Հայ տղամարդու մոտ Ալիևն ինչի՞ է էդպես խոսում, ուրեմն մի բան էն չի, չէ՞. ՀԱՐՑՈՒՄ
ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով. Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանն այս մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
«Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որն Ադրբեջանի արևմտյան շրջանները կապում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։
Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով»,- հայտարարեց վարչապետը։
Նա նշեց, որ այս պատրաստակամությունը Հայաստանը հայտնել է պաշտոնապես։
Հաջորդը վերաբերում է ավտոճանապարհներին, որոնք կարող են ունենալ հյուսիսային ուղի, միջին ուղի և հարավային ուղի։ Այն նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար։
Հայաստանը Խաղաղության խաչմերուկի միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ առանցքով և արևելք-արևմուտք առանցքով»,- մանրամասնել էր նա:
168.am–ը փոքրիկ հարցախույզով փորձել է Փաշինյանի այս առաջարկի վերաբերյալ լսել ՀՀ քաղաքացիների տեսակետը:
Հարցման մասնակիցները հիմնականում մտահոգություններ ու անվստահություն էին հայտնում՝ որպես այլընտրանք առաջարկելով զինվելը:
«Ինչպե՞ս կարելի է ճանապարհ տրամադրել էն պետությանը, որը մեզ հետ նման կերպ է վարվում»,- նշեց մեր համաքաղաքացիներից մեկը:
Մեկ ուրիշն էլ հավելեց. «Թուրքերից ես լավ բան չեմ սպասում»:
Մի քանի քաղաքացիներ խոսեցին Հայաստանի ինքնիշխանության ու սահմանների անվտանգության մասին՝ ասելով. «Ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք զենք ունենալ, ուժեղ լինել: Նիկոլ Փաշինյանը չլինի՝ մեկ ուրիշը լինի: Ալիևը շատ է հղփացել. հայ տղամարդու մոտ Ալիևն ինչի՞ է էդպես խոսում, ուրեմն մի բան էն չի, չէ՞»:
Ի դեպ, միայն մեկ քաղաքացի էր փորձում մեզ բացատրել, որ էս ամեն ինչը «Նիկոլի ձեռքը չի»:
Մանրամասները՝ տեսանյութում