44-օրյայի զոհերի չավարտվող թվաբանությունը. ընդդիմադիրներից ապացույցներ պահանջող Փաշինյանը ե՞րբ է հրապարակելու անվանացանկը
44-օրյա պատերազմի զոհերի թվի ընդդիմադիր շրջանակների առաջ քաշած տարբերակին՝ 5000, իշխանությունները բուռն են արձագանքել միշտ՝ և՛ ԱԺ նախկին նախագահ, այսօր՝ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը, և՛ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, դա համարելով սրբապղծություն և անբարոյականություն:
Իսկ այս տարի մայիսին քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանն Արմավիրում իր ելույթի ժամանակ ընդդիմությունից պահանջել էր ապացուցել, որ 44-օրյայի զոհերի իրենց թիվը ճիշտ է, թեպետ իշխանությունը շատ հանգիստ կարող էր փաստարկված ապացուցել, որ 44-օրյայի զոհերի 5000 թիվը սխալ է:
«Նրանք սկսել են մանիպուլացնել 44-օրյա պատերազմի զոհերի թիվը: Նրանք թվեր են կրակում՝ 5000 զոհ, և այդպես շարունակ: Ես ասում եմ՝ եթե իրենք՝ Գագիկը, Ռոբերտը, Սամվելը, և նրանց թիմերի անդամները չհիմնավորեն և չապացուցեն էդ թվերը, ես հազար ներողություն եմ խնդրում էս արտահայտությունն օգտագործելու համար՝ պետք է համարժեքությունը պահել, որ ոմանք իրենց հոտառությունը չկորցնեն: Եթե Ռոբերտ Քոչարյանը, Գագոն, Սամոն, Սերժն իրենց կողմից օգտագործված էս թվերը չհիմնավորեն, իսկ նրանք չեն կարող հիմնավորել… ՀՀ ժողովուրդը նահատակների հիշատակի նկատմամբ այս վերաբերմունքի համար նույնպես ընտրությունների արդյունքներում նրանց պիտի ծնկի բերի: Նրանց պետք է ծնկի բերի: Ես ինքս՝ որպես հարգանքի տուրք, տասնյակ անգամներ ծնկի եմ եկել մեր նահատակների հուշարձանների և հիշատակի առաջ, բայց նրանցից որևէ մեկը ծնկի չի եկել»,- շարունակել էր Նիկոլ Փաշինյանը:
Եվ մեկ էլ այս օրերին Չեխիայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայի CEVRO համալսարանում իր հանդիպման ժամանակ հայտարարում է.
«Տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմը, որտեղ մենք 4800 զոհ ունեցանք»:
Այսօր լրագրողների հետ զրույցում Նիկոկ Փաշինյանը խուսափել է մեկնաբանել Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը՝ հորդորելով այդ մասին հարց տալ հինգշաբթի օրը Կառավարության նիստից հետո ամեն շաբաթ կազմակերպվող ճեպազրույցի ժամանակ:
Իսկ նախագահի աշխատակազմն արդեն հասցրել է արդարանալ: Մասնավորապես, հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանն «Արմենպրեսին» ասել է, թե իբր վրիպակ է թույլ տվել Վահագն Խաչատուրյանը, և, որ զոհերի թիվը 3755 է։
Բայց խնդիրն այն է, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը պաշտոնապես 3833 է, ինչի մասին 2025 թվականի նոյեմբերին, ըստ էության, առաջին անգամ հայտարարել էր այդ ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այնուհետ նա սա վերահաստատել էր նախընտրական շրջանում: Ընդ որում, ըստ Սիմոնյանի, այդ 3833-ից 3755-ը զինծառայողներ են, 78-ը՝ քաղաքացիական անձինք:
Ի՞նչ է ստացվում՝ Վահագն Խաչատուրյանը միայն 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների թի՞վն է վերցրել, այսինքն, անտեսել է զոհված քաղաքացիական անձանց և ոչ զինծառայողներին: Թե որտեղից է վերցրել այս թիվը երկրի նախագահի աթոռը զբաղեցնողը, չենք կարող ասել, բայց փաստ է, որ երկրորդ թիվը ևս չի համապատասխանում անցած տարի շրջանառության մեջ դրված պաշտոնական թվին: Հանուն արդարության, սակայն, պետք է նշենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության նախագահը միակը չէ, որը հակադիր թիվ է հնչեցրել: Օրինակ, 2025թ. նոյեմբերի 19-ին Factor TV-ին տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը նշել էր. «Ես մի թիվ ասեմ՝ կբավարարի՞ Ձեզ՝ 3987»:
Հակադարձմանը՝ որտեղի՞ց Ձեզ այդ թիվը, նա արձագանքել էր. «Իսկ Քննիչ հանձնաժողովը որտեղի՞ց է ստեղծվել, զեկույցի մեջ ամեն ինչ կա գրված: Անուն-ազգանուններով գրված չի, բայց ցանկացած պահի, քանի որ թվայնացման պրոցեսն ավարտված է, անուն-ազգանուններով հասանելի կդառնա ցանկացողների համար: Եթե ես թիվ եմ ասում, նշանակում է՝ ամեն թվի հետևում անուն-ազգանուն կա»:
Ավելի ուշ մեզ հետ զրույցում Գեղամ Մանուկյանն ասել էր, որ Քննիչ հանձնաժողովն իբրև ամփոփում՝ տվել է զոհվածների ընդհանուր պատկերը, և, որ այն չի համապատասխանում ո՛չ Անդրանիկ Քոչարյանի, ո՛չ էլ Ալեն Սիմոնյանի հրապարակած թվերին: Թե այս պահին Քննիչ հանձնաժողովի զեկույցում ինչ թիվ է, կամ՝ գուցե եղածը փոփոխության է ենթարկվել, հայտնի չէ:
168.am-ը դեռ անցած տարի ներկայացրել է պատերազմից հետո մինչև 3833 թվի հրապարակումն ընկած շրջանի ամբողջական ժամանակագրություն, թե զոհերի ինչ թվեր է երկրի ղեկավարությունը դաշտ նետել: Ուստի այս պահին մանրամասների մեջ նորից չենք մտնի: Ի դեպ, մեկ այլ առիթով անդրադարձել ենք նաև 44-օրյայի անհայտ կորած անձանց թվային հակադրություններին:
Իսկ 44-օրյա պատերազմի զոհերին և անհայտ կորածներին առնչվող ՀՀ իշխանությունների ստեղծած թվային «սումբուրը» մի քանի ենթադրություն է ստիպում անել. կառավարման համակարգում «բարդակ» է տիրում, ցույց տալիս այս նուրբ հարցի վերաբերյալ իշխանության վերաբերմունքը, չի զարմացնում՝ ինչի ենք պարտվել: Մյուս կողմից, այս ամենը հերթական անգամ ապացուցում է 44-օրյա պատերազմի զոհերի անվանացուցակի հրապարակման անհրաժեշտությունը: Այն, որ ունենք անհայտ կորած համարվողներ, և զոհերի թիվը կարող է ժամանակ առ ժամանակ փոխվել, բնավ, չի արդարացնում զոհերի ցուցակը չհրապարակելու Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության համառությունը:
Ի՞նչն է խանգարում նրանց՝ առանձին-առանձին հրապարակել զոհերի և անհայտ կորած համարվողների անվանացուցակը, և եթե որևէ նոր բան պարզվի, այդ մասին հայտնել հաղորդագրությամբ: Որևէ արդարացում չունի նաև իշխանությունների ուղղորդումը, թե «Զինապահ» հիմնադրամում կան հրապարակված անունները, երբ այնտեղ միայն 3250 զոհվածի մասին տեղեկություն կա, նրանց մասին, որոնց հարազատները ցանկացել են, որ լինի: Քանի սա տեղի չի ունեցել, և՛ դիմադիր, և՛ ընդդիմադիր շրջանակներից շարունակելու են տարբեր թվեր շրջանառվել, որի առաջին պատասխանատուն իշխանությունն է: Ընդդիմությունից ապացույցներ պահանջող իշխանությունը հանրությանը պարտավոր է տալ ոչ թե հերթական բանավոր պարզաբանումը, այլ մեկ հստակ պատասխան՝ ո՞րն է այս պահի դրությամբ 44-օրյա պատերազմի զոհերի իրական թիվը:
Մենք բնավ չենք ողջունում, երբ ընդդիմադիր շրջանակներն առանց հստակ ապացույցների 44-օրյայի զոհերի թիվ են նշում՝ 5000 կամ նույնիսկ ավելի, բայց եթե նրանց դեպքում հարցը բարոյական դաշտում է, ապա իշխանությունների դեպքում նաև քաղաքական պատասխանատվության հարց կա՝ հստակ փաստերով և զոհերի անվանացուցակը հրապարակելով լուծել թվային հակասությունների խնդիրը: Մոտ 20 օրից 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է…

