Գեներալ Մանվելին Մամեդյարովն ու Ալիևի կինը տեսան, փախան. էսօրվա նիկոլականներ կային, մի օր անունները հատիկ-հատիկ տալու եմ, ասացին՝ Ձեր ձեռքը համբուրում ենք. Մեսրոպ Մանուկյան
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն է։
Հարցազրույցի ընթացքում Մեսրոպ Մանուկյանի հնչեցրած թեզերը՝ դիպաշարով․

- Խորհրդարան գնալուց իմ աշխատելաոճը չի փոխվի, այսինքն՝ շարունակելու եմ քաղաքացիների խնդիրներով զբաղվել, շարունակելու եմ երկրի շահերից բխող խնդիրներից խոսել, ներկայացնել պրոբլեմները և, խոստանում եմ, նաև խոստանում եմ ձեր եթերից, որ բոլորի խնդիրը կլինի ուշադրության կենտրոնում, խոստանում եմ, որ քաղաքացիների քվեները, որոնք վստահվել են մեզ, արդարացված կլինեն, և դրա շոշափելի արդյունքը շատ շուտով դուք էլ կտեսնեք։
- Ընդդիմությունը երբեք չի դադարել ներկայացնել Հայ Առաքելական եկեղեցու կարևորությունը մեր կյանքում, ընդդիմությունը երբեք չի դադարել պնդել, որ մենք ունենք մեկ Վեհափառ և բոլորս ընդունում ենք Վեհափառին, մեր հոգևոր առաջնորդին։ Էն, որ էս իշխանությունն ամենաշատը ծառայում է թուրքական շահին, դա ապացուցում է նաև կռիվը, պայքարը մեր եկեղեցու, մեր արքեպիսկոպոսների, մեր Վեհափառի դեմ։
Բայց նաև՝ Վեհափառի խոհեմությունը և տոկունությունն է եղել, որ առայսօր չեն կարողացել իրենք ոչինչ անել եկեղեցու դեմ։ Եկեղեցին կա, Վեհափառը կա, անսասան, և ես առավել քան վստահ եմ, որ այդպես էլ շարունակվելու է։ Ցանկացած խնդրի ժամանակ պատրաստ ենք դուրս գալ և ինչով կարող ենք՝ պիտանի լինել ու ծառայել մեր եկեղեցուն։ Այսօրվա էդ որոշումները, որ իրենք ուզում են կայացնել՝ կարգալույծ եղած անհասկանալի մեկին բերել, ցույց է տալիս հենց իրենց արժեհամակարգը։ Այսինքն՝ իրենք խախտում են և՛ օրենք, և՛ խախտում են հոգևոր օրենքները։
- Քննադատությունների մի մասին շատ նորմալ եմ վերաբերվում, որովհետև մարդիկ ակնկալել են, որ էս չարիքից կազատվեն (նույնը՝ ես, ձայն տալով «Հայաստան» դաշինքին, նախկինում ակնկալել եմ, որ պիտի հեռացնեն)։ Չի ստացվել․ դժգոհություն կա, այո՛, մարդկանց մոտ դժգոհությունն օբյեկտիվ է, բայց կա նաև սուբյեկտիվ գործոնը․ ի՞նչ չեն արել, օրինակ, ի՞նչ պիտի անեին։ Մենք նորովի պիտի ներկայանանք ժողովրդին, և էս պարագայում ես հույս ունեմ, վստահ եմ, որ, այնուամենայնիվ, կստացվի էս չարիքից ազատվել։
- Սոցիալական ճգնաժամը գնալով ավելի ու ավելի խորանալու է, որովհետև էս իշխանությունը ոչ հայամետ է։ Պետք չի, որ դու լինես արևմտամետ կամ ռուսամետ, դու պիտի լինես հայամետ, ծառայես քո ժողովրդի շահին։ Էս պարագայում մեր բնական դաշնակիցը Ռուսաստանն է թե՛ տնտեսապես, թե՛ մնացած առումներով։ Երբ որ դու դեռ խնդիրը չես լուծել, նվազագույն ընդունենք 30 տոկոս այլընտրանքը դու դեռ չունես․․․ էներգակիրների համար ինչ-որ հիմար մտքեր են արտահայտում՝ գազը Թուրքմենստանից կբերենք, Ադրբեջանից կբերենք, կամ ասում է՝ Պարսկաստանից կբերենք․․․․Պարսկաստանի խողովակը կա․ էդ չափի գազը գալիս է, էդ չափի հոսանքը հետ ես ծախում, Թուրքմենստանից լոգիստիկան չկա… դու ո՞նց ես բերելու էդ գազը, որ վաճառես։

- Դրան գումարած՝ գալիս է հաջորդ քայլը, անհեռանկար քաղաքականությունը․ երբ դու քո երկրում տնտեսվարողին սկսում ես նմանատիպ քաղաքական ճնշումների, բռնաճնշումներ ենթարկել, նոր ներդրողը չի գա քո երկրում փող դնի, որովհետև ինքը կհասկանա՝ վաղը-մյուս օրը իմ նկատմամբ սա կլինի։ Կամ՝ երկրի վարչապետն ասում է, թե դա կլինի ԵԱՏՄ-ի վերջը․ չէ՛, լո՞ւրջ ես խոսում դու։ Այսինքն՝ դու ԵԱՏՄ-ի հասցեին խոսում ես նման վիրավորական սպառնալիքներով, ակնկալում ես, որ ԵԱՏՄ-ն ասելու է՝ վա՜յ, ո՞ւր էիր, արի, քեզ էինք սպասում, հա՞։
- Պիտի գնաս, հստակ պահանջը դնես՝ և՛ կառավարության դիմաց, և՛ հստակ պահանջը դնես Եվրամիության երկրների դիմաց, ասես՝ էդ որ դուք էս մեր չեղածին դրդում էիք, որ Ռուսաստանի դեմ կռիվ անի, դե բերե՛ք էդ փողը նվեր տվեք, որ մենք կարողանանք մեր տնտեսական հարցերը լուծել։ Արել եք, դե դրա տակից դուրս եկեք, բերեք ժողովրդին պահեք նույն կենսամակարդակի վրա…
- Ինչը կարող է դրդել փողոց դուրս գալուն, փողոցային պայքարին, էս իշխանության վռնդելուն․ Եկեղեցու դեմ պայքարը, սոցիալական բունտը, որը հասունանում է։ Էս մարդիկ մենակ ծառայում են իրանց գրպաններին, մենակ իրանց կյանքն է փոխվել, մենակ գումարն իրենց գրպաններում է ավելացել․ իրենք հաղթահարել են աղքատությունն իրենց գրպաններում․ իրենց գլխում աղքատ են իրենք, որովհետև շարունակում են թալանել… Երրորդը, իմ գնահատմամբ, անկլավների խնդիրն է։
- Լիքը պրոբլեմներ կան, որոնք սարերի հետևում չեն, ու կան մարդիկ, որ հասկացել են՝ Նիկոլ Փաշինյանը խաբող-քցող է, չեն համբերելու 5 տարի․ այսինքն՝ սա դեդլայնն է արդեն։ Ընդունենք, չգիտեմ, 27 թվականը դեդլայնն է, վսյո, էդ հարցերը լուծված պիտի լինեն։ Ես հավատում եմ, որ էս չարիքի վերջը գալու է։

- Իմ կյանքում յուրահատուկ տեղ ունի Մանվել Գրիգորյանը։ Բացի այն, որ եղել եմ նրա օգնականը, նաև իմ քավորն է, ու երբևիցե չեմ հրաժարվել, ինչպես բազում էսօր ՔՊ-ի ոտքերի տակ ծառայող՝ Մանվել Գրիգորյանի մոտ ժամանակին վազվզողները։ Երբ Մանվել Գրիգորյանի դեմ էդ պայքարը սկսվեց, առաջին օրը ես դուրս եմ եկել, ու եթե ես սխալվում եմ, թող ինձ ուղղեն, բայց երևի թե առաջին մարդը, ով որ հրապարակայնորեն ասել է, որ զգում է՝ Արցախի հարց կա, հողերը հետ տալու կամ հողերը թուրքերին նվիրելու խնդիր կա, դա եղել եմ ես՝ ԱԱԾ շենքի դիմաց Մանվել Գրիգորյանին բռնելու ժամանակ։
Չնայած էդ ժամանակ իր օգնականը չէի, արդեն Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտն էի։ Բայց ինձ համար ակնհայտ էր, երբ իրենք ցույց տվեցին կադրեր, զինվորների դեղերի, իբրև թե այդ դեղերը գողացել են, ինձ համար արդեն պարզ էր, որ էս բոլորը ֆեյք բեմականացում է։
Մանվել Գրիգորյան բուժման ամբողջ ընթացքում ես իր հետ եմ եղել, ամբողջ ընթացքում իր դեղերը Ֆրանսիայից ենք մենք միշտ գնել-բերել, ինքը երբևիցե զինվորի դեղի կարիք չէր կարող ունենալ։ Էսօր ոչ մեկը չի խոսում, որ Մանվել Գրիգորյանի մեղադրական վերդիկտը, որը եղել է ու ավարտվել, չկա ո՛չ տուշոնկա, ո՛չ խտացրած կաթ։ Մեղադրանքի մեջ չկա՛, ուղղակի բացակայում է։
- Այսինքն՝ սրանք, նախ, մարդու իմիջն են ոչնչացնում, հեղինակությունն են ոչնչացնում․․․ տեսե՛ք, Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ևս այդ կերպ են գործում․․․ իսկ հեղինակությունը ոչնչացնելուց հետո մարդուն արդեն ոչնչացնելը շատ հեշտ է։
- Մանվել Գրիգորյանի համար հայրենիքը վեհ արժեք էր, և իր հետ կապված երկու դրվագ եմ ես ուզում պատմել։ Առաջին անգամ եմ պատմում։ Շատ ծանր վիրահատությունից հետո, Սեն Լու քաղաքի հիվանդանոցում ես միշտ իր կողքին էի լինում, որովհետև լեզվի, մարդկանց հետ խոսելու խնդիր կար։ Ասեցի՝ ի՞նչ կուզես էլի, բերեմ, անեմ քեզ համար, ասեց՝ երկու բան կա իմ հոգու մեջ, ասեցի՝ ի՞նչ, ասեց՝ մեկ Աստծուն խնդրում եմ Արցախի հարցը լուծված տեսնեմ՝ նոր իմ հոգին տար, մյուսը, որ ասի՝ ախպերս ինձ ներե՞լ է, թե՞ չէ։ Եղբայրը պատերազմի ժամանակ, գիտեք, մահացել էր։ Արցախն իր համար ուրիշ արժեք էր, շատ-շատ ուրիշ արժեք։

- Մյուս դրվագը, որ ուզում եմ պատմել։ 2014 թվական էր, ես նոր-նոր նշանվել էի, պիտի ամուսնանայի, ասի՝ արի գնանք, կնոջս ուզում եմ նվեր առնել։ Փարիզի խանութներից մեկում էինք, նստած էինք, ներս մտան Մամեդյարովն ու Ալիևի կինը միասին։ Եկան առաջ, ու երբ էս Մամեդյարովը Մանվել Գրիգորյանին տեսավ, ոնց որ մի սատանա տեսած լիներ․․․ վախեցավ, էս իրենց հետ եկած անվտանգության ժողովրդին վերցրին, դեսպանատան ավտոների վրա ազդանշանները դրեցին, փախան-գնացին… Էսօրվա նիկոլականներ կային այնտեղ, մի օր անունները հատիկ-հատիկ ասելու եմ, եկան, գեներալին ասացին՝ Ձեր ձեռքը համբուրում ենք, խոնարհվում ենք, էս ի՞նչ էր՝ թուրքը մեզնից այսպես ահաբեկվում, վախենում է։ Այդ ժամանակ ես հպարտություն ապրեցի, որ ես հայ եմ, որ ադրբեջանցին ու թուրքը կարող են մեզ տեսնել, վախենալ ու փախչել։
Մանրամասները՝ տեսանյութում

