44-օրյա պատերազմն Արցախի կարգավիճակի համար էր. ով և երբ փակեց ինքնորոշման իրավունքի հարցը, ինչ պայմանավորվածություններ են եղել

Երեք տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, երբ դեռ պատերազմ էր գնում, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

 «1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։

2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները և համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։

3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որևէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետև դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին, Կազանում։

Կարդացեք նաև

4. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձևով։

5. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։

6. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը և անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»:

Նույն օրը հրապարակվել էր «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը տված Փաշինյանի հարցազրույցը, որտեղ հարցին՝ «Դուք պատրա՞ստ եք կարգավորումը սկսել Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանները Ադրբեջանին փուլային ճանապարհով փոխանցելուց՝ Հայաստանի համար պահպանելով Լաչինի միջանցքը, մինչև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը», նա պատասխանել էր.

«Գիտեք, ես բազմիցս ասել եմ, և դա Հայաստանի՝ փաստացի բոլոր ժամանակների պաշտոնական դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մեզ համար ռազմավարական դեր ունի: Դուք ահա հիշատակեցիք մի տարբերակ: Ես գիտեմ, որ Հայաստանը մոտավորապես նմանատիպ մի լուծման պատրաստ է եղել մի քանի տարի առաջ: Այդտեղ, սակայն, մեկ նյուանս է եղել՝ իսկ ի՞նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ»:

Ճշտող հարցին՝ նկատի ունեք Կազանյա՞ն համաձայնագիրը, Փաշինյանն արձագանքել էր.

«Այդ թվում՝ նաև Կազանյան նախաձեռնությունը: Բայց ցանկանում եմ ասել, որ այնքան էլ խելամիտ և պրագմատիկ չեմ համարում գնալ լուծման՝ կենտրոնանալով որոշ կարևոր կետերի վրա և ուշադրությունից դուրս թողնելով մյուս կարևոր կետերը: Պետք է հասկանալ, թե ինչպես է միևնույն կամ նմանատիպ հարցին պատասխանում Ադրբեջանը. իսկ պատրա՞ստ են արդյոք նրանք ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:

Իսկ արդեն պատերազմից հետո 2021-ի այս օրը՝ հունվարի 4-ին հրապարակված «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածում Փաշինյանը, մասնավորապես, գրել է.

«Ֆորմալ առումով 2016 թվականից հետո էլ բանակցային գործընթացը շարունակում է տեղի ունենալ Մադրիդյան սկզբունքների կամ դրանց կոնֆիգուրացիայի հիման վրա, բայց ռուսական առաջարկները կան, գոյություն ունեն և նրանց ներկայությունը զգացվում է ամենուր, առնվազն այն տրամաբանությամբ, որ 7 տարածքների հանձնումը 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացի հիմնական, եթե ոչ՝ միակ թեման է:
Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար: Բոլոր համանախագահները համակերպվել են այս մտքի հետ, և ռուսական առաջարկները, ըստ էության, համանախագահության առաջարկներն են: Կրակին յուղ է լցնում նաև Թուրքիան, ում ձեռքերը ազատվել են և նույնիսկ ավելի են երկարել ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից հետո, և նա տարածաշրջանի կայունության միակ նախապայմանը համարում է 7 շրջանների հանձնումը:

Ադրբեջանն իր հերթին՝ շարունակում է հայտարարել, որ ԼՂ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս քննարկելի չէ, և ռուսական առաջարկների ի հայտ գալուց հետո ավելի է սրում դիրքորոշումը՝ ԼՂ որևէ կարգավիճակ այս փուլում քննարկելի չէ: Թող այդ հարցին անդրադառնան հաջորդ սերունդները: Այս իրավիճակում ենք, ըստ էության, ժառանգել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթաց»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը նախ ընդունում է, որ պատերազմն Արցախի կարգավիճակի համար էր, և, որ նախկին իշխանությունների համար այն ռազմավարական նշանակություն է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այնուհետև հասկացնում է, որ ինքը ճիշտ չի համարում մեկ կետի կամ սկզբունքի վրա կենտրոնանալը, կոնկրետ դեպքում՝ Արցախի ինքնորոշման իրավունքի, արդեն պատերազմից հետո նշում է, որ Արցախի կարգավիճակի հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար:

Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում https://minval.az/news/124351782 ասել է.

