«Մեզ մտահոգում է ոչ թե ճանապարհը, այլ՝ կարգավիճակը. Դեմ կլինենք, եթե ինչ-ինչ պատճառներով նվիրատվության նման լինի այդ ճանապարհը». Նռնաձորի վարչական ղեկավար

Վերջին օրերին Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները կրկին սկսել են ակտիվ խոսել ու իրենց պահանջներն առաջ քաշել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին է օգուտ ապահովելու։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ կարևորություն է տալիս Զանգեզուրին։ Ցանկանում է պահ առաջ գիծը պատրաստել, այն օգտագործել և՛ Ադրբեջանի համար, և՛ տարածաշրջանի համար։ Հավատում եմ, որ դա միասին լուծելու ենք»,- ասել է Էրդողանը։

Ալիևն էլ, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Բաքուն արձագանքում վերջին հաղորդումներին, որոնց համաձայն` Ամերիկան Հայաստանին առաջարկել է վարձակալել «Զանգեզուրի միջանցքը», ասել է, թե այդ հարցը Հայաստանի իշխանությունը պետք է որոշի։

Կարդացեք նաև

«Ինչ վերաբերում է մեզ՝ մեր տարածքում ո՛չ արտաքին օպերատոր է լինելու, ո՛չ էլ վարձակալություն։ Հայաստանը պետք է «անխոչընդոտ ու անվտանգ մուտք ապահովի Ադրբեջանից՝ Ադրբեջան։ Ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի դեմքը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված»,- այս պահանջը կրկնել է նաև Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպման ժամանակ։

Մեղրիի տարածաշրջանի Նռնաձոր գյուղում լսել են թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հայտարարությունները։

Նռնաձորի վարչական ղեկավար Արա Ազիզյանը չի կարող ասել, թե ճանապարհների ապաշրջափակումն ինչ ազդեցություն կունենա Սյունիքի, մասնավորապես՝ հեռավոր Նռնաձորի վրա, սակայն այս թեմայի հետ կապված մտահոգություններ շատ ունի։

«Ճանապարհը կամ երկաթգիծն այսօ՞ր կլինի, թե՞ վաղը, այդ ամենը, որպես այդպիսին, մեզ շատ մտահոգող չէ, ավելի շատ մտահոգում է, թե այդ ճանապարհն ինչ կարգավիճակում պետք է լինի։

Մենք ունենք այգիներ, պոմպակայան Արաքսի ափին, որն ընկնում է այդ երկաթգծից դեպի Արաքս, այգիներ ամբողջ ճանապարհի երկայնքով, կոոպերատիվ ունենք, որի հողերը հենց այդ ճանապարհի մոտ են, մեր խնդիրները կարող են կապված լինել սրա հետ։ Նաև ճանապարհի վերահսկողությունն ո՞ւմն է լինելու, ո՞վ է այն վերահսկելու, թե չէ՝ ճանապարհի խնդիրը չէ, Հայաստանում հազար տեսակի ճանապարհ կա, կարող է մեկն էլ այստեղով գնա»,- 168.am հետ զրույցում ասաց Նռնաձորի վարչական ղեկավարը։

Միաժամանակ նա նշեց, որ, իհարկե, ցանկալի է, որ այդ ճանապարհի վրա լինեն հայ սահմանապահները, ճանապարհը գործի միայն հայկական օրենքով։

«Այս պահին դեռ լավ կողմ չենք տեսնում, բայց վատ կողմ կարող է լինել։ Լավն այն կլիներ, որ մերոնք այդ ճանապարհին կանգնած լինեին։ Սա դժվար հարց է, թե ինչ վիճակ կստեղծվի մեզ համար՝ չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում, եթե մերոնք լինեին կանգնած այդ տարածքում՝ մեզ համար շատ ավելի հեշտ կլիներ։

Մենք պետք է պատկերացնենք, որ այդ ամենն իրականություն է, այնուհետև դրա մասին խոսենք, հիմա ամեն ինչ խոսակցությունների մակարդակի է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նռնաձորի վարչական ղեկավարն ասաց, որ ճանապարհի վերաբերյալ 2020 թվականից ի վեր բազմիցս խոսել են, հարցը քննարկել են, որի վերաբերյալ սյունեցին իր դիրքորոշումը հստակ հայտնել է։

«Մենք ասել ենք, այս դեպքում կոնկրետ ես ու մեր համագյուղացիները, որ դեմ չենք, դեմ կարող ենք լինել միայն մի դեպքում, եթե ինչ-ինչ պատճառներով նվիրատվության նման լինի այդ ճանապարհը։ Մյուս դեպքերում, եթե ճանապարհի բացումն օգուտ պետք է տա մեր գյուղին, մարզին, ժողովրդին՝ միանշանակ կողմ ենք։ Չգիտեմ, մի օր ամեն ինչ պետք է վերջանա…

Կրկնում եմ՝ մեզ համար լավագույն տարբերակն այն է, որ մեր սահմանը հսկեն մեր սահմանապահները։ Չնայած մեր սահմանն այստեղ հիմա հսկում են ռուս սահմանապահները։ Դա մեր վաղուցվա երազանքն է, որ մեր սահմանին կանգնեն մեր սահմանապահները»,- շեշտեց Արա Ազիզյանը։

Ինչ վերաբերում է հնարավոր ռիսկերին, մեր զրուցակիցն ասաց՝ պետք է իմանա՝ հստակ ինչ կա, որպեսզի ասի, թե այդտեղ ինչ ռիսկեր կարող են լինել։

«Մեր ոռոգման ջրի խողովակն անցնում է երկաթգծի տարածքով, դրանից զատ, այդ ճանապարհից մենք օգտվում՝ գնում ենք Մեղրի և վերադառնում, մեզ համար կարող են շատ խնդիրներ առաջանալ, եթե այն ճանապարհն ինչ-ինչ պատճառներով մեզ համար անանցանելի չլինի։

Բայց դե, մեզ որևէ մեկը չի ասել, որ այդ ճանապարհով չենք գնա ու գանք, անգամ չեն ասել, որ՝ դուք ռիսկեր ունեք։ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ այս հարցը մի փոքր բարձրացրել ենք, ասել է՝ «համբերե՛ք, տեսնենք՝ ինչ է լինելու, այնուհետև կխոսենք, չեղած բանից ի՞նչ խոսենք»։ Եթե հանկարծ երկաթգիծը լինի, ապա պարզ է, որ խողովակը պետք է ապամոնտաժվի, որ այլ տեղով ջուրը գա»,- ընդգծեց Արա Ազիզյանը։

Նշենք, որ Նռնաձորը գտնվում է հայ-իրանական սահմանի անմիջապես հարևանությամբ, գյուղը հայտնի է իր նռան այգիներով։ Արաքս գետից գյուղի հեռավորությունը մոտ 2 կմ է։

Տեսանյութեր

Լրահոս