«Նախկինում շատ ավելի խոսում էինք ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո՝ անվտանգության մասին, հիմա` ոչ, գլխավորն անվտանգությունն է». Արցախի նախագահ
Ապրիլյան պատերազմի օրերին Ստեփանակերտի երկնքում բազմաթիվ թռչող ԱԹՍ-ներ են եղել, որոնցից մեկը հաջողվել է խոցել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր աղմուկ բարձրացրած հայտարարությանը, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի օդն անպաշտպան էր:
«Մի հատ չէր, որ խփել ենք, և վերջացել է, այստեղ շատերը կհաստատեն, որ տեսել են բազմաթիվ ԱԹՍ-ներ: Ես հիմա չեմ ուզում անդրադառնալ, թե ինչով էր պաշտպանված, ինչն էր աշխատում, ինչը չէր աշխատում: Բավարարվենք այսքանով»,- ասաց նա:
Անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե նախկին իշխանությունների օրոք բանակցությունների սեղանին դրված է եղել շրջանների վերադարձի հարցը, Արայիկ Հարությունյանն ասաց.
«Դա միայն Սամվել Բաբայանը չի ասել, մենք գիտենք, թե ինչ թեմա է քննարկվել՝ Մադրիդյան սկզբունքների հետ կապված: Մադրիդյան սկզբունքներում կար հստակ երկու առաջարկություն. 5 շրջանի վերադարձ անորոշ կարգավիճակով, հետագայում՝ պլեբիսցիտի տարբերակով, հանրաքվեի ավելի թույլ տարբերակով, մյուսը՝ կարծես թե 7 շրջան ու ինչ-որ միջանցք՝ Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց, բայց ոչ Ադրբեջանի կողմից: Ճանաչում, թե չճանաչում, ինձ համար կարևոր չէ, կարևորը մեր անվտանգությունն է: Իսկ նման պարագայում մեր անվտանգությունն ավելի խոցելի է դառնում:
Այդ առումով մենք այսօր չենք քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը: Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը՝ ՀՀ իշխանությունների հետ: Ես նշել եմ, որ դրանք նույնական են, որևէ խնդիր չկա: Նախկինում շատ ավելի խոսում էինք ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո՝ անվտանգության մասին, հիմա, ոչ, գլխավորն անվտանգությունն է: Եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, դա նշանակելու է Արցախի վերջը, մենք գիտենք՝ ով է մեր թշնամին»,- ընդգծեց Արցախի ղեկավարը՝ հավելելով, որ տավուշյան դեպքերը ցույց տվեցին, որ որևէ միջազգային նորմ կամ կանոն գոյություն չունի. այն դիրքերը, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ, եղել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը: Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն ուշադրություն հրավիրեց նաև Նախիջևանում տեղի ունեցողի վրա, որտեղ մեծ է թուրքական գործոնը, ինչը ևս հուշում է՝ կարևորն անվտանգությունն է: