«Չկան տարածքներ, կա անվտանգություն» թեզին համաձայնելու վտանգավոր հետևանքները. պատերազմի օրերին Արցախից ՀՀ-ին անկախության ճանաչման դիմում չի ուղարկվել
Ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Արցախի կարգավիճակի խնդրին, հայտարարել է՝ ստատուս-քվոն պետք է պահպանվի: Այսինքն, հասկանում են, որ պետք է ապրեն Ադրբեջանի հարևանությամբ, բայց ենթակայություն հնարավոր չէ, անթույլատրելի է։
«Պետք է շարունակել ապրել այստեղ՝ ունենալով դե ֆակտո անկախություն և ձգտելով դե յուրե հետագա փոփոխության: Դա կարող է լինել անկախություն, դա կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաև Ռուսաստանի հետ ինչ-որ հարաբերություններ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»,- ասել է Արցախի ղեկավարը:
168.am-ի տեղեկություններով՝ Արցախի կարգավիճակի հետ կապված քննարկումներ դեռ անցած տարվանից էին երկրում տեղի ունենում:
2021-ի հունվարի 25-ին մեր դիտարկմանը, որ պետական կառավարման համակարգի աշխատակիցների հետ սկսված հանդիպումներից հետո խոսակցություններ են գնում, որ Արցախում պատրաստվում են փաստաթուղթ ստորագրել Արցախի կարգավիճակի հետ կապված, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը ասել էր.
«Նախագահը ոչ թե ասել է՝ փաստաթուղթ կա, այլ, որ ապագայում փաստաթղթի հետ կապված ինչ հարցեր էլ լինեն՝ առաջարկ, քննարկում, մինչև վերջնական որոշում կայացնելը, կրկին հանդիպումներ է անցկացնելու հանրության հետ, լսելու է նրանց կարծիքը, նոր միայն փաստաթղթի հետ կապված որոշումներ է կայացնելու: Սա է եղել ամբողջը: Փաստաթուղթ կարող է լինել ոչ միայն կարգավիճակի հետ կապված, այլ Արցախի կողմից ցանկացած հարաբերության կառուցման, որ Արցախի իշխանությունը կարող է ստորագրել»:
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին՝ 2020-ի հոկտեմբերի 11-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր.
«Եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը՝ խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, ինչպես նաև միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին: Այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքների, միջազգային իրավունքները, ազգերի ինքնորոշման իրավունքները: Աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին»:
Գուցե Արայիկ Հարությունյանը նաև ուղիղ առաջարկ է արել Նիկոլ Փաշինյանին՝ ճանաչել Արցախի անկախությունը, և մերժում ստացել, քանի որ նույն հանդիպմանը նա ասել է, որ «ՀՀ վարչապետի հետ կապի մեջ ենք ոչ թե 1-2 անգամ, այլ, եթե կապ է լինում, ժամը մեկ առնվազն»:
Բայց կարող է նաև՝ Արցախի նախագահը լրագրողների հետ հանդիպմանն արված հայտարարությունը համարել է առաջարկ, և, գործնական արձագանք չստանալով՝ համարել է առաջարկը մերժված և Փաշինյանի հետ տետ-ա-տետ որոշել է այդ մասին չխոսել: Արցախի իշխանական մեր աղբյուրներն ասացին, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման գրավոր դիմում չի նախապատրաստվել, քանի որ պարզ էր՝ Հայաստանի իշխանությունները, ադրբեջանական սադրանքներից վախենալով, չէին ճանաչելու Արցախի անկախությունը:
Գուցե մի օր այս մասին Արայիկ Հարությունյանը բացեիբաց կխոսի: Իսկ այսօր նա տարբեր ճանապարհներով փորձում է հասնել Արցախի կարգավիճակի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցի լուծմանը:
Խնդիր, որը Նիկոլ Փաշինյանի հետ ներդաշնակ քաղաքականություն վարելու համար երկրորդել էր Արայիկ Հարությունյանը:
2020թ. փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԼՂ հարցով հանդիպում-քննարկումից հետո Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում՝ «Մյունխենյան սկզբունքներ» վերնագրով 6 կետով ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:
Երրորդ կետում ասվում էր՝ «չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»:
Օրեր հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախ հայտարարեց, որ վերջնական խաղաղության հաստատման հարցում հայկական երկու պետությունների տեսլականները համընկնում են, այնուհետ փոխեց ԼՂ կարգավիճակի և անվտանգության տեղերը՝ առաջ բերելով անվտանգության հարցը:
«Մենք այսօր չենք քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը: Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը՝ ՀՀ իշխանությունների հետ: Ես նշել եմ, որ դրանք նույնական են, որևէ խնդիր չկա: Նախկինում շատ ավելի խոսում էինք ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո՝ անվտանգության մասին, հիմա՝ ոչ, գլխավորն անվտանգությունն է: Եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, դա նշանակելու է Արցախի վերջը, մենք գիտենք՝ ով է մեր թշնամին»,- ընդգծել էր Արցախի նախագահը:
Փաշինյանական այս բանաձևի կործանարար և վտանգավոր հետևանքների մասին 168.am-ը պատերազմից մոտ 20 օր առաջ էր զգուշացրել:
«Առաջին հայացքից ականջ շոյող և համարձակ թվացող անվտանգության թեզի շրջանառումը՝ առանց կարգավիճակի առաջնային կարևորության, հղի է վտանգներով, օրինակ, միջազգային հանրությունը կամ ԼՂ հարցով զբաղվողները շատ հանգիստ կարող են առաջ տանել խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը՝ վստահեցնելով, որ անվտանգությունն անհրաժեշտ մակարդակով պաշտպանված կլինի: Կամ կարող է, օրինակ, գտնեն, որ միայն Ստեփանակերտից, Ասկերանից հնարավոր կլինի Արցախի անվտանգությունն ապահովել: Այսինքն՝ անվտանգության ապահովման անվան տակ ամեն ինչ կարող են առաջարկել, պարտադրել»,- գրել էր 168.am-ը:
Ցավոք, եղավ այն, ինչ կանխատեսել էինք, մի բան էլ ավելին: Եվ դեռ լինելու է:
Ի դեպ, մեր կանխազգուշացմանն ի պատասխան՝ Արցախի նախագահը բացառության կարգով մեզ հարցազրույց տվեց, որտեղ փորձել էր փարատել մեր մտավախությունը՝ կրկնելով, ըստ էության, նույն միտքը:
«Ինչ վերաբերում է, թե որն է Արցախի համար առաջնային՝ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչո՞ւմը, թե՞ անվտանգությունը, ապա դա արհեստականորեն ձևավորված երկընտրանք է, քանի որ մեկը գլխավորապես միջոց է, մյուսը՝ նպատակ: Այսինքն, ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ու անկախության միջազգային ճանաչումն ինքնանպատակ չեն, դրանք պետք է ծառայեն Արցախի բնակչության երաշխավորված տևական անվտանգությանն ու արժանապատիվ կյանքին սեփական հայրենիքում: Այդ արհեստական երկընտրանքի կողմնակիցները պետք է հետևյալ մտավարժանքով համոզվեն անվտանգության առաջնահերթության հարցում. եթե տեսականորեն ընտրելու լինեն երկու տարբերակի միջև՝ ա) զրո միջազգային ճանաչում փաստացի անկախության ու կայուն անվտանգության պայմաններում (օրինակ՝ Արցախի ներկա վիճակը), և բ) լրիվ միջազգային ճանաչում խիստ խոցելի ու անկայուն անվտանգային միջավայրով (օրինակ՝ մերօրյա Սիրիան կամ Ուկրաինան), ապա արդյո՞ք չէին ընտրի «Ա» տարբերակը: Քանի որ մենք կարծում ենք, որ մեր անվտանգային միջավայրը կարող է բարելավվել, եթե սեփական անվտանգային երաշխիքներին ավելանան միջազգային ճանաչմամբ պայմանավորված երաշխիքները, գլխավորապես այդ պատճառով, այո, մեզ համար կարևոր է միջազգային ճանաչումը, սակայն ոչ երբեք՝ մեր սեփական անվտանգային երաշխիքների հաշվին: Իսկ եթե առաջարկվում է մեր անվտանգության սեփական երաշխիքները փոխարինել միջազգային ճանաչումից բխող անորոշ երաշխիքներով, և Ադրբեջանն էլ անընդհատ անվտանգային իրական սպառնալիքներ է ներկայացնում՝ առանց միջազգային պատշաճ հակազդման, արդյո՞ք պարտավոր չենք ընդգծել մեր անվտանգության ապահովման առաջնահերթությունը բոլոր մնացած պայմանների հանդեպ»,- մասնավորապես ասել էր Ա. Հարությունյանը:
Այսօր, երբ Արցախը կանգնած է լինել-չլինելու խնդրի առաջ, Արայիկ Հարությունյանը գուցե զգում է իր սխալը կամ խաբված լինելը:
Ոմանք կասեն՝ հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, այո, այսօր Արցախի և ՀՀ-ի լինելիության հարցն է նժարին դրված, մյուս կողմից, հենց Փաշինյանի՝ «չկան տարածքներ, կա անվտանգություն» վտանգավոր թեզին համաձայնելը բերեց սրան, որ այսօր նույն տրամաբանության մեջ լսում ենք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի շուրթերից՝ ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների:
Այսինքն, Ադրբեջանի կազմում էլ է հնարավոր Արցախի հայերի իրավունքները պաշտպանել՝ միջազգային հանրության վերահսկողության ներքո: Այն, ինչ ասում է հենց ինքը՝ Ալիևը:
Այն, որ բախվելու էինք այս իրավիճակին, հուշում էր նաև այն, որ Փաշինյանի իշխանության օրոք ինչ-որ պահի ՀՀ ԱԳՆ-ն նորից շրջանառության մեջ դրեց «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» տերմինը, որն օգտագործվել էր 1992-ից:
Արցախի հարցերով որոշ փորձագետների կարծիքով՝ դա ճիշտ էր 1992-ի համար, բայց հիմա արդեն ապրում ենք կամ մինչև պատերազմն ապրում էինք կայացած իփսո ֆակտո (Ipso facto) պետության մեջ:
Ipso facto-ն չի վերաբերում ճանաչմանը, այլ, որ այն կա, որ այն պետություն է:
Այսինքն՝ «դե ֆակտո»-ն և «դե յուրե»-ն վերաբերում են ճանաչմանը, իսկ «իփսո ֆակտո»-ն՝ պետության գոյությանը և զարգացմանը: Այսինքն, չի կարելի 2020-ին օգտագործել 1992-ի տերմինոլոգիան, մի տերմին, երբ նոր էր սկսվել Արցախի հարցի քննարկման միջազգայնացումը:
Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը 1993-ին Արցախին որպես կողմ է ընկալել:
«Հեյդար Ալիևը հանձնարարել էր փոխնախագահին հանդիպել Արցախի պաշտոնյայի հետ և պատրաստել երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը։ Փաստաթուղթը ռուսերեն լեզվով էր, օգտագործվում էր «ԼՂՀ» հապավումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Դրա տակ կա ստորագրություն՝ «Հեյդար Ալիև»։ Այսինքն՝ կարելի է փաստել, որ Ադրբեջանը ճանաչել է Արցախը՝ որպես բանակցային կողմ, և տարբեր մակարդակներում ուղղակի բանակցություններ է վարել»,- 2019-ին ասել էր Շավարշ Քոչարյանը։
Բազմաթիվ այլ փաստեր կան, թե ինչպես էր Ադրբեջանն ուղիներ փնտրում երկխոսելու Արցախի հետ՝ 1993-ի հունիսից սկսած:
Մասնավորապես, սույն թվականի օգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների, իսկ այնուհետև՝ գործադիր մարմինների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, օգոստոսի 17-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը Բաքվից ստացավ հետևյալ պաշտոնական գրությունը.
«Ադրբեջանի ղեկավարությունը փոխվարչապետ Ռասուլ Գուլիևին լիազորում է 5 օրվա ընթացքում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների միջև բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու շուրջ վարել բանակցություններ: Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝ Հեյդար Ալիև»:
Նշված գրությանը կցված էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի և փոխվարչապետի ստորագրությամբ հետևյալ փաստաթուղթը.
«Ի հավելումն 1993թ. հուլիսի 24-ի և 28-ի պայմանավորվածությունների և երկու կողմերի համանման նոր պարտավորվածությունների դեպքում, պարտավորվում ենք վերականգնել կրակի համընդհանուր դադարեցումը, այդ թվում՝ զերծ մնալ ցանկացած հարձակողական գործողություններից, հրթիռահրետանային հարվածներից և օդային ռմբակոծություններից հինգ օրով, որի ընթացքում ձեռք կբերվի Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հանդիպում անցկացնելու մասին համաձայնություն:
Պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի 1993թ. օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ից սկսած, երբ կստացվի կողմերի վերոհիշյալ պարտավորվածությունների մասին համաձայնությունը…:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար՝ Սաֆար Աբիև
Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ՝ Ռասուլ Գուլիև»:
Նախորդ իշխանությունների թողած ժառանգությունից բողոքող Նիկոլ Փաշինյանը, որը իրականում սկսեց իր սեփական կետից, լավ կանի ուսումնասիրի այս բոլոր փաստաթղթերը, որի տակ նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրությունները կան: Իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, անկասկած, պետք է շարունակի իր վերջին շրջանի պնդումները, իսկ ընդդիմությունը իր պայքարը ամրապնդի Երևանի կենտրոնում և աջակցի Արցախի ղեկավարությանը՝ ունենալու Ադրբեջանի կազմից դուրս Արցախ:
Ի դեպ, պատերազմի օրերին մամուլում հրապարակումներ եղան, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի խնդրով պաշտոնական նամակ է ուղարկել Նիկոլ Փաշինյանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ձեռնարկել դադարեցնել պատերազմը և անհապաղ նստել բանակցությունների։
Ըստ այդ ժամանակ շրջանառվող խոսակցությունների, Փաշինյանը Արցախի նախագահի կողմից իրեն և համանախագահներին ուղղված ինչ-որ նամակի մասին խոսել է անգամ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։
Արցախի նախագահի աշխատակազմից 168.am-ին վստահեցրել էին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի խնդրով ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պաշտոնական նամակ ուղարկել, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
«Դա աբսուրդ է, ոչ մեկին ոչ մի նամակ չենք ուղարկել: Դա ինֆորմացիոն հերթական դիվերսիան է, որ իբր մենք պատրաստ ենք նախկին փաստաթղթերի, սկզբունքների վրա զիջումների գնալ: Այսօր ի՞նչ զիջումների մասին է խոսքը պատերազմական վիճակում, երբ Ադրբեջանն ասում է՝ «ամբողջ Ղարաբաղն իմն է»: Դա աբսուրդ է, այսօր թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները կենտրոնացած են մի ուղղության վրա՝ ռազմաճակատում հաջողություն ունենալ»,- մեզ հետ զրույցում ասել էր Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:
Իրականությունը ցույց տվեց, որ ՀՀ իշխանությունները բոլորովին այլ ուղղության վրա էին կենտրոնացած՝ պարտության տանող «հաղթելու ենք»-ի և ցավոտ զիջումների՝ մինչև Արցախի վերջնական հանձնում Ադրբեջանին: Փաշինյանը նախապես ծրագրված վերջնագծին դեռ չի հասել: Մի փոքր ժամանակ, և կարող է արդեն ուշ լինել…