Մեռնեմ էլ՝ ձեզ հետ եմ, ապրեմ էլ. ես ուզում եմ հրաժարական տամ, ես իմ ժողովրդի հետ եմ, թող որոշեն. Կիրանցի գյուղապետ

Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրավիճակը շարունակում է լարված մնալ, բնակիչները կրկին իրենց անհամաձայնությունն են հայտնում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության, որդեգրած սկզբունքների՝ իրականացվող սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։
Այսօր հավաքված բնակիչներին Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանն ասաց, որ բոլորի հետ կանգնած է և ցանկանում է հրաժարական ներկայացնել։

«Ես ուզում եմ իմ հրաժարականը տամ, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ։ Դուք ի՞նչ եք ասում, տա՞մ այդ հրաժարականը։ Ես սկզբից ձեզ հետ եմ եղել ու կլինեմ։ Մեռնեմ էլ՝ իմ ժողովրդի հետ եմ, ապրեմ էլ՝ իմ ժողովրդի հետ եմ»,- ասաց Կիրանցի գյուղապետը։
Բնակիչները գյուղապետի խոսքից հետո տարբեր կարծիքներ հայտնեցին, մի մասն ասաց՝ կարող է հրաժարական տալ ու միանալ իրենց, մի մասն էլ՝ թե կարող է այդ հրաժարականը չտալ, քանի որ, այսպես թե այնպես, բնակիչների հետ է։

Գյուղապետն ասաց՝ բնակիչները թող որոշեն, որ հետո չմեղադրեն, թե՝ թողեց գնաց։
«Դուք ժողովրդի կողքին եք եղել միշտ, հրաժարականի իմաստ չենք տեսնում»,- ասացին բնակիչներից մի քանիսը։

Կիրանցի մի կին էլ ասաց, որ կարող է ժողովրդի կողքին լինել, բայց գյուղապետարանում որևէ մեկին չընդունի վերևներից, ուղղակի ժողովրդի հետ մինչև վերջ կանգնի ու գյուղը պահի։
Գյուղապետն էլ բացատրեց, որ, օրինակ, Իջևանում Կառավարությունից մարդ է գալիս, ասում է՝ թող գյուղի ակտիվներից մի քանի հոգի գան խոսեն։

Կարդացեք նաև

Բնակիչները հակադարձեցին, որ Կառավարության այդ անդամը կարող է գալ Կիրանց ու խոսել, քանի որ բոլորն էլ գյուղում ակտիվ են։

Գյուղապետը հայտարարեց, որ իրենց խաբել են, և որևէ մեկին չեն հավատում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս