Խնդիրներ կունենանք Կիրանցի հատվածում. Փաշինյան
Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Սա շատ կարեւոր սկզբունք է, որովհետեւ եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ այս սկզբունքից շեղվելով պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի եւ ռազմական բախումների հարատեւ աղբյուր: Այս մեր սկզբունքի ամրագրմամբ, որ ասում ենք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է, մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը, եթե դուրս չենք բերել, առնվազն, էականորեն նվազեցրել ենք»,-ասաց նա:
Անդրադառնալով Կիրանցի հատվածում սահմանազատմանը, Փաշինյանն ասաց. «Ինչո՞ւ որոշակի խնդիրներ ունենք Կիրանցի հատվածում, որովհետեւ որդեգրել ենք սկզբունքը, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Այս սկզբունքը գործուն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի բոլոր հատվածների համար:
Մենք սրանով ստեղծում ենք սահմանազատման բանաձեւ, որը պետք է գործի սահմանազատման ամբողջ գործընթացի համար: Սա նշանակում է, որ սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի»:
Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 9-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը, արդյոք ծագելու է նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարցեր,- Արմենպրեսի հարցին ի պատասխան Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են:
Հիշեցնենք, որ Տավուշի վերոնշյալ գյուղերի բնակիչները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ իրենց անվտանգությանը լրջագույն սպառնալիք համարելով կատարվողը։ Միակողմանի և անօրինական սահմանազատման գործընթացի դեմ Բագրատ Սրբազնի առաջնորդությամբ տավուշյան շարժումը վերածվել է համահայկականի։