«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն է:
Մի քանի անգամ նշել եմ, որ Հ1-ի հաղորդումները հատուկ չեմ նայում, որ ջղերս ավելորդ տեղը չքայքայեմ։ Բայց հետևելով տարբեր հոդվածներին, գրառումներին, որոշեցի ևս մեկ անգամ խախտել ինքս ինձ տված խոստումը և լսել Պետրոս Ղազարյան-Տիգրան Հակոբյան-Սմբատ Հովհաննիսյան եռախոսությունը։ Եռախոսությունը նվիրված էր 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքին։
«Ինչո՞ւ չկա Աղվանքը, երբ հայտնի էր, որ Աղվանքը կախյալ էր Տիգրան Մեծից կամ գուցե կայսրության մաս էր կազմում: Աղվանքի չլինելը ու փոխարենը Ադրբեջանը տեղորոշելը ցույց է տալիս, որ Ադրբեջանն Աղվանքի հետնորդն է: Վիրքը գրված է, Աղվանքը՝ ոչ: Եվ նաև այս ծանր, զգայուն ժամանակաշրջանում կարելի էր այլ լուծումներով այս քարտեզը տեղադրել: Ամենահեշտ բանն անընդհատ նախկին-նախկին անելն է: Դու կրել ես պատասխանատվություն: Պետությունից ստացել ես գումար, այդ թվում՝ մեր վճարած հարկերից, բարի եղեք, գրեք նորմալ, առանց սխալների, այո՛, նաև առանց ազգային սնապարծության, բայց նախ և առաջ առանց միտումների դասագիրք, որոնք ջուր են լցնում մեր ոչ բարեկամների ջրաղացին»,- ասաց Միքայել Բադալյանը:
Արդեն տևական ժամանակ է՝ հանրային շրջանակներում ու սոցիալական ցանցերում քննարկվում է Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը: Աղմուկը բարձրացավ դասագրքի 80-րդ էջում տեղադրված քարտեզից, որում Արցախը պատկերված էր Ադրբեջանի կազմում, և դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է Ք.Ա. 80 թ. Տիգրան Մեծի կայսրության ժամանակաշրջանին: Ապա մասնագետները սկսեցին խոսել նաև դասագրքում տեղ գտած այլ խեղաթյուրումների մասին: