Արդեն ուղիղ երկու ամիս չեն դադարում մասնագիտական, ինչպես նաև հասարակական քննարկումները 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ: Եթե սկզբնական շրջանում լուռ էին, ապա հիմա դասագրքի վերաբերյալ խոսում են բոլոր շահագրգիռ կողմերը՝ մասնագետները, ծնողները, արդեն նաև դասախոսները, ուսուցիչները: Խոսում է նաև դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը, միայն թե Հանրային հեռուստաընկերության՝ Հ1-ի տաղավարից, առանց օպոնենտների, ու հայտարարում՝ դասագրքի դեմ արշավն ունի քաղաքական ենթատեքստ, և սա այն դեպքում, երբ պատմաբանները, նեղ մասնագետները կոնկրետ փաստերով, դրվագներով, անգամ էջ առ էջ էին մատնանշում բոլոր բովանդակային սխալները, որոնք նաև թուրքական ազգայնական պատմագիտությանն են տուրք տալիս: