
Չինաստանի ԱԳՆ-ն «անվայել» վարվելակերպ է անվանել ԱՄՆ-ի դուրս գալը ՅՈՒՆԵՍԿՕ-ից

Չինաստանի իշխանություններն ԱՄՆ-ի դուրս գալը ՅՈՒՆԵՍԿՕ-ից համարում են «անվայել» վարվելակերպ: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
«Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս է գալիս արդեն երրորդ անգամ և բացի այդ, ունի վաղուցվա պարտք վճարների գծով. դա վայել չէ պատասխանատու մեծ տերության վարքագծին», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։Ինչպես նշել է խոսնակը, Պեկինը միշտ աջակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքին։
Նա նշել է, որ ՄԱԿ-ի 80-ամյակի առթիվ համաշխարհային հանրությունը պետք է «կրկին հաստատի իր հավատարմությունը բազմակողմ մոտեցմանը և գործնականում աջակցի համակարգին, որը հիմնվում է միջազգային իրավունքի վրա»։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է աջակցությունը միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառում, փոխըմբռնման ամրապնդումը և մերձեցումը քաղաքակրթությունների միջև, խաղաղության պահպանումն ամբողջ աշխարհում, ինչպես նաև համընդհանուր զարգացման հասնելը», – հիշեցրել է Գո Ցզյակունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին՝ պատճառաբանելով, որ այդ կազմակերպությունն աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք չեն համապատասխանում ամերիկյան շահերին: