Թուրքիան մինչ օրս խոսել է միայն միջանցքի մասին. մեր ղեկավարներն են մեզ համոզում, թե խնդիրը ճանապարհն է. Տիրան Լոքմագյոզյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Հայաստանի հետ, այսպես կոչված, առանց նախապայմանների հարաբերություններ մեկնարկելու գործընթացը դարձյալ պայմանավորել է հին ու հիմնական նախապայմանով՝ բացել «Զանգեզուրի միջանցքը»:

Ինչպես հայտարարել է Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում, Թուրքիան «պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները, եթե Հայաստանը կատարի «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ իր խոստումները»:

Նա նաև կոչ է արել Իրանին «մասնակցել այդ պատմական նախագծին («Զանգեզուրի միջանցքի» բացմանը:- Զ.Դ.), որը ճանապարհ կբացի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման քաղաքական և տնտեսական քայլերի համար»:

Հիշեցնենք, որ Իրանը մեկ անգամ չէ այս առնչությամբ հայտնել իր դիրքորոշումը՝ ամենաբարձր մակարդակներով ընդգծելով, որ միջանցքները պետք է ստեղծվեն երկրների ինքնիշխանությանն ու միջազգային իրավունքին համապատասխան: Իրանը նույնիսկ «Զանգեզուրի միջանցքի» թուրքական սցենարին այլընտրանք է առաջարկել:

Կարդացեք նաև

Երեկ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին անդրադարձել է Իրանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապ հաստատելու խնդրին և նշել, որ դա նորություն չէ. Իրանի միջանցքը 34 տարի եղել է Ադրբեջանի տրամադրության տակ:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը 168.amի հետ զրույցում անդրադառնալով Թուրքայից հնչող այս պահանջներին՝ շեշտեց. «Իրանն արդեն վաղուց առաջարկել էր Թուրքիային իր տարածքով ճանապարհ ստանալ, սակայն քանի որ Թուրքիայի նպատակն ամենևին էլ ճանապարհը չէ, այլ միջանցքն է, դա իրեն ձեռք չի տալիս:

Թուրքիան թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի վրայով ճանապարհ արդեն իսկ ունի, դրա համար էլ Թուրքիան մինչ օրս երբեք չի խոսել ճանապարհի մասին, այլ միայն միջանցքի: Այդ մեր ղեկավարներն են մեզ ուզում համոզել, թե խնդիրը միայն ճանապարհն է»:

Թուրքագետը շեշտեց՝ Թուրքիան ու Ադրբեջանն ունեն բազմաթիվ ճանապարհներ, անգամ երկաթգծի ճանապարհներ կան:

«Ստամբուլից կարող է գնացքը շարժվել և Իրանով հասնել մինչև Վլադիվոստոկ: Բայց դա չէ իրենց նպատակը. իրենք ոչ թե հասարակ ապրանքներ են այս կողմ, այն կողմ տանելու, կամ մարդկանց համար են մտահոգ, այլ սեփական հսկողությամբ ճանապարհ են ուզում, որպեսզի ռազմամթերք անցկացնեն: Այսինքն՝ բաներ, որոնք նորմալ ճանապարհներով՝ Վրաստանով, Իրանով և անգամ Հայաստանով, հնարավոր չէ անցկացնել»,- հավելեց Տիրան Լոքմագյոզյանը:

Նա առհասարակ մտահոգիչ համարեց տարածաշրջանում ընթացող բազմադրվագ գործընթացները:

Այս համատեքստում անդրադառնալով Իսրայել-«Իսլամական դիմադրության շարժում» (ՀԱՄԱՍ) hակամարտությանն ու մեր տարածաշրջանի վրա դրա հետևանքներին՝ թուրքագետն արձանագրեց, որ այս ամենն ավելի է սեղմելու Իրանի շուրջ օղակը:

«Սա իսրայելա-պաղեստինյան հակամարտություն չէ։ Կարծում եմ՝ նույն սցենարն է, ինչ Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձն Էրդողանի դեմ, երբ նրանք ամեն ինչից տեղյակ էին ու թողեցին՝ կատարվի, որովհետև դա առիթ դարձավ, որ Էրդողանը կարողանա իր հակառակորդներին ճնշել: Եվ այդպես էլ արեց՝ հազարներով մարդիկ ձերբակալվեցին:

Կասկածում եմ, որ սա էլ ՀԱՄԱՍ-Իսրայելյան ինչ-որ պայմանավորվածություն էր՝ իսրայելյան շահերի համար: Հետաքրքիր է, որ միայն ՀԱՄԱՍ-ն է այս գործողությունը կատարողը. ինչո՞ւ նման մեծ ծավալով գործողություն պաղեստինյան մյուս կազմակերպությունների հետ համագործակցաբար չկատարվեց (Հեզբոլլահի հետ),- շեշտեց Տիրան Լոքմագյոզյանը՝ նկատելով, որ անհնար է՝ գերպատրաստված «Մոսադ»-ը, որ իր գործակալական ցանցերն ունի աշխարհում, չնկատեր ՀԱՄԱՍ-ի պատրաստություններն իր աչքի առաջ,- Իսկ նման մեծ քաղաքականության մեծ մի քանի թիրախներ են սովորաբար լինում: Այժմ տեսնում եք՝ հարյուրապատիկ են պատասխանում՝ Գազան են գետնին հավասարեցնում, Իսրայելը հարձակվեց նաև Սիրիայի վրա: Իմիջիայլոց, Թուրքիան էլ նույն ժամանակ հարձակվեց Սիրիայի վրա: Իսկ գլխավոր թիրախը, իհարկե, Իրանն է:

Իսրայելը արդեն վաղուց պատերազմական կոչեր էր անում Իրանի դեմ: Գիտենք՝ Ադրբեջանում ինչ նախապատրաստություններ կան, ու ինչի համար Իսրայելն օգնեց Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ»:

Տիրան Լոքմագյոզյանը շեշտեց՝ օղակը կամաց-կամաց սեղմվում է Իրանի շուրջ՝ հակառակ նրա, որ Իրանը հայտարարել է, որ ինքն առնչություն չունի ՀԱՄԱՍ-ի գործողությունների հետ:

«Մի կայծ է պետք, որ տարածաշրջանը պայթի»,- նշեց թուրքագետը:

Այս իրավիճակում Հայաստանի հնարավոր դիրքավորման մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ Տիրան Լոքմագյոզյանը ցավով արձանագրեց. «Մենք վերջին հինգ տարում վերածվել ենք քաղաքական օբյեկտի, ու այդ իսկ պատճառով ուրիշների հրահանգներով ենք առաջնորդվում: Իսկ այս դեպքում մենք ընդհանրապես անելիք չունենք. դեպքերը, հնարավոր է, գան ու մեր վրայով անցնեն»:

Տեսանյութեր

Լրահոս