Եթե նման պարտվողական տրամադրությամբ, վախվորված կեցվածքով շարունակեն ՀՀ իշխանությունները, ապա գրգռելու են թշնամու ախորժակը. Հակոբ Հակոբյան
Նոյեմբերի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրվել էր ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին: Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «բավականին անկեղծ զրույց են ունեցել Սամվել Շահրամանյանի հետ»։ Երեք ժամ տևած նիստի ընթացքում սպառել են բոլոր հարցերը, որի վրա տևական ժամանակ աշխատել են»։
Այդ նիստից հետո «Հրապարակ» օրաթերթը գրեց, որ «Սամվել Շահրամանյանը քննիչ հանձնաժողովում հավաստիացրել է, որ Հայաստանում քաղաքականությամբ չի զբաղվելու, չի առաջնորդելու արցախցիների պայքարն ընդդեմ ՀՀ իշխանությունների: Ասել է, որ դեմ է պետության մեջ պետություն ունենալուն, սակայն պետք է ուղիներ փնտրել ԱՀ պետական ինստիտուտները պահպանելու համար։ Հանդիպումն այնքան է ոգևորել ՔՊ-ականներին, որ որոշել են նիստից հետո պատիվ տալ Շահրամանյանին` սեղան են գցել հենց ԱԺ-ում»։
168.am-ը Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց, արդյո՞ք քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո հանդիպել են Սամվել Շահրամանյանի հետ, որևէ տեղեկություն գիտե՞ն նրա՝ Հայաստանում հետագա հնարավոր գործունեության վերաբերյալ։
Հակոբ Հակոբյանը մեզ փոխանցեց, որ նիստից հետո որևէ հանդիպում չեն ունեցել, հետևաբար՝ որևէ մեկնաբանություն չի կարող տալ։
«Այդ լուրերի մասին ես էլ եմ մամուլից իմացել, նույնիսկ տեղյակ էլ չեմ, թե որքանով են այդ լուրերը հավաստի, այդ պատճառով մեկնաբանել չեմ կարող։
Ինքս տեղյակ չեմ, թե ինչո՞ւ են Սամվել Շահրամանյանին հրավիրել այդ քննիչ հանձնաժողով, որը քննում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքները։ Գուցե կապված է այն հանգամանքի հետ, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ինչ պաշտոն է զբաղեցրել Սամվել Շահրամանյանը»,- նշեց Հակոբ Հակոբյանը։
Ի դեպ, Հայաստանի գործող իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում նաև՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, մեկնաբանելով Արցախի պետական ինստիտուտների՝ ՀՀ-ում պահպանման հնարավորությունը, բացառել է այն՝ ասելով, թե դա կարող է վտանգել ՀՀ ազգային անվտանգությունը: Հակոբ Հակոբյանը տարածված այս տեսակետի առնչությամբ հակադարձեց.
«Նման պարտվողական տրամադրությամբ, վախվորված կեցվածքով եթե շարունակեն, ապա գրգռելու են թշնամու ախորժակը, և նորանոր զիջումների ականատես ենք լինելու՝ պահանջներ թշնամու կողմից, զիջումներ ՀՀ իշխանությունների կողմից։ Կարծում եմ՝ ոչ թե Արցախի պետական ինստիտուտների գոյությունն է վտանգում ՀՀ անվտանգությունը, այլ իշխանությունների այս կեցվածքը։ Այդ անձինք նախ պետք է բացատրեն, թե այդ երբվանից Արցախի պետական ինստիտուտները դարձան ՀՀ ազգային անվտանգության սպառնալիք, այն պարագայում, երբ ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում սպառնալիքների մասին այլ բան է գրված։ Արցախի Հանրապետությունը և նրա պետական ինստիտուտները կարող են միայն ամրապնդել ՀՀ անվտանգությունը, այլ ոչ թե լինել սպառնալիք»։
Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համանախագահի կարծիքով՝ արդեն ժամանակն է, որպեսզի ՀՀ պաշտոնյաները բացատրեն, թե ինչ նկատի ունեն, երբ ասում են, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է ՀՀ-ին։
Հարցին՝ առաջիկայում նախատեսո՞ւմ են հանդիպում Սամվել Շահրամանյանի հետ՝ պարզելու, թե ինչ անելիքներ ունեն և ինչպես են լուծելու բախտի քմահաճույքին հանձնված հազարավոր արցախահայերի խնդիրները, Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ տեղեկացված է՝ Արցախի ԱԺ պատգամավորները և՛ ընդհանուր պատգամավորների ձևաչափով, և՛ խմբակցությունների ձևաչափով հանդիպումներ ունենում են։
«Կարծում եմ՝ մոտակա ժամանակներս նախատեսվում է նաև ԱԺ նիստ, և հանդիպումներ լինելու են և՛ Արցախի նախագահի, և՛ մնացած բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Արցախի գործադիր և օրենսդիր մարմնի անդամները շատ լավ հասկանում են, որ այդ ամենը ոչ թե իրենց բարի կամքի դրսևորումն է, այլ պարտականությունն է, որպեսզի կատարեն, քանի որ պատգամավորները ներկայացնում են 150 հազար արցախահայերի, նրանք ստացել են այդ ժողովրդի վստահության քվեն և պարտավոր են իրենց ընտրողների ու հայրենակիցների խնդիրները մշտապես ունենալ աչքի առաջ։ Նույնիսկ, եթե լուծելու հնարավորություն տեխնիկապես չունեն, ապա բարձրաձայնեն խնդիրները և դրանց լուծման տարբերակները ՀՀ այսօրվա իշխանություններին»,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը։