Կա՛մ ՔՊ-ական ես՝ առանց համոզմունքի, կա՛մ քաղբանտարկյալ՝ ինչպես Արմեն Աշոտյանը. Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ-ում պատգամավորների հայտարարությունների ժամին ԱԺ ամբիոնից ասաց՝ ակնհայտ է, որ իշխանազավթի ու թուրքի միջև պայմանավորվածություններով հանձնվող երկու հայկական պետություններում կան խոչընդոտներ։
«Այս խոչընդոտները մարդիկ են՝ մտածող, խոսող, պայքարող հայերը։ Իհարկե, տեխնիկական խնդիր է, բայց պետք է բարձրաձայնել, որ Նիկոլը չի կարող բոլոր հայերին հանձնել Բաքվի բանտ, դրա համար էլ պիտի ստեղծվեին և ստեղծվել են նիկոլական պատժիչ ջոկատներ։ Իհարկե, այդ պատժիչ ջոկատները թաքնվում են տարբեր իրավապահների անվան տակ, իրականում իրականացնում են մեկ ֆունկցիա՝ հայերին պատժելու ֆունկցիան։ Հայաստանում այս պահին նիկոլական բանտերում են գրեթե հինգ տասնյակի հասնող քաղաքացիներ, նրանք հայտնվել են նիկոլական բանտերում, որովհետև համարձակվել են խոսել Հայաստանի շահերի մասին, Թուրքիայից եկող վտանգների մասին։ Նրանց բանտարկել են խոսքի համար, կարծիք ասելու, այո, Նիկոլի անունը տալու համար։ Տաթև Վիրաբյան, Արմեն Աշոտյան, Գրիգորի Խաչատուրով, Մամիկոն Ասլանյան, Լևոն Քոչարյան, 17-18 տարին նոր լրացած 35-ից ավելի երիտասարդներ, հայրենիքի համար զոհված զինվորների ծնողներ՝ Գարիկ Գալեյանը, Արմեն Գալստյանը ու էլի շատերը»,- նշեց Աննա Մկրտչյանը։
Նա նաև ընդգծեց, որ իր խոսքի առաջին հատվածը ՀՀ քաղաքացիներին չի ուղղված, քանի որ բազմաթիվ սոցիոլոգիական հարցումների ժամանակ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը, չնայած ռեպրեսիաներին, բարձրաձայնել են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։
«Այս ամենը նորություն չէ նաև միջազգային հանրություն կոչվածի համար, որովհետև ամերիկյան կառույցներից մինչև եվրոպական տարբեր կազմակերպություններ խոսել են այս ամենի մասին՝ ասելով, որ վերջին տարիներին Հայաստանում կալանքը քաղաքական պատժիչ գործիք է։
Ախր, քաղաքական բանտարկյալներն այսօր միայն նիկոլական բանտերում չեն, ակնհայտ քաղաքական բանտարկյալներ էին մեր արցախահայերը։
Հիմա մեր երկրում կարելի է երեք կատեգորիայի մեջ տեղավորվել՝ կա՛մ ՔՊ-ական ես, առանց խղճի և համոզմունքի, կա՛մ քաղաքական պատանդ ես երկրում, կա՛մ քաղաքական բանտարկյալ նիկոլական բանտում»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում