«Խաղաղության խաչմերուկը» կապ չունի մեր Հյուսիս-Հարավի հետ, ընդամենն Ադրբեջանից Թուրքիա հասնելու չորս նոր ճանապարհ է․ Հակոբ Ճաղարյան

«Խաղաղության խաչմերուկի» հարցը խոր ուսումնասիրությունների կարիք ունի։ Իրականում սա խաչմերուկ չէ, խաչմերուկն ուղիների հատում է, մեկից մյուսին անցում է։ Նույնիսկ առաջին հայացքից, կարդալով Փաշինյանի հայտարարած «խաղաղության խաչմերուկի» հիմնական դրույթները, անմիջապես կնկատենք, որ այն մեր հյուսիսային և հարավային երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ որևէ առնչություն չունի։ ՀՀ-ն Վրաստանի հետ ունի երեք անցակետ՝ Բավրայում, Գոգավանում և Բագրատաշենում։ Հարավում՝ Իրանի հետ ունենք մեկ անցակետ՝ Ագարակինը, այսինքն՝ Հյուսիս-Հարավ առանցքում ոչ մի փոփոխություն չկա։ Դրա փոխարեն՝ Փաշինյանի այս ծրագրով ՀՀ-ն բացում է յոթ նոր անցակետ, երկուսը՝ Թուրքիայի, հինգը՝ Ադրբեջանի հետ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց օդաչու, հրամանատար, ավիացիայի փորձագետ Հակոբ Ճաղարյանը:

«Առաջարկվում է Ադրբեջանի կողմից Հայաստան մուտքի հնարավորություն տալ ադրբեջանական տրանսպորտային միջոցներին Տավուշի Կայան, Գեղարքունիքի Սոթք, Սյունիքի Կոռնիձոր և Նռնաձոր, նաև՝ Արարատի Երասխ բնակավայրերի մոտակայքում։ Երկու նոր անցակետ է նախատեսվում Թուրքիայի հետ սահմանին՝ Մարգարայի և Ախուրիկի մոտակայքում։ Փաստորեն, դա ոչ թե մեր գլխավոր ճանապարհի՝ Հյուսիս-Հարավի հետ կապ ունի, այլ Ադրբեջանից Թուրքիա հասնելու չորս նոր ուղիների հանրագումարն է։ Փաշինյանի առաջարկած ծրագրում հայտարարվում է, որ երկրները պիտի այդ փոխադրումները կատարեն իրենց ենթակայությամբ կառավարման և ստուգման միջոցով, նախատեսվում է թեթևացնել մաքսային ստուգումները»,- ասաց նախկին ավիատորը:

«Փաստորեն, Ադրբեջանն ամբողջությամբ սահմանափակել էր Արցախի 120 հազարանոց բնակչության հետ բոլոր կապերը, ապա նրանց վտարանդի դարձրեց, և երբ այնտեղ դեռևս պահվում են հայ ռազմագերիներ, Հայաստանը պատրաստ է առաջարկել թեթևացված մաքսային հարաբերություններ այս երկրի հետ։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը բազմիցս խոսել է և նույնիսկ ՄԱԿ-ին դիմումներ է գրում հետևյալ տեքստով՝ «Արևմտյան Ադրբեջանի»՝ այսօր Հայաստան կոչվող տարածք»։ Ասում են, թե ադրբեջանցի փախստականներ պիտի վերադառնան, նրանք պիտի ապրեն՝ որտեղ ցանկանան, և Հայաստանի Սահմանադրությունը պետք է համաձայնեցվի այս դրույթների հետ։ Ադրբեջաներենը Հայաստանում պետք է դառնա պետական լեզուներից մեկը։ Պիտի տեղակայվեն այստեղ վերաբնակեցված ադրբեջանցիների անվտանգությունն ապահովող և նրանց կողմից ընկալելի զինված ուժեր, ասենք՝ Պակիստանի, Ինդոնեզիայի, Թուրքիայի, Հունգարիայի, մինչև այդ վերաբնակները կունենան ինքնապաշտպանության բավարար հնարավորություններ»,- նշեց նախկին օդաչուն:

Կարդացեք նաև

Ճաղարյանի կարծիքով՝ փաստորեն՝ սա ՀՀ ինքնիշխան կարգավիճակի հանդեպ ոչ միայն ոտնձգություն է, այլև ուղիղ հարձակում. «Այս ամենը չի կարող մեկ հոգու գլխում ծնվել, այս խնդիրը պետք է մասնագիտորեն լուրջ վերլուծել, ոչ թե Փաշինյանի մտքով անցածը հայտարարել և ընդունել՝ որպես ծրագիր։ Մեր Սահմանադրությունը չի թույլատրում մեկ հոգու կողմից որոշումներ ընդունել ամբողջ պետության փոխարեն, հայտարարություններ անել ամբողջ ժողովրդի անունից։ Այդ ճանապարհներից պետք է օգտվեն՝ ինչպես միջազգային, այնպես էլ՝ տեղական փոխադրողները։ Պատկերացնենք՝ ադրբեջանական մեքենան վրաերթի է ենթարկել, օրինակ, արցախցի մի ընտանիքի։ Ինչո՞վ կավարտվի սա։ Պատկերացնենք, որ առայժմ Ադրբեջանում գտնվող մի ռազմագերու ընտանիքի մեքենա բախվում է ադրբեջանական մեքենայի։ Սա կոնկրետ սադրանք է՝ սանձազերծելու հերթական պատերազմը»:

«Ասում են, թե իբր տնտեսական կապերով կգնան խաղաղության։ Տնտեսական ինտեգրացիան երբեք չի խանգարել պատերազմների սկսվելուն։ Որքա՜ն ինտեգրված էր Եվրոպան Առաջին կամ Երկրորդ աշխարհամարտից առաջ, բայց դա չկանգնեցրեց պատերազմները։ Ռուսական և ուկրաինական տնտեսություններն իրար ինտեգրված էին անգամ 2014-ին Ղրիմի և Դոնբասի բռնակցումից հետո։ Այդ ամենը չխանգարեց, որ պատերազմ սկսվի»,- ամփոփեց Հակոբ Ճաղարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս