Պատմության դասագրքում չկա Մասիս սարի գեթ մեկ պատկեր, Էրեբունին Երևանի հետ կապ չունի, հեղինակն ու պատվիրատուն խուսափում են քննարկումներից, իսկ ԿԳՄՍ նախարարը թքում է հայոց գիտության վրա
Արդեն ուղիղ երկու ամիս չեն դադարում մասնագիտական, ինչպես նաև հասարակական քննարկումները 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ: Եթե սկզբնական շրջանում լուռ էին, ապա հիմա դասագրքի վերաբերյալ խոսում են բոլոր շահագրգիռ կողմերը՝ մասնագետները, ծնողները, արդեն նաև դասախոսները, ուսուցիչները: Խոսում է նաև դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը, միայն թե Հանրային հեռուստաընկերության՝ Հ1-ի տաղավարից, առանց օպոնենտների, ու հայտարարում՝ դասագրքի դեմ արշավն ունի քաղաքական ենթատեքստ, և սա այն դեպքում, երբ պատմաբանները, նեղ մասնագետները կոնկրետ փաստերով, դրվագներով, անգամ էջ առ էջ էին մատնանշում բոլոր բովանդակային սխալները, որոնք նաև թուրքական ազգայնական պատմագիտությանն են տուրք տալիս:
Աղմկահարույց քննարկումը
Նման մի քննարկում էլ օրերս է տեղի ունեցել «ԲՆՕՐՐԱՆ պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ:
Քննարկմանը հրավիրված են եղել ականավոր պատմաբաններ, նեղ մասնագետներ, հնագետներ, արևելագետներ: Հրավիրված էին նաև դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն ու դասագրքի պատվիրատուն՝ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը: Վերջիններս, սակայն, գերադասել են չմասնակցել քննարկմանը: Այլ մասնագետներ էլ կան, ովքեր հրավիրված են եղել, բայց այս կամ այն պատճառներով չեն մասնակցել հանդիպմանը, սակայն դասագրքի հեղինակի ու պատվիրատուի համար ընդլայնված կազմով քննարկմանը մասնակցությունը պետք է որ լավ առիթ լիներ՝ սեփական ճշմարտացիությունն ապացուցելու համար, եթե այդպիսին, իհարկե, կա:
Ինչևէ, հանդիպում-քննարկումը տեղի է ունեցել, ինչի արդյունքներով՝ հայտարարության տեքստ է հրապարակվել, որի տակ ստորագրել է գիտնականների պատկառելի կազմ: Ընդհանուր առմամբ շուրջ 20 գիտնական Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությանը հորդորել է կասեցնել աղմկահարույց դասագրքի կիրառումը հանրակրթական դպրոցներում:
Ուշագրավ է, որ մասնագիտական եզրակացության տեքստի տակ ստորագրել են նաև գիտնականներ, ովքեր ներկա չեն գտնվել քննարկմանը, սակայն ծանոթանալով դասագրքի վերաբերյալ տրամադրված կարծիքներին՝ հարկ են համարել իրենց ստորագրությամբ միանալ դասագիրքը շրջանառությունից հանելու պահանջին:
Քննարկման կազմակերպիչների խոսքով՝ հանդիպման բոլոր աշխատանքային նյութերը հավաքագրված են ու կանոնակարգված, ապահովվում է նյութերի հանրային հասանելիությունը, սակայն անկախ դրանից՝ դրանք սիրով և արագ կտրամադրվեն ցպահանջ:
Հարկ է նշել, որ հրավիրված մասնագետների կողմից արտահայտված համակողմանիորեն փաստարկված կարծիքներին հակառակող այլ մասնագետների հակափաստարկող կարծիքներ չեն գտնվել: Գիտնականները կոչ են արել իրենց ուղղել հակափաստարկումներ, եթե այդպիսիք գոյություն ունեն, նաև իրենց տարակուսանքն են հայտնում այն առնչությամբ, որ դասագիրքը միայն մեկ հեղինակ ունի, և իրենց առաջարկությունների մեջ էլ ներառել են, որ պետք է բացառվի դասագրքի կազմումն անհատ հեղինակի կողմից: Դասագիրքը, հատկապես պատմության առարկայի դասագիրքը, չի կարող գրվել մեկ անձի կողմից, այն պետք է պատրաստի պատմական տարբեր ժամանակաշրջանների մասնագետների խումբը։
Քննարկման մասնակիցները եկել են այն եզրակացության, որ 2023 թ․ պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքն ունի հայեցակարգային, մեթոդաբանական, գիտականության, կրթադաստիրակչական, մանկավարժական, պատկերագրական նյութի, տեխնիկական և փորձագիտական համալիր խնդիրներ։ Այն չի անցել համապատասխան փորձագիտական ու մասնագիտական գրախոսության փուլերով, որի արդյունքում կբացառվեին սպրդած սխալների ու անճշտությունների զգալի մասը։
Մասնագիտական եզրակացությունը, ի դեպ, հիմնված է 32 էջ գիտական գրախոսությունների վրա, որոնց հեղինակներն այնպիսի աղաղակող սխալներ են վեր հանել, որ սարսափելի է պատկերացնելն անգամ, որ ԿԳՄՍ պատասխանատուները կարող էին այդպես թեթևամտորեն կամ միգուցե լավ մտածված կերպով խաղալ մի ամբողջ սերնդի գիտակցության հետ:
Հիմա՝ հատ առ հատ և փաստերով՝
Հնագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Բոբոխյան
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյան
Ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյան
Պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի Եվրոպական համալսարանի և Ռազմականության կրթահամալիրի դասախոս Արման Մալոյան
Պատմական գիտությունների դոկտոր, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվ. պետական համալսարան» հիմնադրամի պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ Հովհաննես Խորիկյան
Վերջինս նշել է նաև, որ 7-րդ դասարանի նոր դասագրքում «զարմանալիորեն», «սկզբնաղբյուրների սակավության» պատճառով բաց են թողել հայոց թագավորության հյուսիսային, հյուսիսարևելյան սահմանները:
Հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԿԳՄՍ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանութան ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան
Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռուսլան Ցականյանն էլ նշել է, որ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, որը Հայոց պատմության ուսումնասիրության թիվ մեկ կառույցն է, տեղյակ չեն եղել դասագրքի մասին, չի հաղթահարվել դասագրքի գիտական համապատասխանության շեմը: Այդ մասին խոսել է ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մեքոնյանը:
Ըստ Ռուսլան Ցականյանի՝ դասագրքում չկա Մասիս սարի գեթ մեկ պատկեր, ինչը, ըստ նրա, ակնհայտորեն պետպատվերի արդյունք է:
«Մեր աշակերտներին զրկում են ՊԱՏՄԱԿԱՆ Մայր Հայաստանի երազանքից: Չկա Մասիս, չկա երազանք…»,- գրել է նա:
Սա դիտարկումների միայն մեկ տոկոսն է, և դասագրքում 3000 կամ 1 միլիոն տարվա շեղում տված, բազմաթիվ պատմական փաստեր աղավաղած, պատմական ակնհայտ փաստեր անտեսած Սմբատ Հովհաննիսյանը դասագրքի դեմ քննադատությունն անվանում է քաղաքական արշավ:
Ինչո՞ւ չեն եկել Սմբատ Հովհաննիսյանն ու Վահրամ Սողոմոնյանը
168.am-ը կապ հաստատեց «Բնօրրան» ՀԿ-ի հետ. ցանկանում էինք տեղեկանալ՝ ինչո՞ւ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն ու դասագրքի պատվիրատուն՝ Վահրամ Սողոմոնյանը, չեն ներկայացել հանդիպում-քննարկմանը:
«Անձամբ ես Սմբատ Հովհաննիսյանի հետ չեմ խոսել, բայց մեր աշխատակիցներին նա ասել է, որ իրեն հարմար չէ»,- մեզ հետ զրույցում ասաց «Բնօրրան» ՀԿ-ի խորհրդի անդամ Աշոտ Ասլանյանը:
Վերջինս, սակայն, նշեց՝ իր սուբյեկտիվ կարծիքով՝ Սմբատ Հովհաննիսյանը կաշկանդված է եղել ներկայանալ այդ քննարկմանը:
«Մարդը որոշակի աշխատանք է կատարել, որում կարևորել է սկզբունքը, սակայն բովանդակությունը պակաս կարևոր չէ: Դասագիրքը լավ ձևի է շարադրված: Երևի Սմբատ Հովհաննիսյանը մտածել է՝ դա է կարևորը»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ Սմբատ Հովհաննիսյանը դասագրքի քննադատությունները համարում է քաղաքական արշավ, Աշոտ Ասլանյանը չհամաձայնեց:
««Բնօրրանը» քաղաքականացված կազմակերպություն չէ, քննարկման մասնակիցները բացառապես մասնագիտական դիրքորոշում են հայտնել: Մատաղ սերնդի ճակատագիրն է հուզում բոլորիս»,- ասաց ՀԿ-ի խորհրդի անդամը:
Ինչ վերաբերում է «Մասնակցային դպրոցի» տնօրենին, Աշոտ Ասլանյանն ասաց՝ Վահրամ Սողոմոնյանի հետ անձամբ է խոսել:
«Նա ասաց՝ ժամը հարմար չէ: Մենք չէինք կարող հանդիպման բոլոր մասնակիցների հետ ժամ քննարկել: Թե երբ տեղի կունենա հանդիպումը, ժամը մենք էինք որոշել: Ես առաջարկեցի այդ դեպքում իրենց կազմակերպությունից որևէ մեկին իր փոխարեն ուղարկել: Բայց մարդ չեկավ: Հավանաբար կա՛մ չեն ցանկացել գալ, կա՛մ նման վստահելի մարդ չունեն»,- ասաց Աշոտ Ասլանյանը:
Եվ վերջում:
Քննարկման արդյունքներով հրապարակված եզրակացության ներքո ստորագրել են, ինչպես արդեն վերևում նշվեց, մոտ 20 գիտնականներ, որոնցից շատերը, մեր տեղեկություններով, անգամ անձնական խնդիրներ ունեն միմյանց հետ: Բայց այս մարդիկ վեր են կանգնել միջանձնային հարաբերություններից, անձնական ամբիցիաներից՝ հանուն երեխաների, հանուն ազգային կրթության ու ազգային նվիրական նպատակների, հանուն պատմության չխեղման:
Իսկ այդ մարդկանց թվում են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Բոբոխյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռուսլան Ցականյանը, ԵՊՀ Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Գևորգյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր, ՇՊՀ պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Խորիկյանը, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Գոռ Մարգարյանը:
Եվս մեկ դիտարկում. ԿԳՄՍ նախարարն Ազգային ժողովում (ԱԺ) խրոխտ կերպով հոխորտում էր՝ համակերպվեք դասագրքի գոյության հետ: Հիմա այդ դասագրքի դեմ իրենց մասնագիտական դիտարկումներով ու կոնկրետ փաստերով հանդես են գալիս պատմության, արևելագիտության ու հնագիտության ոլորտի կարկառուն ներկայացուցիչները: Այս մարդիկ չեն կարող ու չեն համակերպվում իրենց կենսագրության կորստյան հետ, չեն համակերպվում հայոց պատմության աղավաղման ու մատաղ սերնդի գիտակցության խեղման հետ: Նրանք խոսում են, ու չլսել այս մարդկանց մասնագիտական փաստարկված կարծիքը՝ նշանակում է թքել հայոց գիտության վրա: