Իշխանության սողացող փոխարժեքը

Ամեն ինչ իր գինն ունի, քաղաքականության մեջ՝ առավել ևս: Կենցաղում մարդիկ շատ զգայուն են գնային տատանումների նկատմամբ, առաջին անհրաժեշտության ապրանքների գներով որոշվում են զանազան սպառողական զամբյուղներ, կենսամակարդակի ցուցանիշներ և այլն: Եվ քանի որ ամեն ինչի չափման միավորը դրամն է, փողը, մարդիկ ամենայնից առավել ուշադիր հետևում են տարբեր արժույթների փոխարժեքների վայրիվերումներին:

Բայց նրանք հակադարձ համեմատական կարգով անտարբեր են առաջին հայացքից ոչ չափելի, դրամական գնահատման չենթարկվող երևույթների գների նկատամբ, թեև դրանք, ինչպես և շոշափելի մատերիաները, ունեն իրենց արժեքն ու փոխարժեքը: Դա վերաբերում է նաև իշխանությանը: Իդեալական իրավիճակում, նորմալ պետությունում իշխանություն-հասարակություն հարաբերության մեջ վճարողը իշխանությունն է, որն իրեն տրված քվեի դիմաց արդյունավետ աշխատանքով, երկրի զարգացմամբ ու հզորացմամբ փոխհատուցում է հանրությանը՝ ստացված մանդատի համար: Բայց դա բախտավոր հասարակությունների պարագան է: Անբախտների դեպքում իրականությունը հակառակն է՝ վատ, անարդյունավետ, տապալված, ապաշնորհ իշխանության պարագայում գին վճարողը հասարակությունն է:

Այս կատեգորիային պատկանող հանրույթների դեպքում, սակայն, կան ենթադասակարգումներ: Վատ իշխանություն, բայց այդուհանդերձ մի քիչ բախտ ունեցող հասարակությունները վճարում են հարաբերականորեն ցածր կենսամակարդակով, լճացմամբ, զարգացման տեմպերի դանդաղմամբ և այլն: Մյուս՝ անբախտ հասարակությունների դեպքում իշխանության փոխարժեքը բարձրանում է այնպես, ինչպես տարադրամի հետ պատահում է ֆինանսական ցնցումների ժամանակ. այն թռիչքաձև աճում է:

Նիկոլ Փաշինյանի՝ արդեն հինգ տարին բոլորած իշխանության համար հայ հասարակությունը վճարել է բոլոր բորսայական գներից ամենաբարձր արժեքը: Հազարավոր զոհեր, վիրավորներ, Արցախի հայաթափում ու հանձնում, կորուստ, հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնում թշնամուն… Բայց քանի որ այդքանից հետո էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահպանել իր իշխանությունը, հայ հասարակության հասցեով ուղարկվելու են նորանոր «վճարման անդորրագրեր» ու սև թղթեր:

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի իշխանության փոխարժեքն ամեն մի փուլում տարբեր է և, ի տարբերություն, օրինակ, արտարժույթի փոխարժեքի, ոչ թե լողացող է, այլ սողացող՝ բառի ինչպես ուղիղ, այնպես էլ՝ փոխաբերական իմաստներով: Առաջիկայում հասարակությունը պետք է պատրաստ լինի նոր վճարման՝ հերթում «անկլավներն» են, ապա, գուցե որոշակի դադարից հետո, հնարավոր է՝ վրա հասնի «Զանգեզուրի միջանցքով» վճարելու պարտադրանքը: Եվ քանի որ ու քանի դեռ հասարակությունը գրեթե անտրտունջ շարունակում է վճարել Նիկոլ Փաշինյանի իշխանության դիմաց, վճարը ստացողներն ամեն ինչ անելու են այդ իշխանությունը պահպանելու համար այնքան ժամանակ, մինչև Հայաստանն այլևս վճարելու ոչինչ չի ունենա կամ, ֆինանսական լեզվով ասած՝ կսնանկանա:

Իրավիճակի ողբերգականությունն ու հակասականությունն այն է, որ խոսքը մի հասարակության մասին է, որի անդամների մեծամասնությունն անհատական մակարդակում չափից ու թույլատրելիից ավելի նախանձախնդիր է՝ իր դրամական միջոցների, մինչև իսկ՝ սեփական հավաբնի պահպանման հարցում, և պատրաստ է ընդհուպ արյունալի հաշվեհարդարի բոլոր նրանց հետ, ովքեր կհամարձակվեն դիպչել նրա կոպեկին: Բայց այդ նույն հասարակությունը լեթարգիական հանգստությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար վճարում է ամենաբարձր փոխարժեքով:

Խնդիրը, սակայն, միայն հասարակությունը չէ: Այս հարցում էական ու ողբերգական դերակատարում ունեն նաև քաղաքական ու մերձքաղաքական էլիտաները, որոնք Նիկոլ Փաշինյանի իշխանության սողացող փոխարժեքի տատանումներից ստանում են թաքնված միջնորդավճարներ, ատկատներ՝ հույս ունենալով, որ վերջում կարող են հավակնել պետության սնանկացման կառավարչի կարգավիճակին:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս