Արդեն ուղիղ երկու ամիս չեն դադարում մասնագիտական, ինչպես նաև հասարակական քննարկումները 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ: Եթե սկզբնական շրջանում լուռ էին, ապա հիմա դասագրքի վերաբերյալ խոսում են բոլոր շահագրգիռ կողմերը՝ մասնագետները, ծնողները, արդեն նաև դասախոսները, ուսուցիչները: Խոսում է նաև դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը, միայն թե Հանրային հեռուստաընկերության՝ Հ1-ի տաղավարից, առանց օպոնենտների, ու հայտարարում՝ դասագրքի դեմ արշավն ունի քաղաքական ենթատեքստ, և սա այն դեպքում, երբ պատմաբանները, նեղ մասնագետները կոնկրետ փաստերով, դրվագներով, անգամ էջ առ էջ էին մատնանշում բոլոր բովանդակային սխալները, որոնք նաև թուրքական ազգայնական պատմագիտությանն են տուրք տալիս:
«Ինչո՞ւ չկա Աղվանքը, երբ հայտնի էր, որ Աղվանքը կախյալ էր Տիգրան Մեծից կամ գուցե կայսրության մաս էր կազմում: Աղվանքի չլինելը ու փոխարենը Ադրբեջանը տեղորոշելը ցույց է տալիս, որ Ադրբեջանն Աղվանքի հետնորդն է: Վիրքը գրված է, Աղվանքը՝ ոչ: Եվ նաև այս ծանր, զգայուն ժամանակաշրջանում կարելի էր այլ լուծումներով այս քարտեզը տեղադրել: Ամենահեշտ բանն անընդհատ նախկին-նախկին անելն է: Դու կրել ես պատասխանատվություն: Պետությունից ստացել ես գումար, այդ թվում՝ մեր վճարած հարկերից, բարի եղեք, գրեք նորմալ, առանց սխալների, այո՛, նաև առանց ազգային սնապարծության, բայց նախ և առաջ առանց միտումների դասագիրք, որոնք ջուր են լցնում մեր ոչ բարեկամների ջրաղացին»,- ասաց Միքայել Բադալյանը:
«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի՝ իր գրառումների դեմ բերած «փաստարկներին»:
Երեկ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում լայնորեն քննարկվում էր վերջապես դպրոցներ մտած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը: Հանրային գործիչներ ու պարզապես սովորական քաղաքացիներ Ֆեյսբուքում իրենց վրդովմունքն էին արտահայտում առ այն, որ այդ դասագրքում հրապարակված քարտեզներից մեկում Արցախն ընդգրկված է Ադրբեջանի կազմում: