Փաշինյանը մետր առ մետր ինչպե՞ս է չափելու՝ Ադրբեջանը 29.800-ն է ճանաչո՞ւմ, թե՞ ոչ. Հարությունյան

Հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։

«Առաջին՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր է։ Ըստ էության, պիտի ասեմ, որ այս թվերը վերցված են Խորհրդային Միության վերջին հանրագիտարաններում արձանագրվածից, որտեղ արձանագրվել է ՀԽՍՀ և ԱԽՍՀ տարածքի մասին արձանագրումը։ Այնտեղ գրված է՝ Հայաստանի Հանրապետություն՝ 29 հազար 800, ադրբեջանական հանրապետություն՝ 86 հազար 600։ Հաջորդ սկզբունքը՝ դելիմիտացիայի իրականացումն է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, այս դեպքում էլ հիմք են ընդունում Խորհրդային Միության սահմանները։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնեցված 3-րդ սկզբունքի համաձայն՝ բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները՝ կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա»,- ասաց Փաշինյանը։

168.am հետ զրույցում պետությունների տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրով ճանաչելու մասին Փաշինյանի հայտարարությունն աբսուրդ համարեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ շեշտելով՝ եթե վաղն Ադրբեջանի տարածքների հետ որևէ բան կատարվի, արդյո՞ք մենք որպես պետություն՝ մեկ էլ այլ քառակուսի կիլոմետրանոց Ադրբեջանի ճանաչման մասին պետք է խոսենք։

Ըստ Հարությունյանի՝ պետություններն իրենց տարածքային ամբողջականությունն առաջին հերթին ճանաչում են միջազգայնորեն ընդունված չափանիշներով և դրանցով սահմանված սկզբունքներով։

Կարդացեք նաև

«Ուստի Փաշինյանը, հղում անելով Ալմա Աթայի հռչակագրին, որը, ի դեպ, չի վավերացրել Ադրբեջանը, ընդամենն Արցախի խնդիրն է որոշել փակել… Ալիևն էլ հիմա շատ լավ օգտագործում է այն ծուղակը, որի մեջ մեզ գցել է Փաշինյանը՝ իր հայտարարությունով։ Հիմա հարց ունեմ Փաշինյանին, երբ ասում է, թե Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքը 29 800-ով, այդ ինչպե՞ս է չափելու՝ 29 800 է ճանաչե՞լ, թե՞ ոչ։ Ուզում եմ իմանամ՝ Փաշինյանը մետր առ մետր դնելու է չափի և ասի՝ հարգելի՛ քաղաքացիներ, ահա 29 800-ը։ Հետևապես՝ թվերով տարածքային ամբողջականության ճանաչման մասին նրա հայտարարության նպատակը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Արցախից ազատվելու հետ։ Այդ հայտարարությունը տեղավորվում է Արցախից հրաժարվելու նրա քաղաքական որոշման մեջ»,- ասաց Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս