ է լինելու միջանցքը, թե՞ ոչ, և ո՞նց են անելու, որ որևէ Ռամիլ Սաֆարովի վաստակ հայ սահմանապահի դեմք չտեսնի»,- ընդգծեց նա:
Ալիևի հայտարարությունների վերաբերյալ Փաշինյանի խոսնակն ասել է, որ դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչն ընդունելի չի կարող լինել և հակասում է մինչև այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն և տառին:
Նաիրա Զոհրաբյանը նկատեց՝ վաղը Փաշինյանը կարող է ասել՝ էդ ես եմ ասե՞լ՝ Ալիևը հավակնություններ ունի ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ.
«Միջազգային բոլոր հարթակներում այլևս Ադրբեջանը կարողացավ շատ լեգիտիմ կերպով ներմուծել «Արևմտյան Ադրբեջան» տերմինոլոգիան, և հիմա չկա որևէ հարթակ, որ դա չքննարկի: Բոլոր միջազգային ատյաններն Ադրբեջանը ողողել է՝ պահանջելով ստեղծել անհրաժեշտ լեգիտիմ պայմաններ՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի համար: Իսկ այն, որ մի քանի օր առաջ Բելգիայի խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի մասով ընդունեց բանաձև և կոչ արեց հավատարիմ մնալ 2023թ. նոյեմբերի 17-ի Հաագայի Արդարադատության դատարանի որոշմանը և ստեղծել միջազգային մանդատի ներքո պայմաններ արցախցիների՝ Արցախ անվտանգ վերադարձի համար, թե՛ Ալիևը, թե՛ Նիկոլ Փաշինյանը հավաքական առումով թքած ունեն այդ և այլ բանաձևերի և որոշումների վրա»:
Ինչ վերաբերում է այս իրավիճակում Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից Հայ Առաքելական եկեղեցու թիրախավորմանը և Վեհափառի հեռացման սպառնալիքներին, նա նշեց, որ Փաշինյանը երբ ինչ-որ մտասևեռում է ունենում, նույնիսկ, եթե գիտի, որ դա կործանարար գաղափար է, նա այդ գաղափարը տանելու է մինչև վերջ.
«Աբսուրդը գիտե՞ք որն է. ես այնքան եմ ամաչում, որ մեր քաղաքական դաշտը նստած ամեն առավոտ նայում է Նիկոլի ֆեյսբուքյան էջը, տեսնի՝ Նիկոլը ինչ է գրել, ինչ օրակարգ է թելադրել, որ իրենք մտնեն այդ օրակարգի մեջ կամ պոստ ֆակտում արձագանքեն այդ օրակարգին: Սա մեր քաղաքական էլիտայի սնանկության մասին է խոսում:
Բոլորը գրում են՝ դեռ կոչ չի արել շարժվել դեպի Վեհարան: Ամո՜թ ձեզ, նստած սպասում եք, թե ի՞նչ պետք է թելադրի Նիկոլը, որ վեր կենաք, գնաք կանգնեք, և ձեզ թվում է, որ ինքն ուժայիններով որոշեց մտնել Վեհարան՝ այդ հերոսական պատը կարողանալու է իրեն կանխե՞լ:
Երբ ասում ենք, որ այս պահին մեկ օրակարգ կա, որտեղ Նիկոլը չի կարող լինել խաղի թելադրողը, չի կարող լինել օրակարգ ձևավորողը, դա իմպիչմենտն է, տարբեր քաղաքական ուժեր ղժում են և ասում են՝ դա հնարավոր չէ: Դե ասեք՝ դա հնարավոր չէ, ամբողջ օրը նստեք սպասեք՝ Նիկոլը ինչ է գրել, որ պոստ ֆակտում մի հատ լալահառաչ ստատուս գրեք կամ 500 հոգով գնաք, Էջմիածնում կանգնեք, սելֆի անեք, հետո ասեք՝ դե, ինչ կարող ենք անել պետության ուժային կառույցների դեմ»:
Նաիրա Զոհրաբյանը պնդում է՝ 2026-ի ընտրություններով Փաշինյանը չի հեռանալու.
«Բա Փաշինյանն այս ամենը տալիս է, այս ամենը անում է, թուրք-ադրբեջանական օրակարգերը սպասարկում է, բա այս ամենը Նիկոլը անում է, որ 2026-ին ձեզ իշխանություն տա՞: Գնացեք, վալերիանկա խմեք, վրայից էլ մի հատ սառը ջուր կամ մաղադանոսի սոկ խմեք, օգնում է սթափ իրավիճակը գնահատելուն, որ հասկանաք, որ եթե Նիկոլ Փաշինյանը հասավ 2026թ. ընտրության, ինքը ձեզ իշխանություն չի տալու, հնարավոր-անհնար ամեն ինչ անելու է:
Վեհարանի դեմ այս ծրագրված օպերացիան այդ իշխանությունը չտալու, չզիջելու իր ճանապարհային քարտեզի կետերից ընդամենը մեկն է: Վեհարանի դեմ այս ծրագրվող արշավը երկրում հոգևոր քաոս ստեղծելու խնդիր է լուծում: Նիկոլը քացով օվերտոնի պատուհաններ է, որ բացում է, մենք ընդամենը հետահայաց արձագանքում ենք»:
Նրա խոսքով՝ այս իրավիճակով երկիրը լքողների 100 տոկոսը Նիկոլ Փաշինյանին ընտրածներն են. «Սադախլոյի ցելոֆաններով բարձրանում են Փարիզի, Բրյուսելի բորտ, ու 100-ից 100-ը Նիկոլ ընտրածներ են: Նիկոլին ընտրել են, թողել են մեզ նվեր, գնալու են հասնեն ինչ-որ մի ճամբար, այնտեղից կիրիլիցայով կամ լատինատառ գրեն՝ մեր խզոր վարչապետը: Բա մնացեք էստեղ գրեք՝ մեր խզոր վարչապետ: Վերջերս էլ նիկոլազանգվածը նոր բան է սովորել՝ Վեհարանը վեհի, բայց դա գրում են լատինատառ կամ կիրիլիցայով:
Այս օրերին Փաշինյանի գրառմանը, որ՝ պատրաստ եղեք իմ կոչին՝ Վեհարանը ազատելու Վեհից, մենք տեսանք, որ արձագանքել են, օրինակ, դպրոցի տնօրեններ, որոնցից մեկի հարազատը շատ կասկածելի կերպով հանվել է ծանր թմրադեղային կախվածություն ունեցողների ցանկից, ինչի դեպքում ինքը 5 տարի մշտական էդ ցանկում և հսկողության տակ պետք է լինի:
Մեկ այլ տիկին, որը իրեն ճղում էր Փաշինյանի համար և ամենագռեհիկ հայտարարություններն էր անում եկեղեցու և Վեհափառի հասցեին, նրա ծանոթները գրեցին, որ այդ կինը զրկված է մայրական իրավունքներից: Պատկերացնո՞ւմ եք՝ մայրական իրավունքներից զրկված կինը խոսում է բարոյականությունից, Վեհափառից, սրբազաններից և արժեքային համակարգից: Էս ա Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը: Սա ողբերգություն է»:
Ըստ նրա՝ այս պահին Սամվել Կարապետյանը կարող է համախմբող գործող լինել. «Նիկոլի էլեկտորատը նրա մասին չի կարող ասել, չէ՞, թալա՜նը, դրանց ուղեղը թալան բառից գրգռվում է: Եվ այո, Սամվել Կարապետյանը կարող է լինել համախմբող գործոնը, որովհետև ինքն իր գումարները Հայաստանում չի աշխատել, ավելին՝ մեկ միլիարդի չափով ՀՀ-ում և Արցախում ներդրումներ է արել, բայց համախմբման համար խոսքից պետք է անցնի գործի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում