Ալիևից գազ, ցորեն, հոսանք ուզողներ, մոռացա՞ք՝ ինչպես Արցախում ջրի խողովակը վերանորոգող վարպետներին գնդակահարեցին միայն նրա համար, որ իրենք հայ են. Հակոբ Հակոբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Նախընտրական իր ողջ քարոզարշավը Նիկոլ Փաշինյանը կառուցել էր «խաղաղության» խոսույթի վրա, և այդ «խաղաղության» խոչընդոտ նա սարքեց արցախցիներին: Արցախցիների շատ քիչ քանակ ուներ ընտրության իրավունք, և նրանց ձայնը որոշիչ ազդեցություն չէր ունենալու ընտրությունների արդյունքների վրա: Իրեն դա չէր անհանգստացնում, այլ այն, որ ինքը հայաստանցիներին ուզում էր ցույց տալ, որ ինքը Հայաստանին խաղաղություն է բերելու, բայց Արցախյան հարցը խոչընդոտ է դրա համար: Ցավոք, հայաստանցիների մեծ մասն իրականում չգիտեր՝ Արցախն իրենից ինչ է ներկայացնում, և Փաշինյանը մասամբ հաջողեց:
- Արցախցիներին սկզբում զրկեցին անձնագրերից, ստիպեցին Հայաստանի քաղաքացիություն ստանալ, հետո այնքան ձգձգեցին, որ մարդիկ չկարողացան հասցնել ստանալ քաղաքացիություն ընտրություններից առաջ: Հիմա էլ մեծ ջիղ ու կամք է պետք, որ որպես արցախցի՝ կարողանաս ՀՀ քաղաքացիություն ստանալ:
- Բացի բնակարանային ծրագրից, որևէ ծրագիր արցախցիների շրջանում արդյունք չտվեց: Փող տալը հարցի լուծում չէր: Հողի վրա մենք առնչվում ենք այն իրականության հետ, որ արցախահայության մեծ մասն այսօր սոցիալական ծանր վիճակում է, չունի աշխատանք: Արցախցիներն այսօր կամ տաքսու վարորդներ են, կամ պահնորդական ծառայություններում են աշխատում: Կարծում եմ՝ արցախցիների ներուժից չօգտվելը մեծ շռայլություն է:

- Այս պահի դրությամբ, որքան ես տեղյակ եմ, դրամական աջակցություն ստանում են արցախցիները, կենսաթոշակառուները և ցածր եկամուտ ունեցողները: Բայց էլի եմ ասում, իր տունը, բնօրրանը կորցրած մարդուն, զուտ գումար տալով, չեն կարող օգնել: Պետությունը չի կարող այնքան գումար տալ, որ մարդիկ իրենց կենսական կարիքները լուծեն:
- Արցախի հարցը մեկ քաղաքական գործչի կամ պետության ղեկավարի հայտարարությամբ ո՛չ բացվել է, ո՛չ էլ կփակվի: Արցախցիների մոտ Արցախ վերադառնալու երազանքն իրենց սրտում է: Այլ հարց, որ Հայաստանի ղեկավարի շուրթերից Արցախի հարցի փակման մասին լսելը նոր վերքեր է ավելացնում իրենց ցավին: Արցախի հարցը կարող է փակ լինել միայն այն ժամանակ, երբ արցախցիներն իրենք հրաժարվեն իրենց բնիկ հողում ապրելու իրավունքից: Մի ողջ ժողովուրդ չի կարող զրկվել իր հայրենիքում ապրելու իրավունքից: Այս իշխանությունները վաղ թե ուշ փոխվելու են, և վերադարձի իրավունքի կրողները կարողանալու են իրացնել այն:
- Կան անձինք, ռազմական գործիչներ, որոնք պետք է խոսեն, թե ինչպես եղավ Արցախի հանձնումը, բայց ասել, որ պարտվեցինք, որովհետև արցախցիները չեն կռվել, անհեթեթ է, որովհետև նախ արցախցիներն արել են ամեն ինչ, որ կարողանան իրենց հայրենիքը պաշտպանել, և բացի դրանից, պատերազմները հաղթում կամ պարտվում են պետությունները: 2023թ. սեպտեմբերի 1-օրյա պատերազմի նման ինտենսիվության մարտեր երևի թե ոչ մի երկիր չի տեսել: Պատերազմ հաղթելու համար պետք է ունենալ թիկունքային ապահովություն, քաղաքային կամք ու կազմակերպվածություն:
- Եթե մարդը հետին միտք չունի, չի կարող մտածել, որ 120 000 մարդ մինչև վերջին մարդը պետք է կռվեր, որ համարեին, որ արցախցին կռվել է: Պետությունները նրա համար են, որ ազգին փրկեն Ցեղասպանությունից, իսկ այդ օրերին Արցախում Ցեղասպանություն էր տեղի ունենում: Ցավոք, այսօր Արցախում մեր տներն ու մշակութային կոթողներն ադրբեջանական վանդալիզմի ազդեցության տակ են: Պատերազմ գնում են հաղթելու, ոչ թե զոհվելու համար:
- Պատերազմը հայկականության դեմ է, և յուրաքանչյուր անձ, սուբյեկտ, ով խոսում է ազգային իղձերի մասին, գտնվում է այս իշխանության թիրախում: Մարդիկ, ովքեր վախենում են խոսել պատերազմից, ստանալու են և՛ ամոթ, և՛ պատերազմ:

- Ալիևը շատ լավ հասկանում է, որ մի ողջ բնիկ ժողովրդի է բռնի տեղահանել իր հայրենիքից, և վաղ թե ուշ պատասխան է տալու, երբ աշխարհաքաղաքական իրավիճակների հանդարտեցումից հետո որոշվեն խաղի կանոնները, և գա պատասխան տալու հերթը: Դրա համար նա այսօր իրեն մարդասեր է ներկայացնում և փորձում «օգնել» այն պետությանը, որի դեմ գործել է այդ հանցագործությունը: Արցախում, երբ մեր էներգետիկ միջոցները՝ գազը, էլեկտրաէներգիան, հայտնվեցին Ադրբեջանի ձեռքում, մենք ունեցանք խնդիրներ: Մի օր գազատարը վթարվում էր, և ամբողջ Արցախը զրկվում էր գազից, մի օր Հայաստանից եկող հոսանքի գծերն էին վթարվում, ու դրանք տևում էին շաբաթներ ու ամիսներ: 2022թ. ձմեռը մենք անցկացրեցինք ցրտի մեջ: Նույնը տեղի է ունենալու Հայաստանի հետ:
- Արցախում ադրբեջանցիները ջրի խողովակը վերանորոգող վարպետներին գնդակահարեցին միայն նրա համար, որ իրենք հայ են: Մենք գիտենք՝ ինչ է ադրբեջանցու հետ ապրելը: Սա սպոնտան չէր, քաղաքական հրահանգով էր: Այդպիսի իշխանությունից սպասել, որ մեզ գազ, էներգիա ու ցորեն կմատակարարի ու մեզ հետ խաղաղ ապրի, անհեթեթություն էր: Որևէ արցախցի մի վայրկյան անգամ չի մտածում, որ իր հույսը կարող է դնել ադրբեջանցու բարեհոգության վրա:
- Արցախը բնակեցված չէ: Ադրբեջանական ժողովուրդը գիտի՝ ինչ է տեղի ունեցել Ադրբեջանում, և չի ուզենա գնալ ու ապրել այդտեղ: Ադրբեջանական իշխանությունն էլ հասկանում է՝ ինչ է արել, դրա համար ցույց է տալիս, թե իբր վերականգնում է Արցախի տարածքները: Ստեփանակերտում զինվորականություն է տեղակայված, ուսանողներ են բերում-տանում, բայց մեծ քանակի բնակչություն չկա: Բայց Ադրբեջանն այնպիսի տեսանյութեր է հրապարակում, որ մարդաշատության տպավորություն լինի:
- Արցախի բազմաթիվ մշակութային կոթողներ միայն հայերինը չեն, դրանք ողջ մարդկությանն են: Ու Հայաստանի իշխանությունները հիմա պիտի աշխարհով մեկ բարձրաձայնեին, որ Ադրբեջանը ոտնձգություն է կատարում համամարդկային արժեքների դեմ, բայց չեն անում:
- Թե ինչու էր Հաջիևը եկել Հայաստան, կարծում եմ, պարզ է: Ադրբեջանական ծավալապաշտական նկրտումների պատշաճ պատասխանը մեր իշխանությունները չեն տալիս, փոխարենը՝ Ադրբեջանն առաջ է քաշում, այսպես կոչված, «անկլավների», «ադրբեջանցիների վերադարձի» հարցը՝ ինչ-որ ժամանակ ինչ-որ տարածքում ապրած մարդկանց իրավունքները հավասարեցնելով բնիկ ժողովրդի իրավունքների հետ: Հաջիևի հետ թերևս քննարկում էին համաձայնեցված գործողությունների ընթացքը:
- Ալիևն ասում է՝ ինչ պահանջում եմ, արա՛, և եթե քո երկրի Սահմանադրությունը խանգարում է դրան, փոխի այն:

- Այո՛, սահմանազատում, սահմանագծում պետք է արվի, բայց ինչո՞ւ սկսել այն հատվածներից, որտեղ դու ունես ամենաուժեղ պաշտպանական դիրքերը, ու չսկսել այնտեղից, ուր կա ադրբեջանական ներխուժում:
- Պատերազմի պատրաստվում կամ չեն պատրաստվում պետությունները, բայց մեր իշխանությունը, չգիտես՝ ինչի, չի պատրաստվում, մինչդեռ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է պատերազմի, զորավարժություններ է անցկացնում, սպառազինություն գնում…
- Ընդդիմությունը չպետք է հանգստանա այն փաստից, որ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի: Մանդատ վերցնելով կամ չվերցնելով չէ: Ընդդիմությունը պետք է քննարկի և ժողովրդին ներկայացնի իր հետագա գործողությունները՝ մանդատներով, թե առանց դրանց:
- Ավելի կոշտ ու արմատական ընդդիմություն Արայիկ Հարությունյանին, քան մեր կուսակցությունն էր Արցախում, դժվար է պատկերացնել, բայց երբ մենք եկանք Հայաստան, մենք դադարեցրեցինք մեր քննադատությունը, որովհետև նա չի կարող պատասխանել մեզ, որովհետև պատանդ է թշնամի պետության մեջ: Չի կարելի Ադրբեջանի իշխանությունների ջրաղացին ջուր լցնել, Հայաստանից լուտանքներ թափել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գլխին, որովհետև Ադրբեջանն էլ է ասում՝ սրանք ի՜նչ իշխանություն, մի խումբ սեպարատիստներ են, ովքեր թալանել են սեփական ժողովրդին:
- Արցախի պետական ինստիտուտների պահպանությունը շատ կարևոր է, այլապես կհայտնվեն տարբեր մարդիկ, ովքեր տարբեր նպատակներով կփորձեն ներկայացնել իրենց՝ որպես արցախցիների ձայնը բարձրաձայնողներ: Արցախի ժողովուրդը սա պետք է լավ հասկանա:
- Ընդդիմադիր ձայները մեծ կապիտալ են, որը չպետք է մսխվի: Խորհրդարանում հայտնված ընդդիմադիրները պետք է համագործակցեն արտախորհրդարանական ուժերի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:

