Ադրբեջանի սահմանապահ ուժերը իրենց մեջ ներառում են հրետանի, օդուժ, համադրելի չեն մեր սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Կառավարության շենքի դիմաց հավաք էին կազմակերպել, ներսում ընթանում էր կառավարության նիստը:

Մայիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել , որ մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, ստորագրվել է Արձանագրություն, և կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նախ հիշեցրել է, որ Սյունիքում՝ Շուռնուխի, Որոտանի հատվածում, առանց որևէ փաստաթղթի, իրավական հիմքի և ընթացակարգերի՝ տեղի են ունեցել սահմանային ճշգրտումներ: Մի քիչ փոփոխված նմանօրինակ գործընթաց տեղի է ունենում Տավուշում:

«Մինչև սահմանն ամբողջությամբ չդելիմիտացվի, այս գործողությունները, որոնք իրականացվում են, դրանք հակասում են միջազգային պրակտիկային և նախադեպերին: Երկրորդ, տարածված հայտարարություններով, որ երեկ կնքված արձանագրությունների հիման վրա տեղի է ունենալու զորքերի տեղաշարժ և տարածքների հանձնում, դա ևս օրենքից դուրս է, որովհետև այդ գործընթացը պետք է ունենա հաստատում, դրանք պետք է ուղարկվեն Սահմանադրական դատարան՝ դրանց սահմանադրականությունը ճշտելու համար, հետագայում դրանք պետք է գնան խորհրդարան՝ վավերացման համար: Առանց այդ ընթացակարգերի, այս գործընթացն ամբողջությամբ ապօրինի է: Երբ որ նայում ես 2010 թվականի վարչատարածքային բաժանման մասին օրենքի նկարագրությունը, հստակ է դարձնում, որ այն տարածքները, որոնք նրանք համարում են ադրբեջանական, ՀՀ տարածք են հանդիսանում: Եվ անկախ նրանից, թե ինչ քարտեզների հիման վրա են անում, դա չի համապատասխանում օրենսդրությանը, որովհետև ՀՀ տարածքում գտնվող ցանկացած սանտիմետրի հանձնումը կարող է տեղի ունենալ բացառապես հանրաքվեով»,- մանրամասնել է Աբրահամյանը և անդրադառնալով Կիրանցի կամուրջին, տների հատվածին, որոնք կարող են հայտնվել ադրբեջանական կողմում, շեշտել է՝ դեմարկացիան ենթադրում է, որ կենսական անհրաժեշտություն համարվող տարածքների հետ կապված պետք է փոխանակման գործընթաց լինի:

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «Արմենպրեսին», մասնավորապես, հայտնել էր, որ սահմանապահների տեղակայումը տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում:
Տիգրան Աբրահամյանն այս համատեքստում ասել է, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն այդ ուղղությամբ մարտական հերթապահություն է իրականացնում 5-6 տարի:

«Ժամանակին, երբ արդեն պլանավորման փուլում են եղել Արցախի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունները, այդտեղ տեղակայված բանակային կորպուսն ամբողջապես հանվել է և այնտեղ ծառայություն է իրականացրել սահմանապահ ծառայությունը: Ավելին, այն բանակային կորպուսը, որը ժամանակին կանգնած է եղել Տավուշում՝ ադրբեջանական հատվածից, որպես հարվածի գլխավոր ուժերից մեկը՝ կենտրոնացած է եղել Արցախի հարավային հատվածում: Այնպես որ, ադրբեջանցիներն այդ ուղղությամբ վաղուց սահմանապահներ տեղակայել են: Այլ բան է, որ Ադրբեջանում սպառազինության պոտենցիալի, ռեսուրսների առումով սահմանապահ ծառայությունը լրիվ այլ ուժ է ներկայացնում և որևէ ձևով համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ծառայության հետ: Օրինակ, Ադրբեջանի սահմանապահ ուժերն իրենց մեջ ներառում են հրետանի, օդուժ, և, բնականաբար, իրենց տեխնիկական, մարտական հնարավորություններով այս պահին համեմատելի չեն ՀՀ սահմանապահ ծառայության հետ»,- հավելել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:

Իսկ թե ինչ մանիպուլյացիաների են գնացել ՀՀ իշխանությունները, մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս