Արայիկ Հարությունյանը չի՞ պատկերացնում ԼՂ կարգավիճակի երկրորդացման ճանապարհով անվտանգության ապահովման թեզի առաջքաշման վտանգները

2020թ.  փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԼՂ հարցով  հանդիպում-քննարկումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Ֆեյսբուքի իր էջում 6 կետով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: Երրորդ կետում ասվում է՝ «չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»:

Օրերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախ հայտարարեց, որ վերջնական խաղաղության հաստատման հարցում հայկական երկու պետությունների  տեսլականները համընկնում են, այնուհետ փոխեց ԼՂ կարգավիճակի և անվտանգության տեղերը՝ առաջ բերելով անվտանգության հարցը:

«Մենք այսօր չենք քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը: Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը՝ ՀՀ իշխանությունների հետ: Ես նշել եմ, որ դրանք նույնական են, որևէ խնդիր չկա: Նախկինում շատ ավելի խոսում էինք ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո՝ անվտանգության մասին, հիմա՝ ոչ, գլխավորն անվտանգությունն է: Եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, դա նշանակելու է Արցախի վերջը, մենք գիտենք՝ ով է մեր թշնամին»,- ընդգծեց Արցախի ղեկավարը:

Առաջին հայացքից ականջ շոյող և համարձակ թվացող անվտանգության թեզի շրջանառումը՝ առանց կարգավիճակի առաջնային կարևորության, հղի է վտանգներով, օրինակ, միջազգային հանրությունը կամ ԼՂ հարցով զբաղվողները շատ հանգիստ կարող են առաջ տանել խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը՝ վստահեցնելով, որ անվտանգությունն անհրաժեշտ մակարդակով պաշտպանված կլինի: Կամ կարող է, օրինակ,  գտնեն, որ միայն Ստեփանակերտից, Ասկերանից հնարավոր կլինի Արցախի անվտանգությունն ապահովել: Այսինքն՝ անվտանգության  ապահովման անվան տակ ամեն ինչ կարող են առաջարկել, պարտադրել:

Մի՞թե մադրիդյան սկզբունքներին դեմ արտահայտվող Արցախի ղեկավարը չի գիտակցում ԼՂ կարգավիճակի հարցի երկրորդացման կամ հետմղման ճանապարհով անվտանգության ապահովման թեզի առաջքաշման վտանգները, հատկապես, երբ չունի մշակված սեփական հստակ պատկերացումը: Բացի այդ՝ բանակցային սեղանին ԼՂ կարգավիճակի հարցն է դրված, դրա շուրջ ենք բանակցել և Արցախի անվտանգությունն էլ պայմանավորել նաև այս հարցի բանակցային կարգավորմամբ:

Ի վերջո, մեկ տարի առաջ ռուսալեզու լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Արայիկ Հարությունյանն ինքն է նշել. «Մենք չենք վստահում ոչ միայն Ռուսաստանին, այլև ցանկացած այլ խաղաղապահների: Արցախի անվտանգությունը պահպանել կարող են միայն Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանության ուժերը: Խաղաղապահների անհրաժեշտություն չկա: Մենք Ադրբեջանի հետ կկարողանանք ապագայում պայմանավորվել: Բայց մեզ անվտանգության միջնորդներ պետք չեն»:

168.am-ն Արցախի նախագահին հարց է ուղղել՝ «Դուք լրագրողների հետ հանդիպմանն ասացիք, որ նախկինում շատ ավելի խոսում էինք ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո՝ անվտանգության մասին, հիմա` ոչ, գլխավորն անվտանգությունն է: Ինչպե՞ս եք պատկերացնում անվտանգության ամրապնդումը՝ առանց կարգավիճակի առաջնային կարևորման, արդյո՞ք սա կարելի է համարել նոր բանաձևի առաջարկ կամ առաջքաշում»:

Արցախի նախագահը մեր այս հարցադրմանը դեռ չի  պատասխանել:

Նշենք, որ Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարն «Ազատության» հետ զրույցում դարձյալ առաջնային է համարել անվտանգության ապահովման հարցը:

«Իհարկե, անկախությունը, ինչպես նշված է նաև ծրագրում, բացառիկ արժեք է, և շատ կարևոր է, առաջնահերթություն է անվտանգության ապահովումը, նաև մենք դիտարկում ենք անկախության ճանաչումը, միջազգային ճանաչումը՝ որպես քաղաքական և դիվանագիտական լրացուցիչ լծակ` զսպելու Ադրբեջանին: Այսինքն` այս երկու հարցերն իրար հետ փոխկապակցված են, բայց, իհարկե, անվտանգությունն առաջին տեղում է»,- ասել է Մայիս Մայիլյանը:

Հիշեցնենք, որ, ըստ մադրիդյան սկզբունքների՝ «դուրս բերված շրջանների ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումն իրականացվելու է անմիջապես այն բանից հետո, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: Պետությունները խաղաղապահ ուժերի շրջանակում ստորաբաժանումները կտրամադրեն կամավոր հիմունքներով: Խաղաղապահ կոնտինգենտի ընտրությունն իրականացվելու է երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմն ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա»:

Տեսանյութեր

Լրահոս