
Եթե դատարանը տարբերակի խմբային հայցը ժողովրդական հայցից, Բագրատ Սրբազանի դեմ հայցադիմումի ընդունումը կմերժի. Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի շարք քաղաքական գործիչներ պատրաստվում են Բագրատ Սրբազանի դեմ ներկայացնել խմբային հայց՝ ժողովրդին վիրավորելու մեղադրանքով։
Եթե դատարանը տարբերակի խմբային հայցը ժողովրդական հայցից (actio popularis), ապա նման հայցադիմումի ընդունումը կմերժի՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով (ՔԴՕ 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ)։
ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարություններում ժողովրդական հայցի (actio popularis) ինստիտուտ նախատեսված չէ, ուստի նման գործերը քաղաքացիական դատարանի քննությանը ենթակա չեն։ ՀՀ վարչական դատավարությունում շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ գործերով actio popularis-ի կիրառման հնարավորություն նախատեսված է (տե՛ս ՀՀ ՍԴ 07.09.2010թ. ՍԴՈ-906 որոշումը)։
Տարիներ առաջ ես և Արտակ Ղազարյանը AArtak Ghazaryanառաջարկել ենք ՀՀ քրեական դատավարությունում որոշ գործերով ներդնել actio popularis ինստիտուտը (տե՛ս «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարություն (մինչդատական վարույթ)». Մաս 2, Երևան, Տիգրան Մեծ, 2017, էջ 371-372, 450-452; Ղազարյան Ա.Ա., Ժողովրդական մեղադրանքը (actio popularis) և դրա ներդրման հեռանկարները հայկական քրեական դատավարությունում։ Երևան, ԹԱՍԿ, 2020)։
Actio popularis-ը և խմբային հայցը էապես տարբեր իրավաբանական բնույթ ունեցող ինստիտուտներ են, որոնց վերաբերյալ գրվել են բազմաթիվ աշխատանքներ։ Միայն նշենք, որ խմբային հայցի դեպքում հայցվորների որոշակիացված խումբը պատասխանողի գործողություններից պետք է վնաս կրած լինի (օրինակ՝ սպառողների որոշակի խումբը), մինչդեռ Բագրատ Սրբազանի ենթադրյալ խոսքը որևէ կոնկրետ անհատի հասցեագրված չի եղել։ Այս պարագայում խմբային հայցի ինստիտուտը օգտագործվում է ոչ թե անհատական իրավունքները պաշտպանելու, այլ օրենքով չնախատեսված՝ ժողովրդական հայցը (actio popularis) քողարկելու և այդ միջոցով հասարակական գիտակցության վրա ազդելու և Սրբազանի դեմ բացասական վերաբերմունք կուտակելու համար, ինչը, քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից, կարող է արդյունավետ միջոց լինել՝ անկախ գործի դատական հեռանկարից։
Ի դեպ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ևս ուներ հնարավորություն ՀՀ վարչապետի՝ որպես պաշտոնատար անձի, Եկեղեցու դեմ կատարած հակաօրինական մի շարք ռեալ գործողություններ ՀՀ վարչական դատավարության կարգով վիճարկելու և դրանց հետագա շարունակությունը կանխելու (խափանելու) ուղղությամբ հայցեր ներկայացնելու եղանակով՝ հասարակության մոտ, այս հարթակը օգտագործելով, ևս մեկ անգամ նրա գործողությունների հակաօրինականություն ընդգծելու ակնկալիքով (ակնկալվող արդյունքին հասնելու համար անհրաժեշտ էր գրագետ տեխնոլոգիաների օգտագործում)։
Բայց կարծես թե, այդ ճանապարհն համարվել է անընդունելի՝ դատական հեռանկար չունենալու հիմքով։
Կրկին գործ ունենք ոչ ստանդարտ իրավիճակում ստանդարտ իրավաբանության հետ։ Սա ցույց է տալիս ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվելու անկարողությունը, իրավաքաղաքական երևույթների վերաբերյալ գիտելիքների (պատկերացումների) պակասը և պատասխանատվությունից խուսափելու ձգտումը»։