![](/banners/BeFunky-design.jpg)
Եթե հեղինակն ու ԿԳՄՍՆ-ն փակել են Արցախի էջը, ապա ինձ ու իմ երեխաների համար Արցախը կա ու կլինի. քարտեզը քաղաքական ենթատեքստ ունի. Հովհաննես Խորիկյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/Hovhannes-Xorikyan.jpg)
Շիրակի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Խորիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքին:
«Հայոց պատմության 7-րդ դասարանի 2023 թվականին հրատարակված դասագրքի շուրջ։
Դասագիրքը հեղինակել է Սմբատ Հովհաննիսյանը, որն իր նեղ գիտական ոլորտում լուրջ հաջողություններ է գրանցել, և ինքս հաճույքով կարդում եմ նրա ուսումնասիրությունները: Ընդ որում՝ վերջիններս նոր ու արժեքավոր գործեր են հայրենական պատմագիտության մեջ:
Դասագրքի հետ կապված առարկություններս ու դիտողություններս շատ են ու կապված են Հայաստանի հին պատմության հետ, բայց ես շատ համառոտ մեկ խնդրի կանդրադառնամ, որը հուզել է բազմաթիվ ուսուցիչների ու գիտնականների: Հարցը կրկին վերաբերում է «Տիգրան Մեծի կայսրությանը Ք. ա. 80 թվականին» (ժամանակակից սահմաններով) քարտեզին: Ես մի կողմ եմ թողնում քարտեզում Լեռնային Ղարաբաղ (Արցախ) անհասկանալի նշումը ներկայիս Ադրբեջանի կազմում: Հեղինակի համար Արցախը նահանգ է, սոսկ աշխարհագրական տարածք, հակառակ դեպքում առանց փակագծերի կնշեր միայն Արցախի Հանրապետություն: Եթե հեղինակն ու ԿԳՄՍՆ-ն փակել են Արցախի էջը, ապա ինձ ու իմ երեխաների համար Արցախը կա ու կլինի:
Այն, որ քարտեզը քաղաքական ենթատեքստ ունի, ակնհայտ է Ադրբեջան անվանումից ու վերջինիս քարտեզում ընդգծված սահմաններից: Պատմական քարտեզները ժամանակակից պետությունների սահմաններով ներկայացնելը հիմնականում արևմտաեվրոպական պատմական քարտեզագրության «ձեռքբերումներից» է, ինչը հիմքում ունի զուտ քաղաքական նպատակ: Քարտեզում պատմական Վիրքը ներկայիս Վրաստանն է՝ սխալ նշված սահմաններով, բայց ամենազարմանալին այն է, որ Կուր գետից հյուսիս ընկած պատմական Աղվանքը (հունահռոմեական աղբյուրների Կովկասյան Ալբանիան) քարտեզում չկա: Տիգրան Մեծի ժամանակ Աղվանքն առանձին թագավորություն էր ու ավելի ուժեղ, քան Վիրքը: Պատմական Աղվանքի տարածքը ներկայումս հիմնականում գտնվում է Ադրբեջանի կազմում, սակայն դասագրքի հեղինակը կամա-ակամա քարտեզում Ք. ա. 80 թվականին դատարկ տարածություն է ստեղծել՝ լրացնելով այն Ադրբեջանով: Ք. ա. 1-ին դարում Աղվանից թագավորության սահմանը հարավում երբեք չի անցել Կուր գետը: 7-րդ դասարանի աշակերտի ու ցանկացած ոչ իրազեկ ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջան պետությունը, երկիրը հազարամյակների պատմություն ունի: Մյուս կողմից անտիկ Աղվանքի արևելյան սահմանը հասել է մինչև Կասպից ծով, բայց հեղինակն Ադրբեջանի արևելյան սահմանագիծը խիստ կրճատել է:
Ես բազմաթիվ դիտողություններ ու առարկություններ ունեմ նաև դասագրքում տեղ գտած այլ քարտեզների վերաբերյալ. «Հայկական լեռնաշխարհի լեռնագրությունը», «Վանի թագավորության սահմանները Ք. ա. 743-700 թթ.», «Հայաստանը Ք. ա. 522-520 թթ. Պայքար աքեմենյան տերության դեմ (Ք. ա. 522-521)» և այլն: Բազմաթիվ բովանդակային դիտողություններ կան այսպես կոչված «Երվանդական Հայաստան» թեմայի վերաբերյալ, բայց ժամանակիս սղության պատճառով չեմ անդրադառնա: Դասագրքի հեղինակը, դատելով նյութի շարադրանքից, ընտրողաբար է օգտվել մասնագիտական գրականությունից:
Վերջում մեկ հարց ԿԳՄՍՆ-ին: Ձեզ ինչո՞վ է խանգարում երջանկահիշատակ պատմաբան Բաբկեն Հարությունյանի կազմած Հայաստանի պատմության ատլասի Ա մասը (հաստատ նաև մյուս մասերը): Այդ ատլասն Ադրբեջանում վաղուց են ծանր տանում…
Հ.Գ. Մտահոգ ուսուցիչներին, որոնք ՇՊՀ-ի շրջանավարտներ են, խորհուրդ եմ տալիս դիմել նաև պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ իրենց դասախոսներին, որոնք երկար տարիներ դասավանդում են նաև դպրոցներում: Ինձ էլ է հետաքրքիր՝ դասախոսներն ասելիք ունե՞ն, թե՞ ինչպես միշտ լուռ «դիվանագետներ» են»: