
Ռուսաստանի դեմ այստեղ 2-րդ ճակատ է բացում. ժողովուրդ ջան, Փաշինյանն ատում է ձեզ, ասում է՝ ճռռացեք, տարե՛ք տոկոսները տվեք բանկերին, դուք տուգանքի ու ծեծվելու մատերիալ եք. Սամվել Ֆարմանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Սամվել Ֆարմանյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Թուրանի ծրագրի հետ կապված՝ մի շատ էական հանգամանք սխալ է մեկնաբանվում։ Եղած պատմական իրողությունները Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է առասպելական լույսի ներքո՝ real politic-ի իրողություններից հայ ժողովրդին շեղելու նպատակով։ Այսինքն՝ անում է այն, ինչ միշտ է անում՝ նիկոլություն։ Սյունիքի վրա ցամաքային հսկողությունը և Ռուսաստանին փոխարինելը Հարավային Կովկասում Թուրքիային հնարավորություն է տալու, դա օրվա թելադրանք է, քան ավելի հեռագնա մեծ երազանքի մի մաս։ Նիկոլը ցանկացած բան, որ անում է, տակը բլեֆ է պետք փնտրել։
- 1990-91թթ.-ից սկսած Թուրքիայի կողմից հրապարակային և ոչ հրապարակային առաջ քաշած բոլոր նախապայմանները Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կատարել է, այլև գերակատարել է։ Այդ դեպքում ինչո՞ւ Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները չի կարգավորում, որովհետև հույս ունի ավելին ստանալ։ Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է՝ կտա Զանգեզուրի միջանցքը ու կստանա որևէ թուղթ, չարաչար սխալվում է։ Դրանից հետո նա ստանալու է նորանոր պահանջներ, որոնք գլուխը կախ անելու է։ Ու սա Փաշինյանն անում է՝ ընդամենը մեկ օր ավելի իշխանության մնալու համար։ Եթե իրեն թվում է՝ ինքն առևտուր է անելու, ապա ասեմ՝ ինքը ոչ մեկ է, որ այդ սեղանի վրա դերակատարություն ունենա։ Ու այստեղ ո՛չ Արևմուտքն է մեղավոր ո՛չ մեկ այլ դերակատար․հնարավոր չէ՝ ձեռքդ ընկնի Նիկոլի նման ղեկավար, ու դու չուզենաս քաշել նրա մինչև վերջին ատամը։ Հենց Փաշինյանը նրանց այլևս պետք չլինի, թևերի տակից անվտանգության բարձիկները կհանեն։
- Մեղավորը մենք ենք, որ էդ խելապակաս ստահակին չենք կարողանում պոկել աթոռից։ Բայց ինքը չի հասնելու Ադրբեջանի ու Թուրքիայի հետ թղթերի ստորագրման։ Ինքը սխալվում է, ինքը կանգնելու է կոտրած տաշտակի առջև, ու իր առաջ դրվելու է պահանջների ու նախապայմանների մի նոր շարք։
- Երբ դեռ 2019թ․ Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպման ժամանակ երկրիդ ղեկավարը բեսեդկայում նարդի խաղացողի կեցվածքով ու տրամաբանությամբ խոսում էր Տիգրան Մեծի մասին, ամոթից չգիտեիր՝ գլուխդ ուր թաքցնես։ Տասնյակ պաշտոնական հանդիպումների եմ մասնակցել։ Իլհամ Ալիևը բացառիկ հարգանքով էր վերաբերվում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ես դա ինքս եմ տեսել: Մի օրինակ ասեմ։ Իլհամ Ալիևը մի առիթով անզգույշ, երկիմաստ ընկալվող արտահայտություն էր թույլ տվել Սերժ Սարգսյանի հասցեին։ Մի քանի օր անց Մինսկի խմբի համանախագահները Բաքվից եկան Երևան և ասացին՝ Իլհամ Ալիևը խնդրել է փոխանցել, որ ոչ մի կերպ ինքը մտադրություն չի ունեցել վիրավորել նախագահին։ Այդ արձանագրությունները պահպանվել են բոլորի մոտ, փաստերը կան:
- Երբևէ ՀՀ ոչ մի ղեկավար դրսում լուզերի կարգավիճակով չի ներկայացել։ Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ Ալիևի վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Երբ Ալիևը հարևան երկրի ղեկավարին՝ Փաշինյանին ասում է՝ «հարբեցող ծաղրածու», կա՛մ պիտի մտածի, որ դա իրենց վերջին հանդիպումն է, կա՛մ, որ ոտքերն էլ սրբի վրան, միևնույն է, ձայն չի հանելու։ Ալիևն ի՜նչ կարգի իր հաշվարկներում պետք է համոզված լինի, որ նման բան ասի ու չմտածի՝ բա որ անձնական վնաս հասցնի․ ի վերջո, պետության ղեկավար է, հնարավորություններ ունի։
- 2018թ․ հեղափոխության հանգամանքները լայն հանրությանը չեն հետաքրքրում։ Մարդիկ 30 տարվա կուտակված դժգոհությունը դուրս հանեցին՝ ի դեմս Սերժ Սարգսյանի։ Հայտնվեց Նիկոլ Փաշինյանը, և արտաքին ուժերը գտան իրենց ցանկությունները կատարելու պատրաստ մեկին, ով կարող էր նվազագույնը լուծել Արցախի հարցը։ Այդպես էլ եղավ։ Հիմա մարդիկ հասկացել են, որ սխալվել են։ Ժողովուրդը չի արել հեղափոխություն։ Ժողովուրդը գիտի, որ ինքը չի արել հեղափոխություն, գիտի, որ ինչ-որ ստահակ, իրենց ուսերին իշխանության գալով, իրենց էներգիան դարձրեց արյուն։ Նիկոլ Փաշինյանը խաբել, «քցել է» բոլորին․ձեզ ասում էր՝ օլիգարխներից փողերը վերցնելու է՝ ձեզ տա՞: Ոչ միայն դա հնարավոր չէր, այլև ստում էր, ինչպես ամեն ինչում է ստում: Երեկվա օլիգարխներն էսօր Աննա Հակոբյանի դռան առաջ շարքով կանգնած են։ Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ ինքը нерукопожатньй է։ Մարդիկ ասում են՝ էդ համբալին բերեցինք իշխանության, էսպես ստացվեց, լա՛վ, բա ի՞նչ անենք հիմա․ լուծումը ո՞րն է։ Սա է գլխավոր հարցը:
- Ժողովուրդ ջան, դուք Նիկոլ Փաշինյանին այլևս պետք չեք, նրա հետևում կան հզոր ուժեր։ Նրա համար ավելի կարևոր են իրեն պահող ոստիկանների քանակը, ՔՊ-ն ու գերտերությունների լոյալությունը։
- Նիկոլ Փաշինյանն ատում է հայ ժողովրդին։ Անհնար է առանց ատելու այսքան արյուն ու կորուստ բերել ու ժողովրդին տանել կառափնարան։ Հիմա ժողովուրդը նրա համար տուգանքի ու ծեծվելու մատերիալ է։
- Ես չեմ տեսնում, որ որևէ արտաքին ուժ, սեփական շահերից ելնելով, որևէ քայլ անում է՝ թուլացնելու համար իր աջակցությունը Նիկոլ Փաշինյանին, և դա մտահոգիչ է, որովհետև դա նշանակում է, որ արտաքին խաղացողները դեռ մտածում են՝ Նիկոլ Փաշինյանի ատամներից ո՞ր մեկն են հիմա քաշելու ու տանեն իրենց տուն։
- Մենք պետք է մեր շահերի համար հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, որովհետև եթե դա արեց որևէ արտաքին ուժ, դա անելու է իր շահերի համար, իսկ դրա պտուղները մենք քաղում ենք հիմա, երբ 2018թ.-ին այդ արտաքին ուժերի կողմից նա բերվեց իշխանության։ Աստված մի արասցե՝ դրսի ուժ հեռացնի Նիկոլին։ Նիկոլին պետք է հեռացնի հայաստանակենտրոն հայ ժողովուրդը։
- Կասկած չունեմ, որ եթե Նիկոլին առաջարկեն, որ Հայաստան պետություն չլինի, բայց ինքը լինի էս տարածքի ղեկավարը, վստահաբար կհամաձայնի։ Նա մեր երկիրը տանում է ինքնիշխանության կորստի։
- Տարիներ շարունակ Հայաստանը ներկայացրել եմ Ստրասբուրում, ԵԽԽՎ-ում։ Հայաստանի ժողովրդավարությունը մի չափեք՝ խաբվելով Մակրոնի կամ Փաշինյանի ճամարտակություններով։ Ժողովրդավարության մի չափանիշ կա՝ ԵԽԽՎ-ինը․ մենք հիմա մոնթորինգի տակ երկիր ենք։ Ավելին, 2017 թվականին արդեն խոսք կար Հայաստանը դուրս բերել մոնիթորինգի տակ գտնվող երկրների ցանկից ու դառնալ Իտալիայի, Լեհաստանի պես երկիր։ Այսօր ինչո՞ւ Փաշինյանին որևէ լրագրող չի հարցնում՝ բա որ ժողովրդավարության բաստիոն ենք, արդեն 7 տարի է, դուք իշխանության եք, ինչի՞ մոնիթորինգի ցանկից դուրս չենք գալիս։