«1992-ին մենք ինքներս միջնորդության դիմեցինք, իսկ այն ձևավորվեց այնպես, որ պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը: Այդ գործընթացը շարունակվեց մինչև 2020 թվականի պատերազմը: Ադրբեջանը հրաժարվեց միջնորդությունից՝ հայտարարելով, որ իրավիճակը դե ֆակտո փոխվել է, Ադրբեջանը սեփական ուժերով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը: Եվ մենք չենք դիմում ոչ միջնորդության, ոչ էլ իրավիճակի վերանայման: (В 1992 году мы сами обратились за посредничеством, это посредничество было сформировано таким образом, что предстояло определить политический статус «Нагорного Карабаха». Этот процесс продолжался до войны 2020 года, война изменила ситуацию. Азербайджан отказался от посредничества, заявив, что ситуация де-факто поменялась, и что Азербайджан своими силами восстановил свою территориальную целостность. Мы не обращаемся ни за посредничеством, ни за пересмотром этой ситуации»):

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2016-ին Ադրբեջանի նախագահը նախարարների կաբինետի ընդլայնված նիստում հայտարարել էր.

«Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով համաձայնել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտական կանոններ: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»:

Իսկ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, աստիճանաբար համաձայնեց կամ առնվազն պայմաններ ստեղծեց Արցախի Հանրապետության կորստի համար:

Նշենք, որ 2022 թվականին նա ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել էր.

«Տեղյակ եք, որ քննարկվում է, որ կա ռուսական և ոչ ռուսական հայեցակարգ, փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետության կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում պայմանական ասած ռուսական հայեցակարգի հետ։ Դուք տեղյակ եք, որ Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով ճիշտ մոտեցումը կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Ինչո՞վ է սա հիմնավորվում։ Հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել մի կարգավիճակ, որ փոխընդունելի կլինի։ Ընդ որում, պետք է խոստովանել, որ դա նոր վիճակ չէ, բայց ամեն դեպքում։ Ինչքանո՞վ է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ։ Ես պետք է ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում»:

Փաշինյանը շարունակել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում կա երեք բաղադրիչ՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ։

«Դուք նկատել եք, որ հընթացս կարգավիճակ բառը՝ որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել։ Ինչո՞ւ, հենց այս տեսլականի բերումով, որովհետև մենք համաձայն ենք եղել ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ այդ թեման չարժե գնալ և փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի»,- շեշտել էր նա:

Բայց արի ու տես, որ ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն է փորձում լուծել Արցախի կարգավիճակի հարցը՝ այն ճանաչելով Ադրբեջանի կազմում կամ տարածքային ամբողջականության մի մաս՝ «կտրելով» իր իսկ նշած հիմնախնդրի 3 բաղադրիչներից մեկը, որը հանգեցրեց նաև մյուսների չեզոքացմանը, որքան էլ այսօր Արցախի կորուստը Փաշինյանը դիտարկի միայն Արցախի իշխանությունների պատասխանատվության գոտում և փորձի օրակարգ մտցնել արցախահայության վերադարձի հարցը միջազգային երաշխիքների առկայության պայմաններում: Ինչպես իր հոդվածում էր նշել Փաշինյանը, «Արցախի կարգավիճակի հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար»:

Իսկ Ադրբեջանը բացառում է այն, և այս պարագայում խոսել Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակի մասին՝ արդյոք իրատեսակա՞ն է: Եվ հետո, անգամ այս դեպքում մենք գործ ունենք նշաձողի իջեցման հետ Արցախի կարգավիճակի հարցում:

Մյուս կողմից, 168.am-ը մեկ անգամ չէ գրել, որ, ըստ էության, ՀՀ-ի և Արցախի իշխանություններն Արցախի կարգավիճակի հարցում հետքայլ արեցին դեռ նախքան պատերազմը, երբ մտածեցին, որ երկրորդեցին ինքնորոշման իրավունքը և առաջ բերեցին անվտանգության խնդիրը, թե ինչպես էր հնարավոր առանց կարգավիճակի հարցի լուծման անվտանգության ապահովում, տեսանք 2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրանից հետո:

Թերևս, սա նկատի ուներ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ հոկտեմբերի 17-ին դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Արցախի Հանրապետության ինքնորոշումն իրականություն դարձնելու դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանի իշխանությունը, նաև Արցախի նախկին իշխանությունը։

«Խնդրում եմ բառերս ճիշտ հասկանալ, ոչ թե նախկին իշխանությունները, այլ նախկին իշխանությունը։ Արայիկ Հարությունյանն էլ է գտնվում Բաքվում, եկեք անվանական չխոսենք»,- ընդգծել էր Սերժ Սարգսյանը։

Հավելենք, որ 2020 թվականի սեպտեմբերի սկզբին՝ 44-օրյա պատերազմից առաջ Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր

«Մադրիդյան սկզբունքներում կար հստակ երկու առաջարկություն. 5 շրջանի վերադարձ անորոշ կարգավիճակով, հետագայում՝ պլեբիսցիտի տարբերակով, հանրաքվեի ավելի թույլ տարբերակով, մյուսը՝ կարծես թե 7 շրջան ու ինչ-որ միջանցք՝ Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց, բայց ոչ Ադրբեջանի կողմից: Ճանաչում, թե չճանաչում, ինձ համար կարևոր չէ, կարևորը մեր անվտանգությունն է: Իսկ նման պարագայում մեր անվտանգությունն ավելի խոցելի է դառնում:

Այդ առումով մենք այսօր չենք քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը: Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը՝ ՀՀ իշխանությունների հետ: Ես նշել եմ, որ դրանք նույնական են, որևէ խնդիր չկա: Նախկինում շատ ավելի խոսում էինք ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո՝ անվտանգության մասին, հիմա, ոչ, գլխավորն անվտանգությունն է: Եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, դա նշանակելու է Արցախի վերջը, մենք գիտենք՝ ով է մեր թշնամին»:

Եթե մի պահ ընդունենք, որ անվտանգության առաջ բերումն էր ճիշտ, կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ-ի և Արցախի իշխանությունները չկարողացան ապահովել անգամ իրենց կողմից առաջ քաշած թեզի իրականացումը, և թույլ անվտանգությունը բերեց 44-օրյա պատերազմում պարտության, այնուհետև՝ Արցախի կորստին: Գուցե կային ա՞յլ պատճառներ:

2020-ին լրագրողների հետ հանդիպմանն արված այս հայտարարությունից օրեր հետո Արայիկ Հարությունյանը 168.am-ին տված հարցազրույցում նշել էր, որ «ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, թե անվտանգություն, արհեստականորեն ձևավորված երկընտրանք է, քանի որ մեկը գլխավորապես միջոց է, մյուսը՝ նպատակ»:

«Ինչ վերաբերում է, թե որն է Արցախի համար առաջնային՝ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչո՞ւմը, թե՞ անվտանգությունը, ապա դա արհեստականորեն ձևավորված երկընտրանք է, քանի որ մեկը գլխավորապես միջոց է, մյուսը՝ նպատակ: Այսինքն, ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ու անկախության միջազգային ճանաչումը ինքնանպատակ չեն, դրանք պետք է ծառայեն Արցախի բնակչության երաշխավորված տևական անվտանգությանն ու արժանապատիվ կյանքին սեփական հայրենիքում:

Այդ արհեստական երկընտրանքի կողմնակիցները պետք է հետևյալ մտավարժանքով համոզվեն անվտանգության առաջնահերթության հարցում. եթե տեսականորեն ընտրելու լինեն երկու տարբերակի միջև՝ ա) զրո միջազգային ճանաչում փաստացի անկախության ու կայուն անվտանգության պայմաններում (օրինակ՝ Արցախի ներկա վիճակը), և բ) լրիվ միջազգային ճանաչում խիստ խոցելի ու անկայուն անվտանգային միջավայրով (օրինակ՝ մերօրյա Սիրիան կամ Ուկրաինան), ապա արդյո՞ք չէին ընտրի «Ա» տարբերակը:

Քանի որ մենք կարծում ենք, որ մեր անվտանգային միջավայրը կարող է բարելավվել, եթե սեփական անվտանգային երաշխիքներին ավելանան միջազգային ճանաչմամբ պայմանավորված երաշխիքները, գլխավորապես այդ պատճառով, այո, մեզ համար կարևոր է միջազգային ճանաչումը, սակայն ոչ երբեք՝ մեր սեփական անվտանգային երաշխիքների հաշվին: Իսկ եթե առաջարկվում է մեր անվտանգության սեփական երաշխիքները փոխարինել միջազգային ճանաչումից բխող անորոշ երաշխիքներով, և Ադրբեջանն էլ անընդհատ անվտանգային իրական սպառնալիքներ է ներկայացնում՝ առանց միջազգային պատշաճ հակազդման, արդյո՞ք պարտավոր չենք ընդգծել մեր անվտանգության ապահովման առաջնահերթությունը բոլոր մնացած պայմանների հանդեպ»:

Փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանի ներդաշնակեցված համագործակցությունը, նախկինում բանակցված բանակցային փաստաթղթերի մերժումը հանգեցրեց այսօրվա իրավիճակին: Իսկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի պետական ինստիտուտների լուծարման և Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությունն ըստ մասնագետների՝ առոչինչ է: Եվ հուսով ենք, այս մասին նա դեռ պարզաբանումներ կտա, հատկապես, երբ ընտրվելիս հայտարարում էր՝ Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով:

Ի դեպ, 2022 թվականի ապրիլին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում նախագահ Արայիկ Հարությունյանը, չնայած պատերազմից առաջ Արցախի ինքնորոշման հարցի մասին իր հայտարարություններին, ասել էր՝ ստատուս-քվոն պետք է պահպանվի: Այսինքն, հասկանում են, որ պետք է ապրեն Ադրբեջանի հարևանությամբ, բայց ենթակայություն հնարավոր չէ, անթույլատրելի է։ 

«Պետք է շարունակել ապրել այստեղ՝ ունենալով դե ֆակտո անկախություն և ձգտելով դե յուրե հետագա փոփոխության: Դա կարող է լինել անկախություն, դա կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաև Ռուսաստանի հետ ինչ-որ հարաբերություններ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»,- ասել էր նա:

168.am-ը գրել էր՝ Արցախի կարգավիճակի հետ կապված քննարկումներ Արցախում տեղի են ունեցել դեռ 2021 թվականին:

2021-ի հունվարի 25-ին մեր դիտարկմանը, որ պետական կառավարման համակարգի աշխատակիցների հետ սկսված հանդիպումներից հետո խոսակցություններ են գնում, որ Արցախում պատրաստվում են փաստաթուղթ ստորագրել Արցախի կարգավիճակի հետ կապված, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն ասել էր.

«Նախագահը ոչ թե ասել է՝ փաստաթուղթ կա, այլ, որ ապագայում փաստաթղթի հետ կապված ինչ հարցեր էլ լինեն՝ առաջարկ, քննարկում, մինչև վերջնական որոշում կայացնելը, կրկին հանդիպումներ է անցկացնելու հանրության հետ, լսելու է նրանց կարծիքը, նոր միայն փաստաթղթի հետ կապված որոշումներ է կայացնելու: Սա է եղել ամբողջը: Փաստաթուղթ կարող է լինել ոչ միայն կարգավիճակի հետ կապված, այլ Արցախի կողմից ցանկացած հարաբերության կառուցման, որ Արցախի իշխանությունը կարող է ստորագրել: Միայն կարգավիճակը չէ, տարածքների, համագործակցության ձևաչափի հարցն է»:

Հակադարձմանը՝ Արցախում ստեղծված իրավիճակում ինչպե՞ս են պատկերացնում Արցախի կարգավիճակը, Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որտեղ նշում էր՝ «լուրեր են պտտվում, որ պատրաստվում են ստորագրել փաստաթուղթ, ըստ որի՝ Արցախի մնացորդը հանձնվում է Ադրբեջանի կազմ», Արցախի ղեկավարի խոսնակն արձագանքել էր. «Ադրբեջանի կազմում բացառում ենք կարգավիճակ ունենալու հանգամանքը»:

Նշենք, որ ռուսական Regnum հրատարակությունը 2020 թվականի դեկտեմբերին հրապարակել էր ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում քաղաքագետն անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրին՝ եզրակացնելով, որ որոշակի հանգամանքներում Ստեփանակերտի կարգավիճակի հարցը կարող են լուծել Մոսկվան և Բաքուն, նաև՝ Արցախի իշխանությունների ներգրավմամբ՝ առանց Երևանի մասնակցության, քանի որ Հայաստանը դե ֆակտո այլևս չի հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը, և այդ առաքելությունը հանձնել է Ռուսաստանին: Ինչ ունեցանք իրականում. ՀՀ-ն դե ֆակտո չհանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը, ըստ էության, լուծեց Արցախի կարգավիճակի հարցը՝ այն ճանաչելով Ադրբեջանի կազմում։

Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին և Բաքվին, ապա արդյո՞ք նրանք երկկողմ լուծեցին Արցախի կարգավիճակի հարցը՝ հղում անելով Փաշինյանի հայտարարությանը:

Սա այն դեպքն է, երբ և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանն ունեն իրենց բաժին պատասխանատվությունը:

Իսկ Արցախի կարգավիճակի շուրջ տարբեր պայմանավորվածությունների մասին դեռ շատ բաներ հայտնի չեն և կարիք ունեն պարզաբանման ու բացահայտման:

Տեսանյութեր

Լրահոս