
Սրանք մանիպուլյացիայի չեմպիոն են. Սամվել Կարապետյանն ասաց՝ ուզում եք՝ կալանավորեք, խլեք ունեցվածքս, չեմ հրաժարվելու իմ հավատքից. նա մի գրամ անգամ չի փոշմանել իր ասածի համար. Դավիթ Ղազինյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ, իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ես պատրաստ էի աշխատել, եթե մեր ու կառավարչի նպատակները համապատասխանեին, բայց իր ժամանումից հետո նրա առաջին իսկ բառը եղավ՝ «ձև չունի մնալու»։ Դրանից հետո ես եմ լրագրողների հետ ճեպազրույց ունեցել, բարձրացել եմ աշխատասենյակ, չեմ հանդիպել նրա հետ (Ռոմանոս Պետրոսյանի,- հեղ.) ու ցանկություն էլ չեմ ունեցել։ Օրվա վերջում ստացել եմ ազատման հրամանը, որի հիմքում դրված էր ԶԼՄ-ներին տված իմ հարցազրույցը և այն, որ ես իրեն մեղադրել եմ ստերի մեջ։ Այստեղ իրավաբանություն ուղղակի գոյություն չունի։
- ՀԷՑ-ի դեմ այս գործընթացն ի սկզբանե քաղաքական է, և ես բազմաթիվ ապացույցներ եմ բերել։ Մենք միշտ էլ ամենօրյա քննարկումներ ենք ունեցել ՀԾԿՀ-ի ու ՏԿԵ նախարարության հետ։ Բանավիճել ենք, քննարկել, ընդունել խնդիրները, որոնք կան։ Բայց անգամ մոտ կարծիք կամ խոսույթ, որ ամեն բան կարող է գնալ այս սցենարով, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, չի՛ եղել։ Դա եղավ Եկեղեցու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո։ Սա՝ մեկ։
Ես չգիտեմ՝ իշխող քաղաքական ուժին ով կամ ովքեր են իրավաբանական խորհուրդներ տալիս, բայց եթե երկրի ղեկավարն ԱԺ-ում հայտարարում է, որ հուլիսին ՀԷՑ-ից ազատվելու կամ դատվելու են մարդիկ, հարց է ծագում՝ ըստ օրենքի՝ ՀԾԿՀ-ն անկախ մարմին է, ԱԺ-ն անկախ մարմին է, որտեղի՞ց գիտեր, որ նախ՝ ՀԷՑ-ի մասին իրենց ներկայացրած օրենքն անցնելու է, որովհետև տեսականորեն կարող էր նաև չանցնել, և բացի դրանից, օրենքի անցնելուց հետո 5 գործողություն կա։ Որտեղի՞ց գիտեր, որ վարույթ է հարուցվելու, կառավարիչ է նշանակվելու, և նա էլ մարդկանց է ազատում…
Եվ, երրորդ՝ ՀԷՑ կառավարիչ է նշանակվում իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչ։ Էլ ի՞նչ լինի, որ ՀԷՑ-ի դեմ այս գործընթացը համարվի քաղաքական։
- Քաղաքի 40 տոկոսի հոսանքազրկումից հետո պետության ենթակայության ներքո գործող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ընկերությունն ինչ-որ չափով ընդունեց, որ խնդիրն իրենց հետ է կապված։ Մենք մեր կողմից բոլոր գործողություններն արել էինք։ Ինչքա՞ն պետք է անազնիվ լինել, որ ձեռքի տակ ունենալով բոլոր գրագրությունները՝ ՀԷՑ-ին դուրս բերել մեղավոր ու մի բան էլ դա ընդգրկեն կառավարության հաղորդման մեջ։ Այո, տարօրինակ հոսանքազրկումներով դժգոհություն էին գեներացնում հասարակության շրջանում ՀԷՑ-ի նկատմամբ:
Հիշեցնենք, վերջերս՝ հունիսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող լարված իրադարձություններին զուգահեռ՝ Երևանի 30-40 տոկոսը հոսանքազրկվել էր։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը ԶԼՄ-ների հետ զրույցում հայտնել էր, որ ՀԷՑ-ը չէ պատասխանատուն էլեկտրամատակարարման լայնամասշտաբ խափանման համար, ՀԷՑ-ի մեղավորությունը չէր. անջատվել էր «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ընկերության «Շահումյան 2» ենթակայանը, որից սնվում են նաև ՀԷՑ-ի ենթակայանները։ Իշխանական ԶԼՄ-ները և տարբեր ՔՊ-ականներ, սակայն, տեղի ունեցածը վերագրեցին ՀԷՑ-ին՝ հասարակության մեջ բողոք և զայրույթ, դժգոհություններ գեներացնելով ՀԷՑ-ի դեմ:
- Իշխանության համար որևէ անձի կամ ոլորտի վերաբերյալ դժգոհություն գեներացնելը շատ հեշտ է։ Մեր պարագայում դա արվել է ու արվել է շատ արագ։ Գրել են՝ իբր 1 միլիոն բողոք է եղել ՀԷՑ հասցեին, մինչդեռ գրավոր բողոքների թիվը 12 000 է, իսկ 1 միլիոնը 1-80 հեռախոսահամարին հասած զանգերի թիվն է։ Ընդ որում, դրա մեջ նաև սխալ զանգերը կան, երբ, օրինակ, քաղաքացիները «Վեոլիա Ջուր» էին ցանկացել զանգել, բայց սխալմամբ մեզ էին զանգել։ Լինում էին դեպքեր, որ մարդիկ ուղղակի զանգել են այդ համարին և հարցրել՝ իմ վարձն ինչքա՞ն է, ու նման շատ դեպքեր։ Բայց 1 միլիոն թիվը հնչեղ է, ներկայացնում են՝ իբրև թե ՀԷՑ-ի գործունեությունից 1 միլիոն բողոք է գրանցվել։ Ավելին, շատ հաճախ մեկ մարդը մի քանի անգամ է զանգել: Եվ սա այն դեպքում, երբ մենք 1-80-ի աշխատակիցների թիվը 9-ից դարձրել ենք 22։ Բոլոր բողոքներն իմ մոտով են անցնում․ այդ քանակի՝ 1 միլիոն բողոք ուղղակի չէր կարող լինել։ Ընդամենը մեծ թվեր են ներկայացնում՝ հնչեղություն տալու և տպավորություն ստեղծելու համար։
- Ես ՀԷՑ-ում համակարգել եմ իրացման բլոկը․թող հիմա կառավարչից ուզեն, տեսնեն՝ ինչ է եղել ՀԷՑ-ում մինչև 2015 թվականը, երբ Սամվել Կարապետյանն այն ձեռք բերեց, և դրանից հետո: Ընդ որում, 2015-ին Սամվել Կարապետյանին շատ են խնդրել, որ ՀԷՑ-ը գնի, նա չէր ցանկանում։ Եթե չգներ, 2-3 ամիս հետո սնանկ էր ճանաչվելու ընկերությունը, ու Աստված գիտի՝ դրանից հետո ինչ կլիներ։ Ինքը գիտեր, որ ՀԷՑ-ը գնելուց հետո այն վնասով է աշխատելու։ Հիմա «պատժել» մարդուն, որ չի մերժել խնդրողներին, չի ներկայացրել՝ ինչ ծանր պատասխանատվության տակ է մտնում, բարոյական ու ազնիվ չէ։
- Ես իշխանությանը չեմ նույնականացնում պետության հետ։ 10 տարի մենք որևէ պետական գերատեսչության չենք մերժել։ Բազմաթիվ դպրոցների, դատարանների, տարբեր հիմնարկների ենթակայաններ են վնասվել, ՀԷՑ-ի խնդիրը չի եղել, բայց մենք ենք վերականգնել։ Բա այսօր մեկը չխոսի՞, չասի՞՝ ՀԷՑ-ն ի՞նչ է արել․բոլորը հրահանգով լռում են։
Արդյո՞ք Դավիթ Ղազինյանի նկատմամբ էլ հետապնդումներ կսկսվեն: Փաշինյանի ներկայացրած ՔՊ-ական կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Մասնավորապես Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, որովհետև հենց այս վիճակին հասցնողներից մեկը հենց նույն պաշտոնյան է»։
- Հաշվի առնելով այն, որ այսօր հարգարժան մարդիկ կալանավորված են՝ Սամվել Կարապետյանն ու սրբազանները, ու տեսնում ենք՝ ինչ հիմքերով են կալանավորված, ոչինչ չի բացառվում, կարող են նաև ինձ կալանավորել։ Եթե ներկայիս կառավարիչն իմ մասին վատ է խոսում, դա ինձ համար գովազդ է։ Մեղադրել մարդուն մի բանում, որի վերաբերյալ 0 ապացույց ունես, չգիտեմ՝ ինչ անուն տալ։ Պատրաստ եմ, Աստծո ու իմ խղճի առաջ ես մաքուր եմ։ Ինչ ու ոնց ուզում են, թող անեն։
Ի դեպ, հիշեցնենք, ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը հոդվածում գրել էր.
«Վարչապետի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերն» «ազգայնացնելու» հայտարարված մտադրությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի իշխանությունների կողմից ընկերությունը զավթելու, այնուհետև թուրքերին փոխանցելու նպատակով սկսված ռեյդերական արշավի քողարկում։
Ըստ առկա տեղեկությունների՝ խոսքը Kazanci Holding-ի կազմի մեջ մտնող Aksa Energy ընկերության մասին է, որի սեփականատեր Ջեմալ Ղազանչին հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ցանցերը գնելու հարցում: Հիմնական բանակցողը Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ սերտորեն կապված օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է (Գռզո), ով աշխատում է նաև նույն թուրքերին Քաջարանի մոլիբդենային կոմբինատի («Գեոպրոմայնինգ» ընկերության ակտիվ) վերավաճառքի ուղղությամբ»:
Իշխանական թիմի ներկայացուցիչները չեն բացառել, որ ՀԷՑ-ը կվաճառեն այլ ընկերության:
- Ամեն ինչ հնարավոր է․ այն քաղաքականությունը, որը տարվում է իշխանությունների կողմից, ոչ միայն հնարավոր է, այլև հավանական է ՀԷՑ-ն օտարելը։ Այս իշխանությունները մանիպուլյացիայի չեմպիոն են։ Անգամ մարդ եմ հանդիպել, ով ինձ ասել է՝ ազգայնացումից հետո հոսանքն անվճար է լինելու… Պատկերացնո՞ւմ եք՝ մարդկանց ինչ մոլորության մեջ են գցում:
- Հիմա հարց եմ տալիս՝ Սամվել Կարապետյանն ունի Հայաստանի բյուջեի չափ փող։ Մարդն ասել է՝ 10 տարի չեմ թանկացրել հոսանքը, 10 տարի էլ երաշխավորում եմ, որ չի թանկանալու։ Ոչ ոք ՔՊ-ից չի երաշխավորում, որ 2 տարվա մեջ հոսանք չի թանկանալու։ Մեր ժողովուրդը չի՞ լսում սա։
Լրագրողի հարցին՝ հոսանքի սակագնի թանկացումներ սպասվո՞ւմ են, Փաշինյանի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանել է, թե չի կարող պատասխանել. «Չեմ կարող երաշխավորել՝ էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա»,- ասել է նա՝ արձագանքելով լրագրողների դիտարկմանը, որ Սամվել Կարապետյանն ասել էր, որ երաշխիք են տալիս՝ 10 տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի թանկանալու: «Ինչպե՞ս կարող է հարգարժան սեփականատերը 10 տարվա կանխատեսում անել, երբ չգիտենք՝ վաղը ինչ է տեղի ունենալու աշխարհում, տարածաշրջանում էներգետիկ համակարգում կամ էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման գործում: Կարող եմ երաշխավորել, որ սակագինը բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական, իրավական այն ցուցանիշներից, որոնք տեսնելու ենք ՀԷՑ-ի գործունեության մեջ»։
- Հուլիսի 1-ին պետք է լրանար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից մեզ տրված լիցենզիան։ Ապրիլի 25-ին դիմել ենք լիցենզիան երկարացնելու համար, մայիսի վերջին այն երկարացրել են։ Եթե դեռ մի տարի առաջ գիտեին, որ նախատեսում են, ինչպես իրենք են ասում, «ազգայնացնել» ՀԷՑ-ը, մեր լիցենզիան ինչի՞ երկարացրեցին։ Սա ևս մեկ ապացույց, որ իշխանությունների կողմից ՀԷՑ-ի դեմ սկսված այս գործընթացն ամբողջովին քաղաքական է։
- Լավ, ենթադրենք՝ «ամենամեղավորը» Ղազինյան Դավիթն էր։ Արդեն ազատվել եմ աշխատանքից։ Հիմա ի՞նչ են անելու։ Այս պահից ֆիքսենք, դիմում եմ նաև իրավապահ մարմիններին․ որևէ խնդիր, որի մասին կահազանգի կառավարիչը, թող քրեական վարույթով ուսումնասիրեն։ Ինձ էր ուզում իրեն ենթակա համարել, բայց չգիտի, որ ինքը ՀԾԿՀ նախագահի աշխատողն է։ Պաշտոնապես ասում եմ՝ այդ մարդն ունի 7 տարվա կառավարման կասկածելի փորձ, ինչո՞ւ կասկածելի, որովհետև Պետական վերահսկողական ծառայությունում (ՊՎԾ), որտեղից նա եկել է, շատ ավելի վատ վիճակ է, քան ՀԷՑ-ում։
- Ես ինքս շատ կցանկանամ մի օր տեսնել իրական պետության համը․դա վատ բան չէ։
Սամվել Կարապետյանը տեսել է այս իշխանության պատկերացրած պետության համը, բայց մազաչափ անգամ չի փոխել իր մոտեցումները: Թող իր հետ այս ընթացքում աշխատած քննիչները, դատախազը, փաստաբաններն ասեն՝ այսքան բանը կատարվեց նրա հետ, այդ մարդը 0.1 գրամ փոշմանե՞լ է իր ասածի համար, փոխե՞լ է դիրքորոշումը: Իհարկե ոչ:
- Իմ քաղաքական դիրքորոշումը չլիներ, ես ՀԷՑ-ում մնալու խնդիր չէի ունենա, մի բան էլ պիտի խնդրեին, որ մնայի։ Եվ ընդ որում, այդ դիրքորոշումն ունեմ՝ սկսած 2018 թվականից։
Հունիսի 18-ի երեկոյան «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ առանձնատնից դուրս գալով, պատասխանելով 168.am-ի լրագրողի հարցին, ասաց.
«Ասելիքս նույնն է, ես մեր եկեղեցու, ժողովրդի կողքին եմ։ Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց. թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ։ Ամեն ինչ լավ է լինելու։ Մեկ է՝ ժողովուրդն իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»: Սամվել Կարապետյանին ժողովուրդը դիմավորել էր ծափողջույններով։
- Իշխանությունները մանիպուլացնում են Սամվել Կարապետյանի խոսքերը: Սամվել Կարապետյանի դեպքում, եթե այդ խոսքերի մեջ «ՀԷՑ» բառերը փոխարինենք «ունեցվածք» բառով, նա էլի նույնը կասեր՝ թքած ունեմ ունեցվածքի վրա, եթե իմ պետությունն ու Եկեղեցին այս վիճակում պետք է լինեն։ Մարդն ասում է՝ տարեք, խլեք ունեցվածքս, բայց ես չեմ հրաժարվում 1700-ամյա իմ հավատքից։ Էստեղ ի՞նչն է խնդիրը։
- 90-ականներին կար «պատասխան տալու» ինստիտուտը․ այսօր ո՛չ պատասխան ուզողը կա, ո՛չ էլ պատասխան տվողը։ Ինչ ուզում՝ ասում են: Երբ տղամարդն ինչ-որ բան խոսում է, ոչ թե պետք է մտածի, որ իրենից ինչ-որ մեկը պատասխան կուզի, այլ ինքն ունի՞ իր մեջ դրա պատասխանը։
- Հոսանքը չթանկացնելու միակ տարբերակը լավ կառավարումն է։ Կարող են նաև ինչ-որ կասկածելի աղբյուրներից գումարներ բերել, սուբսիդավորել ու ասել՝ տեսե՛ք, նախկինները խաբում են։ Բայց սա արդեն քրեաիրավական տիրույթից է։
- Պետականացման մասին օրենք ունեցող երկրներում ներդրումների խնդիր է լինում։ Ենթադրենք՝ պետականացրեցին ՀԷՑ-ը։ Ինչպե՞ս է պետությունը տալու սեփականատիրոջ փողը։ Ոչ մի պարզ խոսակցություն չկա ո՛չ սեփականատիրոջ, ո՛չ ժողովրդի հետ։ Արդեն մի ամիս է, գործընթացը գնում է, ՀԾԿՀ կողմից ոչ մի հայտարարություն չկա։ Կառավարիչը հաշվետու է միայն և միայն Հանձնաժողովին ու նրա նախագահին։ Կառավարիչն իրավունք չունի անել այնպիսի հայտարարություններ, ինչպիսին նա արեց երեկ։ Լավ, ամոթ չէ՞, ինչո՞ւ չեն սաստում։
- Ենթադրենք՝ կառավարիչն անում է սխալներ, որի արդյունքում սեփականատերը վնասներ է կրում։ Դիմում է արբիտրաժ, ասում է՝ ես վնասներ եմ կրել, ո՞նց են փոխհատուցելու։
Մենք բոլոր բողոքները ձևակերպելու ենք, բայց պահանջի ֆինանսական մասը միայն Սամվել Կարապետյանն է որոշելու, միանձնյա։ Նյութականը եկե՛ք 2–րդ պլան մղենք, իսկ Հայաստանի իմի՞ջը, դա որևէ մեկին չի՞ հետաքրքրում։ Հայաստանի հետ ամենաամուր կապերն ունեցող ամենահարուստ հայի նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը ո՞րն է։
- Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը միշտ հեռու է պահել քաղաքականությունից։ Սամվել Կարապետյանը ռուսամետ չէ, արևմտամետ չէ, այլամետ չէ․նա հայամետ է։
- Ասում են՝ ՀԷՑ-ը երբ ուզում, որտեղ ուզում՝ անջատում է հոսանքը: Ենթադրենք՝ ճիշտ են ասում, հարց է ծագում՝ բա պետությունն ո՞ւր է, որ ՀԷՑ-ը երբ ուզի, որտեղ ուզի՝ հոսանք անջատի։ Կառավարության նիստի ժամանակ որ հոսանքն անջատվեց, ինչո՞ւ չհայտարարեցիք՝ ինչ էր եղել, հոսանքն ինչո՞ւ էր անջատվել։
- Իրենք օգտվում են այն առիթից, որ Սամվել Կարապետյանն իր արած բազմաթիվ ներդրումներն ու բարեգործությունները չի թմբկահարել, դրանց մասին չի բարձրաձայնել։ Նա համոզված է, որ բարեգործությունը չպետք է բարձրաձայնվի։ Մարդը չի խոսել դրանց մասին։
- Իմ ինֆորմացիայով՝ արդեն համարյա պատրաստ է եղել Կրկեսի շենքը։ Սամվել Կարապետյանը եկել է տեսնելու, նստել է աթոռին, հասկացել՝ աթոռները հարմար չեն։ Հանել է տվել ամբողջը, հանձնարարել նորը տեղադրել։
- Բոլոր քայլերով պայքարելու ենք ՀԷՑ-ի սեփականատիրոջ իրավունքների համար։ Փորձելու ենք մինիմալ վնասով ավարտել այս ամեն ինչը, որ իրենց ասած պետականացումը համակարգի համար անդառնալի հետևանքներ չբերի։ Խնդիրը փողը չէ, արագ պիտի անենք, որ համակարգը կենսունակությունը չկորցնի, ու կրկին չսկսենք 2015թ․–ից։
- Մեր սիրելի հայրենակիցները պետք է իմանան՝ այն գումարը, որ իրենք վճարում են հոսանքի համար, ՀԷՑ-ինը չէ։ Կա էլեկտրաէներգիա արտադրող, տեղափոխող ու բաշխող։ ՀԷՑ-ը բաշխողն է: Սակագինը 3 տեղ է բաժանվում։ Մերը բաշխիչն է, որը հաստատված գումար է։ Պետությունը պետք է սա ասի քաղաքացիներին։ Իշխանությունը պետք է ազնիվ լինի և ասի, որ արտադրողը դիմել է 3 դրամ թանկացնելու համար, բայց այդ 3 դրամը ՀԷՑ-ինը չէ, այլ արտադրողինն է։
- Համոզված եմ՝ Սամվել Կարապետյանը Հայաստանից մի դրամ փող դուրս չի տարել․ ինչքան այստեղ աշխատում է, մի քանի անգամ ավելի ներդնում է։ Չի կարելի Սամվել Կարապետյանի պես մարդու հետ նման կերպ վարվել։
Մանրամասները՝ տեսանյութում։