«Զեկույց չկա, ի՞նչը ներկայացնեն. Հանձնաժողով ձևավորելը պարզապես հանրության աչքին թոզ փչել էր, շունը շան թաթ չի կծի». Արսեն Ղուկասյան
ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն այդպես էլ չհրապարակեց իր պատրաստած զեկույցը: Ինչպես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր այս տարվա գարնանը հայտարարել՝ զեկույցը գտնվում է գաղտնի բաժնում։
«Զեկույցի հետ կապված վերջին փաստաթղթերը, գաղտնի փաստաթղթերը բոլորը հանձնել ենք։ 3 ամիս է՝ պատկերացրեք ծավալը, թե որքան փաստաթղթեր են ուսումնասիրվել։ Սա հնարավորություն է տալիս ոչ միայն պատգամավորներին, այլև պատկան մարմիններին ստանալ զեկույցը, ունենալ այն՝ իր հիմնավորումներով, որովհետև զեկույցը հո միայն գրած թուղթ չէ՞։ Բուն զեկույցը 500 էջից ավելի է։ Ծնողներն այնպես, ինչպես իրենք են ուզում, լիազորված չեն այդպիսի իրավասությամբ, որպեսզի ծանոթանան այդ հույժ գաղտնի փաստաթղթին»,- դեռևս ապրիլին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Անդրանիկ Քոչարյանը։
44-օրյա պատերազմում նահատակված և անհետ կորած անձանց հարազատները բազմիցս բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ շենքի դիմաց՝ պահանջելով հրապարակել զեկույցը, որպեսզի հասկանան՝ եթե իշխանությունը հայտարարում է, որ կրած կորուստների համար ինքը չէ մեղավորը, ապա մեղավորն ո՞վ է։ Սակայն զեկույցն այդպես էլ նրանց չներկայացվեց։
168.am-ն այսօր 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վիլեն Գաբրիելյանն այդ զեկույցը ներկայացնի իրենց, և առհասարակ նրա հետ այդ ընթացքում ծնողները որևէ հանդիպում ունեցե՞լ են։
«Զեկույց չկա, ի՞նչը ներկայացնեն։ Ես այդ մարդկանց հետ որևէ հանդիպում չեմ ունեցել, չեմ էլ ակնկալում, որ կունենամ, դուք իմ վերաբերմունքը շատ լավ գիտեք ՔՊ-ի ու դրա բոլոր անդամների հանդեպ։ Գիտեք՝ այդ մարդկանց համար ուշքս չի գնում, դրա համար էլ որևէ սպասելիք ու ակնկալիք չունեմ։ Ես չեմ մտածում, որ Քոչարյան Անդոն գնաց, Վիլենը եկավ՝ ինչ-որ բան է փոխվելու։ Մեր ժողովուրդը մի հին ասացվածք ունի. «շունը շան թաթ չի կծի»»,- նշեց Արսեն Ղուկասյանը։
Հարցին՝ եթե քննիչ հանձնաժողովը չպետք է պատասխանի անհետ կորած, զոհված անձանց հարազատների բոլոր հարցերին, ապա այն ձևավորելու ու զեկույց պատրաստելու նպատակը ո՞րն էր, Արսեն Ղուկասյանը պատասխանեց՝ հանձնաժողով ձևավորելը պարզապես հանրության աչքին «թոզ փչել» էր։
«Կրկնում եմ՝ զեկույցը չի լինելու, այդ ամենը ձևական արեցին՝ ցույց տալու, թե՝ տեսեք-տեսեք, ժողովուրդ ջան, մենք արդար ու ազնիվ ենք։ Բոլորս էլ ճշմարտությունը գիտենք ու գիտենք, թե ինչ է եղել, իրենք իրենց «թևը բռնած» գնում են, իրենց գործն արել են։ Մի սպասեք, որ Վիլենը գալու է ու Անդրանիկ Քոչարյանին ասելու է՝ ինչո՞ւ քո գործը չես արել, կամ «ֆլան-ֆստան»։
Եթե մարդիկ հույս են փայփայում, որ այսօրվա իշխանությունները հետաքրքրվելու են անհետ կորած մեր տղաների ճակատագրերով՝ սխալվում են։ Եթե այս հարցի հետ կապված օրվա իշխանությունը փորձեր որևէ դրական տեղաշարժ ապահովել, ապա միջազգային դատարանից գործերը հետ չէր վերցնի, անհետ կորած անձանց վերաբերյալ հայցերը հետ կանչվեցին։ Եթե այսօրվա իշխանությունն այս հարցում ուզում էր որևէ արդյունքի հասնել, ապա խիստ մեթոդներ պետք է կիրառեր, շատ մարդկանց ու այլ պետությունների ներգրավեր այս գործում, և այլն։ Բայց չեն անում, անհետ կորածներ կան, բայց իրենք չեն մտածում, անհետ կորածի տերը պետք է մտածի։ Հո իրենց հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ չե՞ն վատացնի իմ եղբոր տղայի, եղբոր կամ մյուսի որդու համար»,- հավելեց մեր զրուցակիցը։
Արսեն Ղուկասյանն ասում է՝ եթե այս հարցում որևէ բան փոխեն, կփոխեն միայն անհետ կորածների հարազատները՝ իրենց ջանքերով, փորձելով հնարավոր բոլոր միջոցները։
«Իմ անունից կարող եմ ասել, որ շատ տարբերակներ եմ փորձել, բայց կան բաներ, որոնք անելու համար ես իշխանություն ու լծակ չունեմ։ Շարքային վարորդ եմ, որը միայն հույս է փայփայում, որ այս հարցը կլուծվի, և Աստված ողորմած է ու մեղավորներին դաժան դատաստանի կարժանացնի»,- ընդգծեց Արսեն Ղուկասյանը։

