««Լեռնային Ղարաբաղ (Արցախ)» գրությունը քարտեզի վրա ինքնին սահման է». դասագրքի հեղինակի արձագանքը՝ քարտեզում Արցախը չգծանշելու մասին

Անցած մի քանի օրերին մեդիահարթակում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում տեղ գտած քարտեզը, որտեղ գրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը Տիգրան Մեծի ժամանակահատվածի՝ Ք.ա 80 թվականի քարտեզի վրա տպագրել է ներկա աշխարհաքաղաքական քարտեզը՝ Թուրքիայի, Ռուսաստանի ու Ադրբեջանի տարածքներով:

Այս փաստը լուրջ անհանգստություն ու դժգոհություն էր առաջացրել թե ոլորտի մասնագետների, թե հասարակության լայն հատվածի շրջանում:

Ոչ պակաս ուշադրության է արժանի նաև մեկ այլ փաստ: Դեռևս մեր թվարկությունից առաջ գոյություն ունեցող հայկական կայսրության տարածքում պատկերված «Ադրբեջանի» տարածքում ներկայացվել էր «Լեռնային Ղարաբաղ (Արցախ)» գրությունը՝ առանց որևէ գծանշման:

Կարդացեք նաև

Երկարատև քննարկումների արդյունքում, ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել նաև գրքի հեղինակային խումբը: Հայտարարվել էր, որ քարտեզի այս տարբերակը հրատարակվել է՝ առավել պատկերավոր ցուցադրելու ժամանակակից երկրների տարածքները՝ մ.թ.ա. ժամանակահատվածում՝ Տիգրան Մեծի ստեղծած հայկական կայսրության տարածքում:

Պատմաբան Աշոտ Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մեր ժամանակի իրողությունները Ք.ա 1-ին դարի քարտեզի վրա տեղադրելը ոչ միայն նպատակահարմար չէ, այլև երեխային կարող է գցել թյուրիմացության մեջ: Այդուհանդերձ, նրա խոսքով՝ բուն դասագրքին ինքն ամբողջությամբ դեռևս չի հասցրել ծանոթանալ՝ հեղինակի հայտնած տեսակետները հստակ ու բովանդակային մեկնաբանելու համար:

«Եթե հիմա հեղինակը պատճառաբանում է, որ ինքն ուզել է ցույց տալ, թե Տիգրան Մեծի կայսրության մեջ ինչքան տարածքներ են մտել, և այդ տարբերակով քարտեզի վրա դրել է Ադրբեջան անունը, հետո էլ Արցախ է գրել՝ փաստորեն Ադրբեջանի կազմում, ապա կարծում եմ, որ դա ճիշտ տարբերակ չէ: Համոզիչ չէ, որ նման ձևով կարելի է դպրոցական երեխային համոզել, թե՝ տեսեք, մենք ինչպիսի հզոր կայսրություն ենք ունեցել, որն իր մեջ ներառել է ներկայիս Ադրբեջանի տարածքը՝ Արցախով հանդերձ: Նաև այնպիսի տպավորություն կստեղծվի, որ այդ ժամանակ Ատրպատական աշխարհը եղել է հենց ներկայիս Ադրբեջանի տարածքում, ինչը ճշմարտության հետ որևէ եզր չունի, ու այդտեղ բացարձակապես տրամաբանություն չկա»,- ասաց նա՝ հայտնելով, որ նախորդ դպրոցական դասագրքի խմբագրումից հետո իրենց էր առաջադրվել նոր չափանիշներով դասագիրք գրել, ինչից իրենք հրաժարվել էին:

Դասագրքի հեղինակ, պատմաբան Սմբատ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ դասագրքում տպագրված քարտեզով ինքը որևէ մտադրություն չի ունեցել Արցախը ներկայացնելու՝ որպես Ադրբեջանի մաս, իսկ «Լեռնային Ղարաբաղ (Արցախ)» գրությունը, ըստ նրա, ինքնին սահման է:

«Արցախը բնավ էլ չի դիտարկվում Ադրբեջանի կազմում։ Բացարձակապես, անգամ այս վերջին աղետից հետո։ Գծապատկերում իբրև սահման օգտագործել եմ Լեռնային Ղարաբաղ (Արցախ) կիսաշեղ գրությունը, որը հասնում է մինչև Արաքս գետ։ Այդպես ցանկացել եմ նշել, որ Արցախն ավելին է, քան 2020-ի աղետից հետո էր, ավելին է, քան 2020-ից առաջ էր, և ավելին է, քան ԼՂԻՄ-ի ժամանակ, քանի որ Արցախը նաև Գետաշենն է, նաև Արծվաշենն է, նաև Շահումյանն է… Եվ քարտեզի տակ գրված առաջադրանքներով նախատեսվում է այդ ամենի քննարկմամբ վեր հանել նաև Դաշտային Ղարաբաղի խնդիրը։ Մի խոսքով` ոչ մի դեպքում Արցախը Ադրբեջան չէ»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Դասագրքի հեղինակի այս հայտարարությանն արձագանքելով՝ պատմաբան Աշոտ Մելքոնյանն ասաց, որ թվարկված տարածքների մի մասը պատկանում է Ուտիք նահանգին, և խոսքն այս դեպքում պատմական Արցախին չի վերաբերում:

Նրա խոսքով՝ «Ադրբեջան» տերմինը գողացված է: Այն վերաբերում էր Իրանի հյուսիս- արևմտյան հատվածում գտնվող Ատրպատականին (հունարեն՝ Ատրպատենե), որը ներկայիս Ադրբեջանի հետ որևէ կապ չունի:

Պատմաբան Էդգար Հովհաննիսյանն էլ 168.am-ի հետ զրույցում հղում կատարեց Կիպրոսին, որը մինչև այժմ էլ իր քարտեզն այլ կերպ է տպում: Նրա խոսքով՝ Ադրբեջանը ևս մինչև վերջին իրադարձությունները իր քարտեզը տպում էր Արցախն իր տարածքի մեջ ներառելով:

Պատմաբանը համոզմունք հայտնեց, որ մենք նույնպես, ցանկացած պարագայում, պետք է առաջնորդվենք Արցախի Սահմանադրությամբ գծված սահմանները ներկայացնելու սկզբունքով:

«Անկախ ժամանակաշրջանից Արցախի Սահմանադրության վրա հիմնված սահմանները պետք է ընդգրկվի ցանկացած հրատարակության մեջ՝ լինի դա դասագիրք, ատլաս, թե գիտական աշխատանք: Այդ պարագայում կարելի է ծանոթագրության մեջ հայտնել, որ տվյալ ժամանակահատվածում այդ տարածքն օկուպացված է: Բայց եթե մենք մեր դասագրքերում ու այլ հրատարակություններում հրաժարվում ենք Արցախի սահմանները նշելու գաղափարից, ապա չեմ կարծում, թե դա ճիշտ է»,- ասաց նա:

Ի դեպ, մեր դիտարկմանը, որ դասագրքում տեղ գտած քարտեզից տպավորություն է, թե Արցախը չի դիտարկվում որպես Ադրբեջանից առանձին միավոր, դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը հակադարձեց՝ մեջբերելով համացանցի օգտատերերից մեկի գրառումը. «Մի օգտատեր գրել էր, որ եթե շատ եք ուզում չեղած բաներ տեսնել, ինչո՞ւ Ադրբեջանը չեք տեսնում Արցախի կազմում»։

Այդուհանդերձ, դասագրքում տեղ գտած քարտեզը դեռևս շարունակում է քննարկման առարկա մնալ հանրության լայն շրջանակների համար: Թեմայի հնարավոր հանգուցալուծումը, ըստ պատմաբանների, հայտնի կդառնա հետագայում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս