Ադրբեջանն անցել է պահանջների հերթական փուլին՝ չխախտելով 2020թ. պատերազմից հետո որդեգրած փուլ առ փուլ նպատակներին հասնելու քաղաքականությունը․ վերլուծաբան
Ադրբեջանի ԱԳՆ-ն հիմա էլ Հայաստանից 8 գյուղ է պահանջում։ Պահանջը ներկայացված է գերատեսչության հայտարարությունում։
APA-ի փոխանցմամբ, նոյեմբերի 9-ի առիթով արված հայտարարությունում հավաստիացվում է, որ՝ «Հայաստանն ընտրել է խաղաղության համաձայնագրի բանակցություններին խոչընդոտելու ուղին՝ շարունակելով ռազմաքաղաքական սադրանքները և ականապատումը, նախկինի պես ստեղծում է սպառնալիք խաղաղության գործընթացի, մեր քաղաքացիների կյանքի համար, խանգարում է տարածաշրջանում վերականգնման և վերակառուցման աշխատանքներին։ Հայկական կողմը, ի հեճուկս ստանձնած պարտավորությունների, ոչ միայն Ադրբեջանի տարածքից դուրս չի բերել հայկական զինված ուժերը, որոնք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հիմնական սպառնալիքն են, այլև շարունակել է նրանց նյութական և ֆինանսական աջակցությունը, չի դադարեցրել զենքի, ռազմական տեխնիկայի և ականների անօրինական առաքումն Ադրբեջանի տարածք։ Հայաստանը նաև Ադրբեջանին չի հանձնել 8 ադրբեջանական գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի մեջ են»։
Հիշեցնենք, որ խոսքը Տավուշի և Արարատի մարզերի, այսպես կոչված, 8 անկլավային գյուղերի մասին է։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նախկին խորհրդային սահմաններն անկախություն ստացած Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվել են Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների ընթացքում։ Արդյունքում՝ կան ինչպես հայկական, այնպես էլ՝ ադրբեջանական անկլավներ։ Բայց հայկական օկուպացված տարածքների մասին Բաքվում նախընտրում են լռել։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով բանակցային գործընթացին, ինչպես նաև Ադրբեջանից հնչող նմանաբովանդակ հայտարարություններին, ասաց, որ 2020 թվականի լայնածավալ պատերազմից հետո Ադրբեջանը չի փոխել իր քաղաքականությունը, փորձում է փուլ առ փուլ հասնել իր նպատակներին։
Ըստ նրա, ամեն ինչ շատ պարզ է, երբ հարկավոր է Արևմուտքում բանակցել, բանակցում է Արևմուտքում, ստանում ինչ-որ բան, ապա տեղափոխվում մեկ այլ հարթակ կամ անցնում բանակցությունների ուղիղ ռեժիմի:
«Այս քաղաքականության պատճառը միջազգային հարաբերություններում անկայունությունն է, ինչպես նաև պատերազմում Ադրբեջանի հաղթանակը, որը նրան տվել է մեծ վստահության «զգացողություն»։ Ամենայն հավանականությամբ, բրյուսելյան բանակցային ձևաչափում Ադրբեջանը պետք է ինչ-որ քայլ աներ, ճանաչեր տարածքային ամբողջականությունը՝ թվերով, որը չցանկացավ անել, քանի որ շարունակում է ակնկալել միակողմանի զիջումներ Հայաստանից, և գործընթացը միայն այդ տիրույթում է պատկերացնում։ Եվ հիմա անցել է սահմանազատման գործընթացին նույն քաղաքականությամբ, ինչ նախկինում այլ հարցերի դեպքում էր»,- ասաց Լուկիանովը՝ շարունակելով, որ այս հարցի չկարգավորված լինելը թույլ է տալիս Ադրբեջանին այս հարցն օգտագործել և խաղալ աշխարհաքաղաքական առճակատման իրավիճակի վրա՝ լքելով Բրյուսելում ընթացող բանակցությունները։
Ըստ Լուկիանովի, հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները, վստահության դեֆիցիտը ևս նպաստում են նման հռետորաբանության կիրառմանը։
Նրա խոսքով, Հայաստանը վերջին մի մեծ ժամանակահատվածում հույսեր է կապել Արևմուտքի միջնորդության հետ, եղել է հիասթափություն Ռուսաստանից, որը մասամբ հասկանալի է եղել, սակայն ինչպե՞ս է Արևմուտքն արձագանքում, երբ բանակցություններից Արևմուտքում հրաժարվում է Ադրբեջանը և Հայաստանին մեղադրում ապակառուցողականության մեջ։
«Ի վերջո, վերջին շրջանում բանակցությունների և դրան հետևած զարգացումների պատասխանատուն նաև Արևմուտքն է, ինչպե՞ս է Արևմուտքն աշխատում այս իրավիճակը շտկելու կամ դրա հետևանքները վերացնելու համար։ Գուցե սրա համար և՞ս Ռուսաստանն է պատասխանատու։ Դա ազնիվ չի լինի»,- շեշտեց Լուկիանովը։
Նրա խոսքով, Արևմուտքը պետք է արձագանքի և՛ բանակցային գործընթացի խզմանը, և՛ նման հայտարարություններին։
Անդրադառնալով ՌԴ ՊՆ հաղորդագրությանը, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից սպառազինությունն առաքել են Ռուսաստանի Դաշնություն «վերանորոգման համար», Լուկիանովը կարծիք հայտնեց, որ որոշ տեխնիկա դեռ կվերադարձվի Լեռնային Ղարաբաղ, և սա, ամենայն հավանականությամբ, պլանային աշխատանք է։
Ըստ նրա, այլ պարագայում, երբ ԼՂ-ում հայկական բնակչություն լիներ, հասկանալիորեն ողջ տեխնիկան չէր ուղարկվի, այլ հերթով՝ մաս-մաս, ինչպես արվում է սովորաբար։
«Սակայն ստեղծված իրավիճակը թույլ է տալիս գործընթացն անել միանգամից, և երևի թե տեղում կարիք չի լինի ունենալ այնքան տեխնիկա, ինչ նախկինում»,- ասաց Լուկիանովը։