Մեռելային լռություն՝ ԳԱԱ արևելագիտության, պատմության, հնագիտության ու ազգագրության ինստիտուտներում, ԵՊՀ-ի և Մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոններում
Արդեն տևական ժամանակ է՝ հանրային շրջանակներում ու սոցիալական ցանցերում քննարկվում է Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը: Աղմուկը բարձրացավ դասագրքի 80-րդ էջում տեղադրված քարտեզից, որում Արցախը պատկերված էր Ադրբեջանի կազմում, և դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է Ք.Ա. 80 թ. Տիգրան Մեծի կայսրության ժամանակաշրջանին: Ապա մասնագետները սկսեցին խոսել նաև դասագրքում տեղ գտած այլ խեղաթյուրումների մասին:
Մասնավորապես, «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը խոսել էր իր մասնագիտական հետաքրքրությունների տիրույթում գտնվող հայոց հնագույն պետության՝ Ուրարտուի բաժնի սխալների ու թերությունների մասին, հանրայնացրել, որ նշված դասագրքի համապատասխան բաժնում տեղ չի գտել, օրինակ, Արարատի թագավորության վերելքը ներկայացնող քարտեզ: Տարօրինակ էր նաև, որ այդ քարտեզում Ուրարտուի մեջ ներառված չէ այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը: Ուրարտագետն արձանագրել էր, որ սա բավական մտահոգիչ է:
«Ի դեպ, այս դասագրքի համար Էրեբունի թանգարանից ուզել էին նկարներ: Ես ինքս դիմեցի «Միասնական դպրոց»-ի ղեկավար պարոն Վահրամ Սողոմոնյանին` նշելով, որ եթե ուղարկում ենք նկարները, ապա մենք կարող ենք նաև մասնագիտական աջակցություն ցուցաբերել: Սակայն մեզ պատասխանեցին, որ ժամանակը չի հերիքում, և մեզնից անհրաժեշտ են միայն Ուրարտուի վերաբերյալ նկարներ»,- գրել էր Միքայել Բադալյանը:
Իրականության ողջ ողբերգությունը պատկերացնելու համար պետք է միայն ֆիքսել՝ մասնագետը դիմել է դասագրքի պատվիրատուին, ասել, որ կարող են մասնագիտական աջակցություն ցուցաբերել դասագրքի կազմման հարցում, մի բան, որ նախաձեռնողները պիտի անեին, սակայն նրան պատասխանում են՝ ժամանակ չկա: Այսինքն՝ կարելի է պատմությունը խեղաթյուրել, դասագրքում բառի բուն իմաստով սրբապղծություն կատարել, խեղել սերնդի հոգեբանությունն ու արժեքային համակարգը, սակայն չի կարելի մի տարի ուշ դասագիրքը մտցնել դպրոց, ևս մեկ տարի նախկին դասագրքերով անցնել, շտկել նորի թերությունները: Հարց է ծագում՝ ինչո՞ւ, ո՞վ էր շտապեցնում, և, ի վերջո՝ ո՞ւմ էր դա պետք:
Միքայել Բադալյանը երեկ նույնպես անդրադարձել է թեմային՝ այս անգամ՝ Սմբատ Հովհաննիսյանի՝ իր գրառումներին արձագանքելու համատեքստում: Վերջինս նշել էր՝ որ աշակերտներն իրավունք ունեն կրթություն ստանալու ստույգ քարտեզներով, ստույգ տեղեկությունների հիման վրա գրված դասագրքերով:
«Այդ քարտեզին նայելիս կեղծ պատկերացում ես կազմում, թե իբր այսօրվա Հայաստանը Ուրարտուի հետ կապ չունի: Պետք է նման կարծիքներ ունեցողներին հիասթափեցնեմ, լավ էլ ունի: Ու մենք Տեր ենք լինելու Ուրարտուին»,- գրել էր ուրարտագետը:
Շիրակի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Խորիկյանը նույնպես անդրադարձել էր Արցախն Ադրբեջանի կազմում ներկայացված քարտեզին:
«Այն, որ քարտեզը քաղաքական ենթատեքստ ունի, ակնհայտ է Ադրբեջան անվանումից ու վերջինիս քարտեզում ընդգծված սահմաններից: Պատմական քարտեզները ժամանակակից պետությունների սահմաններով ներկայացնելը հիմնականում արևմտաեվրոպական պատմական քարտեզագրության «ձեռքբերումներից» է, ինչը հիմքում ունի զուտ քաղաքական նպատակ»,-փաստական հանգամանքների վերաբերյալ նման եզրակացությամբ էր հանդես եկել պատմաբանը՝ հավելելով, որ հեղինակի համար Արցախը նահանգ է, սոսկ աշխարհագրական տարածք, հակառակ դեպքում առանց փակագծերի կնշեր միայն՝ Արցախի Հանրապետություն:
«Եթե հեղինակն ու ԿԳՄՍՆ-ն փակել են Արցախի էջը, ապա ինձ ու իմ երեխաների համար Արցախը կա ու կլինի»,- նշել էր Հովհաննես Խորիկյանը:
Ինքը՝ հեղինակը, փորձել էր պարզաբանումներ ներկայացնել, սակայն յուրաքանչյուր նման պարզաբանումից հետո մասնագետների մոտ հարցերը միայն ավելացել էին:
168.am-ի հետ զրույցում Սմբատ Հովհաննիսյանը մասնավորապես ասել էր, որ դասագրքում տպագրված քարտեզով ինքը որևէ մտադրություն չի ունեցել Արցախը ներկայացնելու՝ որպես Ադրբեջանի մաս, իսկ «Լեռնային Ղարաբաղ (Արցախ)» գրությունը, ըստ նրա, ինքնին սահման է:
«Արցախը բնավ էլ չի դիտարկվում Ադրբեջանի կազմում։ Բացարձակապես, անգամ այս վերջին աղետից հետո։ Գծապատկերում իբրև սահման օգտագործել եմ Լեռնային Ղարաբաղ (Արցախ) կիսաշեղ գրությունը, որը հասնում է մինչև Արաքս գետ։ Այդպես ցանկացել եմ նշել, որ Արցախն ավելին է, քան 2020-ի աղետից հետո էր, ավելին է, քան 2020-ից առաջ էր, և ավելին է, քան ԼՂԻՄ-ի ժամանակ, քանի որ Արցախը նաև Գետաշենն է, նաև Արծվաշենն է, նաև Շահումյանն է… Եվ քարտեզի տակ գրված առաջադրանքներով նախատեսվում է այդ ամենի քննարկմամբ վեր հանել նաև Դաշտային Ղարաբաղի խնդիրը։ Մի խոսքով` ոչ մի դեպքում Արցախը Ադրբեջան չէ»,- ասել էր Հովհաննիսյանը:
Դասագրքի հեղինակի այս հայտարարությանն արձագանքելով՝ պատմաբան Աշոտ Մելքոնյանն ասել էր, որ թվարկված տարածքների մի մասը պատկանում է Ուտիք նահանգին, և խոսքն այս դեպքում պատմական Արցախին չի վերաբերում:
Ինչ վերաբերում է Աշոտ Մելքոնյանին, վերջինս կրկին մեզ հետ զրույցում նշել էր, որ բուն դասագրքին ինքն ամբողջությամբ դեռևս չի հասցրել ծանոթանալ՝ հեղինակի հայտնած տեսակետները հստակ ու բովանդակային մեկնաբանելու համար:
Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հանգիստ արձանագրում է՝ դասագրքին ամբողջությամբ ծանոթ չէ, իսկ թե ինչու ծանոթ չէ, մնում է կռահել՝ չի հետաքրքրել, ժամանակ չի եղել, չի կարևորել… Էականը փաստն է՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը ծանոթ չէ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքին:
Աշոտ Մելքոնյանը միակը չէ: Դասագրքի վերաբերյալ որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել ԳԱԱ արևելագիտության, պատմության, հնագիտության ու ազգագրության ինստիտուտները, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնը, Մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնը, մինչդեռ առաջինը հենց այս շահագրգիռ կառույցները պետք է աղմուկ բարձրացնեին, մասնագիտական վերլուծության ենթարկեին, պահանջեին, ի վերջո, հետ կանչել դասագիրքը:
Իսկ հիմա պատկերացնենք, որ նման բան տեղի ունենար երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի օրոք: Վստահաբար ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, հայ պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող ու պարզապես հայրենասեր, պետության ու ազգային արժեքների նվիրյալը լուռ չէր հետևի տեղի ունեցողին:
Մի նկատառում ևս. «Հայց պատմության» դասագիրք գրելն այդքան հե՞շտ բան է, որ այն վստահել են միայն մեկ հեղինակի, և ինքն էլ հանձն է առել կատարել այդ բարդագույն գործը: Դասագրքերը սովորաբար մի քանի հեղինակներ են ունենում, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է լինում կոնկրետ բաժինների համար: Ուրեմն ինչո՞ւ են մատների արանքով նայել դասագրքի ստեղծմանն ու մտածել, որ միայն մի պատմաբանը կարող է հեղինակել մի ողջ դասագիրք: Այս հարցի պատասխանը շատերը կարող են ունենալ, սակայն դավադրությունների տեսությանը տուրք չտալու նկատառումներից ելնելով՝ զերծ կմնանք տարբերակներ առաջ քաշելուց:
168.am-ն ուշադրության կենտրոնում է պահում խնդրո առարկա դասագրքի հետ կապված քննարկումները, քանի որ խոսքը գնում է Հայոց պատմության՝ միտումնավոր կամ հանցավոր անփութության արդյունքում խեղաթյուրմանը: Շարունակում ենք արձանագրել, որ, ցավոք, այսօր էլ լուռ է հայ ուսուցիչը, և քանի դեռ չեն խոսում համակարգերը, իրենք գործոն չեն լինելու: