Բաժիններ՝

«Այս ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի հանարապետությունը չկա Ուրարտուի կազմի մեջ». Միքայել Բադալյան

Ուրարտուի հնագիտության մասնագետ Միքայել Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայոց պատմության 7-րդ դասարանի Ուրարտուին վերաբերող քարտեզին: Նա, մասնավորաապես, գրել է.

«Դասագիրք գրելն ու հրատարակելը ոչ թե մեծ, այլ մեծագույն պատասխանատվություն է: Դասագրքում հնարավորինս գիտահանրամատչելի ձևով պետք է տեղ գտնեն ծանրակշիռ փաստեր՝ ամեն կերպ փորձելով զերծ մնալ անձնական տեսակետներից:

Ուզում եմ անդրադառնալ Հայոց պատմության 7-րդ դասարանի Ուրարտուին վերաբերող քարտեզին:

Ես խնդրեցի դասագրքի հեղինակ պարոն Սմբատ Հովհաննիսյանին ինձ ուղարկել այդ դասագրքի էլեկտրոնային տարբերակը: Եվ պետք է նշեմ, որ պարոն Հովհաննիսյանը սիրահոժար կերպով ինձ ուղարկեց դասագրքի հղումը: Քանի որ ես Ուրարտուի հնագիտության մասնագետ եմ, ինձ նախ և առաջ հետաքրքրում էր հենց Ուրարտուի բաժինը:

Պետք է նշեմ, որ այդ բաժնում տեղ են գտել բազմաթիվ ակնհայտ ոչ ճշգրիտ տեղեկություններ և որոշ վրիպակներ: Քանի որ հրավիրված էի Իննսբրուկի համալսարան Ուրարտուի կրոնի հնագիտության վերաբերյալ դասախոսություն կարդալու և միայն այսօր վաղ առավոտյան եմ վերադարձել Հայաստան, ուստի բավական հոգնած եմ և այդ բոլոր ոչ ճշգրիտ տեղեկություններին կանդրադառնամ մոտակա օրերի ընթացքում: Կարծում եմ` դա շատ կարևոր կլինի և ուսուցիչների, և աշակերտների համար:

Սակայն, չեմ կարող այսօր չանդրադառնալ մի հանգամանքի, որն անմիջապես աչք զարնեց: Դասագրքի 41-րդ էջում ներկայացված է Ուրարտուի քարտեզը, որի տակ բառացիորեն գրված է՝ Վանի թագավորության սահմանները Ք. ա. 743-700 թթ.: Ընդ որում, ինչպես ես հասկացա, սա Ուրարտուի բաժնի միակ քարտեզն է: Ցավոք, բաժնում տեղ չի գտել, օրինակ, Արարատի թագավորության վերելքը ներկայացնող քարտեզ: Սակայն ինչն էր տարօրինակ, որ այդ քարտեզում Ուրարտուի մեջ ներառված չի այսօրվա Հայաստանի հանրապետության տարածքը: Սա բավական մտահոգիչ է:

Ուրարտուի տարածքը գլխավորապես զբաղեցնում են ներկայիս Թուրքիայի և Նախիջևանի հատվածները: Այս ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի հանարապետությունը չկա Ուրարտուի կազմի մեջ: Ռուսա Սարդուրորդին, ով կառավարել է մոտավորապես Ք. ա. 730-ականների կեսերից մինչև 713 թվականը, նվաճել է ներկայիս Գավառի տարածքը և հիմնել ամրոց, որն անվանել է Խալդիի քաղաք: Այդ է փաստում Գավառի տարածքից գտնված սեպագիր արձանագրությունը:Այստեղ Ռուսան կառավարիչ է նաև կարգել: Նույն Ռուսա Սարդուրորդին Սևանի հարավային ավազանում ներկայիս Ծովինար և Արծվանիստ գյուղերի մոտ կառուցում է նոր քաղաք, որը կոչում է Տարերքի աստծո պատվին: Այժմ կարելի է գնալ և Օձաբերդ հնավայրի քարաժայռերից մեկին տեսնել այդ արձանագրությունը, որտեղ, ի դեպ, պատմվում են Ռուսայի այլ նվաճումների մասին:

Այս քարտեզին նայելով՝ կարելի է կարծիք կազմել, որ ներկայիս Հայաստանը նշված ժամանակաշրջանում կապ չի ունեցել Ուրարտուի հետ: Ըստ այդմ, խիստ աղոտ են դառնում ներկայիս Հայաստանի՝ Արարատի թագավորության ժառանգորդ լինելու կռվանները: Արգիշտի Ռուսայորդին, ով կառավարել է Ք. ա. 8-րդ դարի վերջերին և առնվազն 7-րդ դարի սկզբներին նույնիսկ հասնում է Սյունիք՝ առնվազն Սիսիանի տարածաշրջան, որտեղ թողնում է երկկողմ արձանագրություն: Ընդ որում, այդ խիստ հետաքրքիր արձանագրության մեջ նաև նշվում է Ծուլուկու երկիրը, որ Սյունիքի Ծղուկ գավառն է: Դե, Ռուսա Արգիշթորդին Ք. ա. 7-րդ դարի կեսերին Արարատյան դաշտի սրտում՝ ուրարտական սեպագիր արձանագրությունների Վազա երկրում կառուցում է հռչակավոր Թեյշեբաինի քաղաքը, որն համարվում է ամենաշատ նյութ տված ուրարտական հուշարձաններից մեկը:

Եթե այս քարտեզը ընկնի մեր ոչ բարեկամների ձեռքը, ասելու են, ահա ձեր դասագիրքը, որտեղ մատնանշված է, որ դուք կապ չունեք Ուրարտուի հետ:

Պարոն Հովհաննիսյանի հետ մեր ֆեյսբուքյան հաղորդագրության ընթացքում, նա նշեց, որ խնդիր կար Ուրարտուի հստակ քարտեզների առումով: Սակայն, պետք է նշեմ, որքան էլ Ուրարտուի քարտեզների սահմանների տարբեր աշխատություններում կարող են իրար չհամընկնել, միևնույն է, մասնագիտական գրականության մեջ, Հայաստանի հանարապետության տարածքի առնվազն մի հատվածը անպայմանորեն ընգրկված է այնտեղ: Պարոն Հովհաննիսյանը նշեց նաև, որ փորձ է արել ցույց տալ Էթիունիի ինքնիշխանությունը: Շատ լավ, Էթիունին այդ ժամանակ բավական հզոր ուժ էր: Բայց Էթիունիի տարածքների առնվազն մի հատվածը Ք. ա. 743-700 թվականներին մտել է ուրարտական տերության կազմի մեջ: Ավելին, և Ուրարտուիի և Էթիունիի ժառանգներն ենք:

Գրածս չունի որևէ անձնական միտում: Ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում պարոն Հովհաննիսյանին և ուզում եմ ամեն կերպ հավատալ, որ այստեղ քննարկվող քարտեզը դասագրքում տեղ է գտել ոչ միտումնավոր կերպով:

Ի դեպ, այս դասագրքի համար Էրեբունի թանգարանից ուզել էին նկարներ: Ես ինքս դիմեցի «Միասնական դպրոց»-ի ղեկավար պարոն Վահրամ Սողոմոնյանին` նշելով, որ եթե ուղարկում ենք նկարները, ապա մենք կարող ենք նաև մասնագիտական աջակցություն ցուցաբերել: Սակայն, մեզ պատասխանեցին, որ ժամանակը չի հերիքում և մեզնից անհրաժեշտ են միայն Ուրարտուի վերաբերյալ նկարներ:

Ուրարտուի ժառանգները, Էթիունիի ժառանգները մենք են հայերս: Դա մեծ պատիվ է և պատասխանատվություն: Ուրարտուն պետք է բրենդ դառնա Հայաստանի համար: Տեր լինենք Ուրարտուին…»:

Քիչ անց մասնագետն ավելի հանգամանորեն է ներկայացրել  գրքի խնդրահարույց հատվածները.

«Ինչպես նշել էի, այժմ անդրադառնամ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի Ուրարտուի բաժնին վերաբերող իմ դիտարկումները: Կրկին նշեմ, որ դրանք չունեն որևէ անձնական միտում: Ավելին, ես ամենայն հարգանքով եմ մոտենում պարոն Սմբատ Հովհաննիսյանին և «Մասնակցային դպրոցին»: Տեղյակ եմ, որ պարոն Հովհաննիսյանը, իր ոլորտի լավագույն մասնագետներից է:

Սակայն, ինչպես արդեն նշել էի, դասագիրք գրելը մեծագույն պատասխանատվություն է: Այստեղ պետք է հնրավորինս բացառել հապճեպ աշխատանքը և անձնական մոտեցումները: Կարծում եմ, որ այս դասագրքի գոնե այս հատվածը գրվել է բավական հապճեպ:

Անհրաժեշտ էին նաև մասնագիտական խորհրդատվություններ:
Անդրաառնամ իմ դիտարկումներին.

Էջ 34-սեպագիր-նշված է թե իբր սեպով գրում էին ժայռի և կամ կավե սալիկի վրա: Սեպագիր արձանագրություներ կան մետաղե հարյուրավոր առարկաների, նույնիսկ ուլունքահատիկների վրա:

Նշված է ասսուրերեն և տրված է բացատրություն և նշված է, թե իբր ասսուրերենը ասուրա-բաբելական սեպագիր արձանգրությունների լեզուն է: Այդ դեպքում ո՞րն էր բաբելերեն արձանագրությունների լեզուն: Ասսուրերենը աքքադերենի կարևոր խոսվածքներից է: Աքքադերենի մյուս գլխավոր խոսվածքն է բաբելերենը:

Տեքստ-նշված է, թե իբր Վան քաղաքի անունով ստեղծված պետությունը կոչվում է Վանի թագավորություն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վան անվամբ քաղաքը եղել է Ուրարտուի ստեղծման ժամանակ: Իրականում, Վանի թագավորությունը մասնագիտական եզրույթ է, որը տրվել է մասնագետների կողմից:

Էջ 35
Կրկին շարունակվում է օգտագործվել այն հին տեսակետը, թե իբր Տուշպա քաղաքը կառուցվել է Սարդուրի Առաջինի կողմից: Իրականում Վանա ժայռի ստորոտին կառուցած շինության ասսուրերեն նույնիմաստ արձանագրություններում ուրարտական արքան որևէ հիշատակություն չի թողել Տուշպայի կառուցման մասին: Նա նշում է կառույցի շինարաության մասին: Ընդ որում, այդ կառույցի գործառույթները մինչ այսօր վիճարկվում են մասնագետների շրջանակներում: Այն կարող էր լինել տաճար, կառամատույց և այլն:

Բանն այն է, որ Տուշպան (տեքստում՝ Տուրուշպան) որպես բնակավայր հիշատակվում է նույնիսկ Սարդուրի I-ի գահակալումից առաջ, մոտավորապես Ք. ա. 856–853 թվականներին (գուցե՝ ավելի վաղ)` ասորեստանյան արքաներից մեկի` (Աշշուրնածիրպալ II կամ Սալմանասար III) դեպի Հայկական լեռնաշխարհ կատարած արշավանքի համատեքստում (Ե. Գրեկյան, 2013, էջ 49):

Էջ 36
Նշված է, թե իբր Իշպուինի և Մենու արքաները ուրարտական բանակը վերափոխում են երկաթե և պողպատե զենքերով, իսկ բրոնզե հանդերձանքը նվիրեցին տաճարներին: Դա անձնական հիպոթեզ է, որը չունի լուրջ կռվաններ: Իրականում այդ ամենը հաստատող ուղղակի սկզբնաղբյուրները կարծես թե բացակայում են:

Էջ 37
Տեղադրված է նկար և նշված Վանի բերդ-Ք.ա. 9-և-րդ դարեր, իրականում Վանի բերդը շարունակել է գործել նշված դարերից շատ և շատ ավելի երկար:

Էջ 39
Խոսվում է Մենուայից հետո Արգիշթիի կողմից գահը ժառանգելու մասին: Սակայն, որևէ խոսք չկա Ինուշպուայի մասին: Ինուշպուան Մենուայի ավագ որդին էր և հիշատակվում է սեպագիր տեքստերում: Մետաղե առարկաների վրա Ինուշպուայի անվամբ սեպագիր արձանագրությունները որոշակի հիմք են տալիս ենթադրելու, որ ինչ-որ կարճ փուլում նա ժառանգել է գահը, քանի որ նման արձանագրությունները գլխավորապես բնորոշ են արքաներին: Թե ինչ է հետո պատահել և ինչ հանգամանքերում է Արգիշթի Մենուայորդին հաջորդել գահը, դեռևս մեզ հայտնի չէ:

Էջ 40
Նշվում է Էրեբունի քաղաքի կառուցման մասին, սակայն որևէ անդրադարձ չկա, որ Էրեբունուց է սկսվում մեր մայրաքաղաք Երևանի գրավոր պատմությունը: Սա այն դեպքում, երբ ավելի են շատանում ոչ բարեկամների կողմից Երևանի նկատմամբ կեղծ հրապարակումները, քարոզն ու հավակնությունները:

Որպես նկար դրված է Իշպուինիի Վանից հայտնաբերված արձանագրություն, իսկ ներքևում Աշոտակերտի արձանագրության տեքստը: Դրանք տարբեր արձանագրություններ են և կարող են շփոթմունք առաջացնել և ուսուցիչների և աշակերտների մոտ:

Էջ 41
Այս էջում է տեղադրված արդեն իմ կողմից անդրադարձ կատարված քարտեզին: Այս քարտեզում կան մի շարք սխալ նշված տեղանուններ: Այսպես, նշված է ուրարտագիտությանն անհայտ Ուրմեիքուինի տեղանունը: Նշված է Դիադուխի, սակայն պետք է լիներ Դիաուխի:

Ընդ որում, Դիախին գլխավորապես պետք է տեղակայել Կարինի տարածաշրջանում: Նշված է Արարատ լեռը և փակագծում նշված է Ուրուրուտ: Վանի թագավորության որևէ սեպագրում չկա նման սկզբնաղբյուր: Արարատ-Ուրուրուտ զուգորդությունը բավական վտանգավոր է: Քարտեզում նշված է Կոլխիդա, սակայն ուրարտական սեպագիր արձանագրություններում այն հիշատակվում է Կուլխա ձևով: Այս ամենը նկատել էր նաև իմ շատ սիրելի գործընկեր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը: Կարճ ասած, այս քարտեզը ոչ պրոֆեսիոնալ ու ուզում եմ հավատալ, որ խիստ հապճեպ աշխատանքի արդյունք է: Սակայն դասագրքերը չպետք է նման կերպով գրվեն:

Իմ գրառումից հետո դասագրքի հրատարակիչ «Մասնակցային դպրոցը թողեց մեկնաբանություն՝ նշելով, որ դասագրքում սխալմամբ տեղադրվել է Իշպուինիի արքայի ժամանակաշրջանի քարտեզի չմշակված տարբերակը: Այսինքն, տեղադրված է սխալ , ոչ ճշգրիտ քարտեզ, որով պետք է առաջնորդվեն ուսուցիչներն ու աշակերտները:

Սակայն ես ունեմ հարցեր: Այդ դեպքում, ինչո՞ւ է այդ քարտեզը դրվել Վանի թագավորության անկման հատվածում: Մենք որևէ տեղեկություն չունենք, որ Իշպուինիի զորքերը հասել են Արաքսի ափ, ինչպես ցույց է տրված քարտեզում: Միայն Իշպուինիի և Մենուայի այսպես կոչված համատեղ գահալության շրջանում է տեղի ունենում մուտք Նախիջևան, որտեղ Օձասասար լեռան վրա նրանք թողնում են սեպագիր արձանագրություն: Քարտեզում նշված է Կոլխիդա: Իսկ Կուլխան հիշատակվում է Սարդուրի Արգիշթորդու սեպագրում՝ Իշպուիինիից շատ և շատ ուշ:

Էջ 43
Խոսվում է Ռուսա Առաջինի գահակալության մասին, նրա կառավարման ժամանակաշրջանում եղած խոչընդոտների մասին: Սակայն ոչ մի խոսք արքայազն Մելարտուայի՝ իր հոր Ռուսայի դեմ բարձրացրած ապստամբության մասին, ինչը խիստ կարևոր է:

Նշվում է, թե իբր ուրարատական մյուս արքաները վերանվաճեցին Մուսասիրը: Իսկ գոնե նման տեղեկություն հայտնի չէ:

Էջ 45
Սեպագրի մասին գրված է շատ աղոտ ու խրթին: Տպավորություն է ստեղծվում, թե ուրարտական տերության սեպագրերը գլխավորապես ռազմական արշավանքների մասին են:

Էջ 45-46
Խոսվում է Ուրարտուի կրոնի մասին, սակայն ոչ մի խոսք Մհերի Դռան արձանգրության մասին, որտեղ հիշատակվում են Իշպուինիի և Մենուայի ժամանակաշրջանում տերության գրեթե բոլոր կարևոր աստվածությունները: Այս համատեքսում որևէ լուրջ խոսք չկա ուրարտական ծիսապաշտամունքային կառույցների մասին:

Էջ 46
Նշվում է Թարիրիա թագուհու մասին: Սակայն որևէ հիշատակություն չկա Կակուլիի մասին, ով մեզ հայտնի երկրորդ թագուհին է:

Նշվում է, թե կա մի արձանգրություն, որտեղ իբր Մենուան պարծենում է որ ամենաշատ կանայք է բերել Տուշպայի հարեմ: Նման սկզբնաղբյուր չկա: Ուրարտական սեպագիր տեքստերում կան բազմաթիվ վկայություններ կանանց գերեվարելու մասին, սակայն մեզ հայտնի չէ, որ Մենուան հարեմ է ունեցել: Ընդհանրապես, 7-րդ դասարանի գրքում հարեմներին անդրադառնալու փոխարեն կարելի էր տեքստը լցնել շատ ավելի օգտակար և հրապուրիչ տեղեկություններով:

Էջ 48
Նշված է, որ Վանի թագավորությունը որդան կարմիր էր արտահանում: Ինձ, օրինակ, նման տեղեկություն հայտնի չէ:

Էջ 49
Դրված է Մուծածիրի տաճարի մեզ հասած գծանկարը: Դասագրքում այն ներկայացված է որպես քանդակ և նշված է, որ այն անհետացել է: Այն ընկել է Տիգրիս գետը, երբ ֆրանսիացի մասնագետները տեղափոխում էին այն:

Էջ 50
Դրված է Մհերի Դռան նկարը, բայց դրա մասին տեքստում կարծես որևէ խոսք խոսք չկա:

Ուրարտուի անկման վերաբերյալ չեն բերված կլիմայական ճգնաժամը, աղետների խնդիրը, ինչը շատ կարևոր է: Չկա անդրադարձ Ուրարտու-Էթիունի հակադրության, իսկ այնուհետև այս երկու հզոր ուժերի փոխառնչությունների մասին: Գոնե հնագիտական սկզբնաղբյուրները վկայում են այդ մասին: Էթիուինի խնդրին կարող եք, օրինակ, ծանոթանալ «Մեդիամաքսի» Կարմիր թել-ի յություբյան հաղորդման մեջ:

Պատկերացրեք, այս բոլոր նկատառումներն ու դիտարկումներն արվեցին ընդամենը մի քանի ժամում: Որքան լավ կլիներ, որպեսզի նեղ մասնագիտական թեմաների վերաբերյալ հարցնեն նաև մասնագետների կարծիքները: Այդտեղ որևէ ամոթ բան չկա: Եթե այս տեքստը նայեն իմ այլ այլ գործընկերներ, ապա կարծում եմ ևս կունենան դիտարկումներ:

Նորից նշեմ, որ իմ կողմից արված են մասնագիտական դիտարկումներ: Ավելին, ես նաև ծանոթանալու եմ մնացած մյուս դասագրքերին, որտեղ խոսք է գնում Ուրարտուի մասին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս