Հայոց պատմության քանի՞ ուսուցիչ ընդվզեց դասագրքում տեղ գտած սրբապղծության դեմ… ԲԱՐՁՐԱՁԱՅՆ…
Երեկ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում լայնորեն քննարկվում էր վերջապես դպրոցներ մտած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը: Հանրային գործիչներ ու պարզապես սովորական քաղաքացիներ Ֆեյսբուքում իրենց վրդովմունքն էին արտահայտում առ այն, որ այդ դասագրքում հրապարակված քարտեզներից մեկում Արցախն ընդգրկված է Ադրբեջանի կազմում:
Խոսքը դասագրքի 80-րդ էջում տեղադրված քարտեզի մասին է, որը վերաբերում է Ք.Ա. 80 թ. Տիգրան Մեծի կայսրության ժամանակաշրջանին:
Ուշագրավն այն է, որ այդ քարտեզին կից գրառման մեջ թեև նշված է, որ քարտեզը Տիգրան Մեծի կայսրության ժամանակաշրջանինն է, բայց փակագծերում նաև գրառում կա այն մասին, որ քարտեզի նշագրումները ժամանակակից սահմանների մասին են:
Ի դեպ, դասագրում կան նաև այլ քարտեզներ, սակայն նրանց կից գրառման մեջ «ժամանակակից սահմաններով» նշագրումը բացակայում է:
Այսինքն՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակների, այն երաշխավորող հանձնախմբի ու ԿԳՄՍ նախարարության տրամաբանության մեջ Արցախն Ադրբեջանի տարածքում է: Փաստացի որևէ փաստաթղթով չամրագրված Նիկոլ Փաշինյանի երազանքը իրողություն դառնալուց դեռ շատ առաջ դասագրքում Արցախն արդեն իսկ Ադրբեջան է, և հիմա մեր հայոց պատմության ուսուցիչները, փաստորեն, իրենց աշակերտներին դա են սովորեցնելու:
Երեկ 168.am-ը հրապարակում էր ներկայացրել այն մասին, որ վերջին պահին խոտանվել է 5-րդ դասարանի «Ես և իմ հայրենիքը» դասագիրքը: Այն, ըստ ԿԳՄՍՆ պաշտոնական պարզաբանման, դպրոց չի մտել կրկնակի փորձաքննություն չանցնելու պատճառով: 8 հոգանոց մասնագիտական խումբը մեզ համար անհայտ պատճառներով դասագիրքն անպիտան էր համարել, ու այն ԿԳՄՍՆ-ի կողմից չէր երաշխավորվել:
Հիմա փաստացի նմանատիպ 8 հոգանոց խումբ համարել է, որ դասագրքում ամեն ինչ նորմալ է, և այն պետք է երաշխավորվի, ինչը և արվել է:
Դասագրքի հեղինակը Սմբատ Հովհաննիսյանն է, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցի ունկնդիր:
Օգոստոսի 4-ին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառումից տեղեկանում ենք, որ դասագիրք գրելու առաջարկ նա ստացել է նախագծի ղեկավար Վահրամ Սողոմոնյանից: Վերջինս սորոսամերձ շրջանակներում հայտնի կրթության փորձագետ է: 2018թ. իշխանափոխությունից հետո պարբերաբար նրա անունը հայտնվում էր այս կամ այն դպրոցի տնօրենի ընտրության գործընթացի հետ կապված:
Ի դեպ, 168.am-ին հասած տեղեկություններով՝ Վահրամ Սողոմոնյանը «Մխիթար Սեբաստացի» կրթօջախի պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանի հետ միասին դպրոցների տնօրենների ընտրության ժամանակ հաստատում կամ չի հաստատում հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերը: Այլ կերպ ասած՝ դպրոցի տնօրենի ընտրության մենաշնորհը Վահրամ Սողոմոնյան-Վահրամ Թոքմաջյան տանդեմինն է՝ Վահրամ Սողոմոնյանի հեգեմոն դերակատարմամբ: Առանձին հրապարակման թեմա է զարգացման ծրագրերի հաստատման սողոմոնյանական մոտեցումը:
Ի դեպ, Վահրամ Թոքմաջյանն ու Վահրամ Սողոմոնյանը, ովքեր աչքի են ընկնում իրենց հակաեկեղեցական դիրքորոշմամբ, դեռևս 2019թ. ապրիլին հիմնադրել են «Կրթություն և համերաշխություն» կրթության աշխատողների անկախ արհմիությունը:
Վահրամ Սողոմոնյանը, ըստ ԶԼՄ հրապարակումների, նաև Երևան քաղաքի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանի մտերիմն է:
Վահրամ Սողոմոնյանի կազմակերպությանն է տրված նաև նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման https://escs.am/am/news/12999 իրավունքի (հավաստագրի), ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպումն ու անցկացումը, որի ցանկացած դիմորդ Վահրամ Սողոմոնյանի ղեկավարած «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հաշվեհամարին պետք է փոխանցի համապատասխանաբար 65 000 և 70 000 դրամ:
«Հայոց պատմություն-7» դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի գրառումից տեղեկանում ենք նաև, որ դասագրքի խմբագիրն իր կինն է՝ Մարիամ Կարապետյանը:
«Դասագիրք գրելու մտադրություն ունեցել եմ տարիներ առաջ, երբ դեռ դասավանդում էի դպրոցում, ուսումնասիրում էի տարբեր պետությունների (ֆրանսիական, գերմանական, բրիտանական, ամերիկյան, ռուսական և այլն) դասագրքերի առանձնահատկությունները․․․ Զգում էի մանկավարժության նորագույն պահանջները բավարարող, մանավանդ կարողունակությունների և պատմական մտածողության ձևավորմանը միտված դասագրքի անհրաժեշտությունը։ Այդ գաղափարը կյանքի կոչելու հնարավորություն ունեցա միայն անցյալ տարի, երբ Վահրամ Սողոմոնյանն (Vahram Soghomonyan) առաջարկեց «Մասնակցային դպրոց» ԿՀ միջգիտակարգային նախագծի շրջանակում գրել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը, ինչի համար շնորհակալ եմ։ Շնորհակալություն Վահրամին հատկապես նրա համար, որ օրինբուն պատրաստակամորեն և հետևողականորեն կոորդինացնում էր դասագրքաստեղծ խմբի աշխատանքները»,- գրել է դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը:
Փաստորեն, ըստ դասագրքի հեղինակի՝ «մանկավարժության նորագույն պահանջները բավարարող, մանավանդ կարողունակությունների և պատմական մտածողության ձևավորմանը միտված դասագրքի անհրաժեշտության» տրամաբանության հրամայականն Արցախն Ադրբեջանի կազմում ներառելն ու այդ մասին աշակերտներին սովորեցնելն է:
Սմբատ Հովհաննիսյանը, ի դեպ, մի խղճուկ, մանիպուլյատիվ պարզաբանում էր տարածել նշված քարտեզի վերաբերյալ, որը որևէ կերպ չէր արդարացնում ուղեղների լվացման այդ ապազգային քայլը:
Ուշագրավ է, որ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքն այն դասագրքերից էր, որն ուշացումով մտավ դպրոցներ: Այն սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ու Արցախը հայաթափած պատերազմից առաջ է հասել դպրոցներ: Ուրեմն ի՞նչն էր դասագիրքն ուշացնելու պատճառը, և ինչո՞ւ դասագիրքը դպրոց հասավ արդեն իսկ՝ Արցախն Ադրբեջանի կազմում:
Այս պատմության մեջ զարմանալի ոչինչ չկար. ո՛չ այս դասագրքի գոյությունը, ո՛չ դրա՝ ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված լինելը, ո՛չ պատվիրատուները, ո՛չ էլ նրանց իրական նպատակները որևէ մեկի համար անսպասելի չեն ու զարմանք չեն հարուցում: Արտառոցը հայոց պատմության ուսուցիչների լռությունն է, լավագույն դեպքում՝ պատերի տակ քչփչալը, որ հանկարծ ոչ ոք չլսի ու չզրկվեն այդ 70-100 000 դրամ աշխատավարձից:
Հայոց պատմության քանի՞ ուսուցիչ հրապարակային ընդվզեց, քանի՞սը ԿԳՄՍ նախարարության մոտ բողոքի ակցիա իրականացրեց, քանի՞սն ասաց՝ ինքն այդ քարտեզով չի առաջնորդվելու, քանի՞սն իր աշակերտներին հրապարակավ կոչ արեց արհամարհել այդ քարտեզը, քանի՞սն ասաց՝ Արցախը երբեք չի կարող դիտարկվել Ադրբեջանի կազմում, քանի՞սը դասադուլի կոչ արեց, քանի՞սը հրաժարվեց աշխատել այդ դասագրքով… ԲԱՐՁՐԱՁԱՅՆ… Հարցը հռետորական չէ…
Այսօր Ուսուցիչների տոնն է… Այսօր էլ, ինչպես Արցախի ամբողջական հանձնումից հետո, հայ ուսուցիչը լուռ է: Հանձնվում է Հայրենիքը, իսկ ուսուցիչը դրա լուռ արձանագրողն է:
Թեմային անդրադարձել էինք նաև օրեր առաջ: Ապրում ենք հայրենազրկման օրերին քաղաքականությամբ չզբաղվող, բայց Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար լավ էլ քաղաքականացված ուսուցիչների ժամանակաշրջանում: