Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվել է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի գաղափարից
Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող զարգացումները շարունակում են գրավել միջազգային ուշադրությունը։
Օրերս ռեգիոնալ իրավիճակին կրկին անդրադարձել էր ամերիկյան Politico պարբերականը, որի թղթակիցը զրուցել էր Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, որն էլ իր հերթին՝ հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը, և Բաքուն այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։
«Մեր օրակարգի հիմքում ընդամենը երկկողմ գործակցության շրջանակներում տրանսպորտային կապերի հաստատումն էր։ Եթե համաձայն են, մենք էլ ենք համաձայն, եթե՝ ոչ, խնդիր չկա։ Այս ծրագիրը շարունակում է մնալ սեղանին, սակայն դրա իրագործման համար հայկական կողմը պետք է ցույց տա, որ ինքն իրոք հետաքրքրված է դրա կյանքի կոչմամբ»,- նշել է Հաջիևը։
Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն էլ իր X սոցիալական ցանցի էջում գրել էր. «Մի հին արևելյան ասացվածք կա՝ «որևէ մեկը մարդու համար այնքան խնդիր չի կարող ստեղծել, որքան ինքը՝ մարդը»։
Հայաստանն առաջնորդվեց հենց այս տրամաբանությամբ՝ հրաժարվելով «Զանգեզուրի միջանցքից» և կորցնելով տարածաշրջանային տրանսպորտային ցանցին մաս կազմելու վերջին հնարավորությունը»։
«Քարնեգի» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածներից մեկում հեղինակն այն եզրակացության է եկել, որ Թեհրանն Ադրբեջանի և Հայաստանի միջև ի վերջո ընտրություն է կատարել հօգուտ Բաքվի։ «Իրանը վերանայեց իր մոտեցումները՝ հասկանալով, որ Կովկասում նոր աշխարհակարգ է։ Թեհրանին սպառնում էր պարտված երկրի հետ դաշինքի մեջ հայտնվելը մի իրավիճակում, երբ տարածաշրջանում այլևս գերակա դեր ունեին իր հանդեպ թշնամաբար տրամադրված Բաքուն և Անկարան»,- գրում է «Քարնեգի»-ն՝ շարունակելով, որ Թեհրանի՝ հօգուտ Ադրբեջանի այս ընտրությունը պայմանավորված էր նաև սեպտեմբերին Հայաստանում անցկացված համատեղ հայ-ամերիկյան զորավարժություններով։
«Իրանական իշխանությունները բազմիցս էին հայտարարել, որ իրենց համար արտատարածաշրջանային ուժերի զինվորականների ներկայությունը երկրի սահմանների մոտ կարմիր գիծ է»,- գրում է կայքը։
Ըստ վերլուծության, իրանա-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման առաջին նշույլներն ի հայտ եկան ամռանը, երբ հուլիսի 5-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանեց Բաքու և հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երկխոսություն նախաձեռնելու փորձը հաջողությամբ պսակվեց՝ փոխվեց հռետորաբանությունը, դադարեցին փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները։
Միևնույն ժամանակ Pars Today-ի փոխանցմամբ, Համ-Միհան օրաթերթի հոդվածում եվրասիական հարցերով փորձագետ Շոայբ Բահմանը գրել է, թե այն նախագիծը, որը կոչվում է Զանգեզուրի միջանցք, այնպիսի նախագիծ չէ, որից Բաքուն և Անկարան այդքան հեշտությամբ հրաժարվեն։
Ըստ նրա, դա պայմանավորված է նրանով, որ հիմնականում կովկասյան տարածաշրջանում վերջին երեք տարիների բոլոր զարգացումները տեղի են ունեցել այս նախագիծն արաջ մղելու պատճառով։ Այսինքն՝ և՛ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, և՛ տարածաշրջանում տեղի ունեցած մյուս զարգացումները համահունչ էին այս մեծ նախագծին, որը ղեկավարում էին Բաքուն և Անկարան, բայց կուլիսներում նրանց աջակցում և առաջնորդում էին այլ դերակատարներ։
«Հետևաբար՝ այս նախագիծը չի ավարտվի Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև նոր տարանցիկ գծի կառուցմամբ։ Որովհետև սա վաղեմի երազանք է, որը պանթուրքական և պանթուրանական հոսանքներն ունեն ու հետևում են դրան»,- ասված էր հոդվածում։
«168 Ժամ»-ի հետ զրույցում իրանցի քաղաքական վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ ներկայումս Իրանն ու Ադրբեջանն ակտիվորեն զբաղվում են Իրանի տարածքով Նախիջևան տանող ճանապարհով, որի շինարարությունը սկսվել է, վերջերս կայացել էր կամրջի և անցակետի ենթակառուցվածքների կառուցման մեկնարկի արարողությունը։ Ի դեպ, ըստ նրա, ճանապարհը կոչում են միջանցք, սակայն շեշտում են երկրների ինքնիշխանությունը։
«Ես նման մեկնաբանություն չէի անի, որ Իրանն ընտրեց Ադրբեջանին։ Հայ-իրանական հարաբերություններում կան ինչպես փոխըմբռնման շատ կետեր, այնպես էլ տարաձայնություններ՝ պայմանավորված Հայաստան-Արևմուտք համագործակցությամբ։ Եվ, այո՛, երբ Իրանի հարևանությամբ ԱՄՆ-ի հետ զորավարժություն է կազմակերպվում, դա Իրանի համար մտահոգության և անհանգստության առարկա է և, վստահաբար, սա եղել է հայ-իրանական բարձրաստիճան շփումների թեմա։ Սակայն, միևնույն ժամանակ՝ հարկ է նշել, որ վերջին շրջանում կա փոխըմբռնում նաև Ադրբեջանի հետ, սա համեմատած անցնող երկու տարիների հետ՝ առաջընթաց է, այն ժամանակ բավականին լարվել էին հարաբերությունները։ Չեմ կարծում, թե հայ-իրանական հարաբերությունները տուժել են, Իրանը շարունակում է հանդես գալ՝ որպես ՀՀ անվտանգության համար պայքարող երկիր, Իրանի համար ՀՀ սահմանները և ՀՀ տարածքային ամբողջականությունը շարունակում են ռեգիոնալ առաջնահերթություն լինել»,- ասաց մեր զրուցակիցը։
Կայհան Բարզեգարը նշեց, որ Իրանը չի փոխել իր մոտեցումն այս ճանապարհի հարցում, այլ Ադրբեջանը։
Նա հիշեցրեց, որ Իրանը շատ տարբեր փուլերում Ադրբեջանին առաջարկել է նման ճանապարհ, ինչպես նաև առաջարկել էր 2020 թվականի պատերազմից հետո, այդ առաջարկները հնչում էին ամենաբարձր մակարդակով, սակայն որևէ արձագանք չէին ստանում։ «Ներկայումս, այս ջերմացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ զարգացումների և այդ թվում՝ Իրանի հստակ դիրքորոշման ֆոնին՝ Ադրբեջանը համաձայնեց և ընդունեց իրանական առաջարկը։ Կարծում եմ՝ սա նաև ի օգուտ Հայաստանի է, քանի որ Ադրբեջանի նկատմամբ աճող դերը, ինչպես նաև լավ հարաբերությունները կավելացնեն Իրանի դերը, նշանակությունը, հետևաբար՝ նաև է՛լ ավելի կամրապնդեն Իրանի ռեգիոնալ կարմիր գծերը»,- ասաց իրանցի վերլուծաբանը։
Նրա խոսքով, զարգացումը նման ուղղությամբ, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից Բրյուսելի դիրքերի թուլացումը բխում է ռեգիոնալ երկրների շահերից։
«Այս հարցում Իրանն ու Ադրբեջանն ունեն կոնսենսուս, Հայաստանն ունի ավելի ակտիվ կապեր Արևմուտքի հետ, Իրանն այս մասով իր դիրքորոշումները հայտնում է, սակայն նաև դա ընդունում է, քանի դեռ այն չի հակասում իր շահերին»,- նկատեց վերլուծաբանը։
Իրանցի մեկ այլ վերլուծաբան՝ Ալի Սալամին էլ գտնում է, որ Ադրբեջանը փոխեց իր մոտեցումը Հայաստանով անցնող ճանապարհի վերաբերյալ, քանի որ եղավ աննախադեպ ճնշում Իրանի, ինչպես նաև այլ որոշ երկրների կողմից։ Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը ևս այս մասին կարծիք էր հայտնում՝ նշելով, որ երկրների ինքնիշխանությունը չպետք է խախտվի։
«Չի բացառվում, որ կուլիսային բանակցություններ են տեղի ունեցել, որոնց բովանդակությունը չի բարձրաձայնվում։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ երկար ժամանակ Բրյուսելում բանակցելով՝ Բաքուն սերտացնում է իր հարաբերությունները Մոսկվայի և Թեհրանի հետ, կարծես հաջողվել է Բաքվին մասամբ կտրել Արևմուտքից, բնականաբար, սա տեղի է ունեցել և՛ Մոսկվայի, և՛ Թեհրանի քայլերի հետևանքով, չի բացառվում՝ նաև Անկարայի, որը, ինչպես տեսնում ենք՝ իր դիրքորոշումների մասին ակտիվ չի հայտարարում։ Չի բացառվում նաև, որ Բաքուն չի հրաժարվել այդ գաղափարից, և դա որոշ ժամանակ անց կրկին դառնա բանակցության թեմա, քանի որ այս թեման անցել է պատմական մեծ ճանապարհ, և Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ հենց այս երթուղուն են ժամանակ առ ժամանակ անդրադարձել։ Ուստի աշխարհաքաղաքական ինչ-որ կոնֆիգուրացիայի դեպքում գուցե թեման թարմացվի»,- ասաց վերլուծաբանը։
Ամփոփելով՝ նշենք, որ արևմտյան պարբերականները, Արևմուտքը և արևմտյան քաղաքական գործիչներն ամենայն հավանականությամբ ռեգիոնալ զարգացումները դատում են հնչող հայտարարություններից ու գործընթացներից ելնելով՝ չփորձելով խորամուխ լինել Ադրբեջանի ողջ մարտավարության մեջ։
Անկախ հայտարարություններից՝ Ադրբեջանը ռեգիոնում ձգտել է իրականացնել իր պլան մաքսիմումը, և շատ փորձագետների գնահատմամբ՝ իրականում չի հրաժարվել, այսպես կոչված, Զանգեզուրի ճանապարհի գաղափարից, այլ փորձում է բթացնել այս հարցում սուր դիրքորոշում ունեցող երկրների դիրքորոշումները։