Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հակաօդային պաշտպանության միջոցներով գիշերվա ընթացքում ռուսաստանյան տարածաշրջանների երկնքում ոչնչացվել է «Տոչկա-Ու» հրթիռ, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) արկեր, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի կողմից արձակված 11 անօդաչու թռչող սարք: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Հերթապահ հակաօդային պաշտպանության միջոցներով ոչնչացվել է «Օլխա» ՀԿՌՀ-ի երկու ռեակտիվ արկ, «Տոչկա-Ու» մարտավարական համալիրի մեկ հրթիռ և մեկ անօդաչու թռչող սարք Բելգորոդի մարզի երկնքում, ոչնչացվել է չորս և կալանվել երկու անօդաչու թռչող սարք Ղրիմի Հանրապետության տարածքի վրա, մեկ անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Բրյանսկի մարզի տարածքի վրա, մեկ անօդաչու թռչող սարք՝ Կալուգայի մարզի տարածքի վրա և երկու անօդաչու թռչող սարք՝ Տուլայի մարզի տարածքի վրա», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգի աշխատանքի մասին հայտնել են Կալուգայի, Բրյանսկի և Տուլայի մարզերի իշխանությունները։
Իսկ Ուկրաինայի հարավի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունից հայտնել են, որ անցած օրվա ընթացքում ռուսական զորքերն ակտիվ գրոհներ են իրականացրել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի վրա երկրի հարավում, հատկապես՝ Զապորոժիեի մարզի Ստարոմայորսկիի շրջանում։
Իր հերթին Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը հայտնել է, որ Խարկովի մարզում ռուսական զորքերը սահմանից 8 կմ առաջ են շարժվել։ Միևնույն ժամանակ նշվում է, որ մարզում նրանց հարձակողական գործողությունների տեմպը նվազում է։