- Հայաստանն արդեն Ռուսաստանի դեմ այստեղ 2-րդ ճակատ է բացում։ Մեզ թվում է, թե մենք ունենք պետություն, այնինչ Հայաստանը պետականազրկված է։
- Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է իշխանության մնալու համար։ Նիկոլին իշխանությունից հեռացնել՝ նշանակում է վերականգնել մեր պետականությունը։
- Նիկոլն ամեն ինչ քանդել է, բացի ֆինանսաբանկային համակարգից։ Էդ էլ թող խելոք մարդիկ ասեն՝ ինչո՞ւ դա չի քանդում։ Բանկային ոլորտի շահույթները նայե՛ք․ Նիկոլը ժողովրդին կլպում է բանկային համակարգի միջոցով։ Նրա նման դեռ ոչ ոք հայ ժողովրդին չի կեղեքել։ Ողջ ժողովուրդը վարկերի տակ է։ Նիկոլն ասում է՝ ճռռացեք, տարե՛ք տոկոսները տվե՛ք բանկերին, բայց թե ո՞ւմ են հասնում էդ գերշահույթները… դուք ո՞վ եք, որ դա իմանաք։ Էդ ո՞նց է, որ Նիկոլի մատը ինչին կպնում է՝ բանակ, Արցախ, այլ ոլորտներ, միանգամից քանդվում է, բա բանկերն ինչի՞ չեն քանդվում։
- Նիկոլն ինձ որ ասի՝ բարի լույս, ես կնայեմ կողքերս՝ տեսնեմ՝ մութն ընկե՞լ է, թե՞ չէ։
- Միայն վերջին միամիտը, մեկ էլ՝ ՔՊ խմբակցությունը, այն էլ՝ ստիպված, կհավատան, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը Եկեղեցու բարենորոգումն է․ բոլորը գիտեն, որ նպատակը Եկեղեցու կազմաքանդումն է։ Ես ո՛չ քաղաքական ընդդիմության, ո՛չ Եկեղեցու կողմից չեմ տեսնում մարտավարություն՝ խնդիրը լուծելու համար։ Խնդրի լուծումը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից։ Եկեղեցին պետք է իրավիճակին համարժեք գործի, Նիկոլ Փաշինյանին զրկի խաղաքարտերից։
- Փաշինյանի մոտեցումը՝ դու կամ պետք է լինես իմ հաճախորդը, կամ չունենաս ռեսուրս։ Եթե ունես ռեսուրս և չես ուզում լինել իմ հաճախորդը, ուրեմն պիտի լինես կալանավորված։ Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցողը Նիկոլի այս տրամաբանության մեջ է։ Նիկոլ Փաշինյանի նման հիվանդ երևակայություն ունեցող մարդու համար վտանգ է ցանկացած մարդ, ով ունի հեղինակություն։ Ի սկզբանե փորձում է չեզոքացնել բոլոր այն վտանգները, որ կարող են սպառնալ իր իշխանությանը։
- Նիկոլ Փաշինյանը հենց իշխանությունից հեռանա, սիրելի՛ ժողովուրդ, դուք Հանրային եթերում ամիսներով նայելու եք բրազիլական սերիալներին իր հետաքրքրությամբ չզիջող Նիկոլի ու իր թիմի թալանի մասին սերիալ։
- Չկա մի կարմիր գիծ, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ հատել մի բաժակ ջուր խմելու պես։
- Որևէ իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու, անգամ, եթե Հայաստանի 3 միլիոն քաղաքացիներով, ՔՊ-ն ու Չալոն էլ հետներս դուրս գանք փողոց։ Ինքն ու էդ աթոռը սոսնձված են։ Նա ամեն ինչի կդիմի՝ էդ աթոռին մնալու համար: Հետևաբար, Փաշինյանին հեռացնելու սահմանադրական ճանապարհներից մնում է միայն իմպիչմենտը։ Անկեղծորեն չեմ հասկանում՝ ինչո՞ւ է «Հայաստան» խմբակցությունը մերժում իմպիչմենտի օրակարգը։ Ժողովուրդը զզվել է արդեն թե՛ Նիկոլից, թե՛ նրան չհեռացնող քաղաքական ուժերից։ Հույս ունեմ՝ «Հայաստան» խմբակցությունը կփոխի իր մոտեցումը։ Սամվել Կարապետյանի նման անաղարտ կենսագրություն ունեցող մարդուն, մեծ բարերարին բանտարկեց մի բաժակ ջուր խմելու նման, իրենց չի՞ անելու։ Այսինքն՝ որևէ մեկին թվում է՝ ինքը հասնելո՞ւ է 2026 թվականի ընտրություններին։ Ռոբերտ Քոչարյանը, ցավոք սրտի, չի կարողանալու հաղթել Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։