«Ոսկե ստանդարտ». «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի

«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի: Ֆրանսիայի, Մոնակոյի, Գերմանիայի, Դանիայի, Շվեյցարիայի, ինչպես նաև Իսպանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և աշխարհամասերի այլ առաջատար երկրների JCI հավատարմագրում ունեցող բժշկական կենտրոնների շարքում է այսուհետ «Էրեբունի» բժշկական կենտրոնը:

Joint Commission International-ը առողջապահության հավատարմագրման ոլորտի համաշխարհային առաջատարն է: Այս կառույցը նպաստում է առողջապահության որակի և անվտանգության բարելավմանը, աշխարհի ավելի քան 90 երկրում մատուցում բարձրարժեք, ծախսարդյունավետ ծառայություններ` որակի բարելավման յուրաքանչյուր փուլում: Այն միջազգային հավատարմագրման «Ոսկե ստանդարտ» է:

Աշխարհում առաջատար կլինիկաների հետ նույն հարթակի վրա կանգնելու համար բավարար չէ լավագույն մասնագետներ, նորագույն սարքավորումներ ունենալը, գործի կազմակերպման համար անհրաժեշտ է ներդնել և մշտապես կիրառել միջազգային որակի կառավարման հատուկ պրոտոկոլներ: Դեռևս մեկ ու կես տարի առաջ «էրեբունի» բժշկական կենտրոնը ստացավ Որակի կառավարման համակարգի ISO 9001 ստանդարտ, որը JCI հավատարմագրման առաջին լուրջ և պատասխանատու քայլն էր: Այս ընթացքում իրականացվեցին լայնածավալ աշխատանքներ, որակի ներդրման և կառավարման համար ներգրավելով բժշկական կենտրոնի բոլոր օղակները:

Հիվանդի անվտանգության ապահովում, իրավունքների պաշտպանություն, անձնական տվյալների պաշտպանություն, բժշկական անձնակազմի հետ անխոչընդոտ հաղորդակցում, բժշկական խորհրդատվությունների, հետազոտությունների, հոսպիտալացման, ինչպես նաև դուրսգրման հստակ չափանիշների և ընթացակարգերի` կլինիկական ուղեցույցների ներդրում, դեղերի կառավարման համակարգերի ստեղծում, ինֆեկցիաների կանխարգելման և վերահսկման մեխանիզմների մշակում, տարածքների և սարքավորումների կառավարում, ֆիզիկական միջավայրի` հակահրդեհային համակարգերի համալրում, ճառագայթային անվտանգության ծառայությունների արդիականացում, կենցաղային էլեկտրական սարքավորումների վերահսկում, արտակարգ իրավիճակների պլանավորում, ռիսկերի կառավարում, որակի բարելավում:

Չնայած շատ խիստ էին հավատարմագրման այս պահանջները` միտված որակի, անվտանգության, կառավարման, ինչպես նաև կլինիկայի միջազգային բարձր մակարդակի ապահովմանը, այնուամենայնիվ «Էրեբունի» բժշկական կենտրոնի անձնակազմը միահամուռ ջանքերով, տքնաջան աշխատանքի շնորհիվ կարողացավ պատվով անցնել հավատարմագրման այս ճանապարհը:

Ավելի քան 30 տարի պրոֆեսոր Հարություն Քուշկյանը, բարձրացնելով «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժօգնության որակն ու ծառայությունների մակարդակը, մշտապես սահմանում է իր նշաձողը: Սա իր առաջնորդությամբ ստեղծված երկար և պատասխանատու ճանապարհ է, որն առաջին հերթին պահանջում է հաստատակամություն, որպեսզի «Էրեբունին» մնա աշխարհի լավագույն բժշկական հաստատությունների քարտեզի վրա՝ այնտեղ պահպանելով իր կայուն տեղն ու դիրքը՝ որպես տարածաշրջանում որակյալ բուժօգնության մատուցման գլխավոր կառույց:

Տեսանյութեր

Լրահոս