2018 թվականի նիկոլյան շարժումը սփյուռքը բաժան-բաժան արեց. սա հիմնովին պետք է փոխվի. «Զարթոնք» օրաթերթի խմբագիր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաները շարունակվում են Երևանում՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ։ Շարժման մասնակիցները ապրիլի 19-ից սկսած իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Ադրբեջանի հետ ՀՀ իշխանությունների սկսած սահմանազատման գործընթացի դեմ: Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին միակողմանիորեն զիջում են հայկական տարածքները։ Շարժման մասնակիցները Կիրանցից երթով եկան Երևան, իսկ արդեն մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հրապարակեց իրենց պահանջը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական: Միայն դրանով է հնարավոր կասեցնել երկրի իշխանությունների որդեգրած և իրականացվող պարտվողական քաղաքականությունը։

Այս ամբողջ ընթացքում սփյուռքում ևս տարբեր քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ։
168.am-ի հետ զրույցում Լիբանանի «Զարթօնք» հայկական օրաթերթի խմբագիր, մտավորական, հասարակական գործիչ Սևակ Հակոբյանը խոսելով Հայաստանում ստեղծված իրավիճակի և սփյուռքի անելիքների մասին, նախ նկատեց, որ սփյուռքն այսօր նախկինը չէ։

«Սփյուռքի միությունները կամ քաղաքական կառույցներն այն չեն, ինչպես էին 30 կամ 60 տարի առաջ։ Այնտեղ էլ են առաջին շարքերը գրավել միջակությունները, նրանք են, որ այսօր կառավարում են սփյուռքը։ Այս ամենին զուգահեռ՝ տեղի ունեցավ 2018 թվականի նիկոլյան շարժումը, որը սփյուռքը բաժան-բաժան արեց, նույնիսկ ընտանիքներ կան, որ այս թեմայով միմյանց հետ խնդիրներ ունեն։ Նույնը վերաբերում է նաև կազմակերպություններին, որոնք մեկ կամ երկու մասերի են բաժանված։ 2018 թվականից սփյուռքը բաժանված է, իսկ պետությունն էլ այս հարցի լուծմամբ չզբաղվեց, կարծես թե այս հեղափոխության ընդհանուր փաթեթի մեջ էր մտնում նաև սփյուռքը Հայաստանից հեռացնելու հարցը։ Առաջին քայլը սփյուռքի նախարարության լուծարումն էր, այդպիսով քիչ-քիչ սփյուռքը հեռացրեցին հայենիքից»,- նշեց Սևակ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ եթե այսօր սփյուռքում օղիի սեղանի շուրջ խմում են հայրենիքի կենացը, կարծում են, թե հայրենիքի նկատամամբ եղած իրենց պարտավորությունը կատարեցին։

«Այդուհանդերձ, այս ամենին զուգահեռ, սփյուռքում կա մեծամասություն, որի համար չեմ կարող ասել, որ հայրենիքում տեղի ունեցող իրավիճակով հետաքրքրված չէ, բայց կան սխալ բաներ, որոնք պետք է շտկել։ Կրկնում եմ՝ այս ամենը վերջին վեց տարիներին ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքն է, որը սփյուռքը հայրենիքից բաժանեց։

Կարդացեք նաև

Այսօր սփյուռքում նաև գաղափարական կադրերի պակաս կա։ Սփյուռքում գաղափարական մասը միշտ արթուն էր մնում։ Իհարկե, կա բավականին ներուժ, անհատական առումով դա օգտագործվում է, սակայն հավաքական իմաստով ներուժը մնում է չօգտագործված։ Իսկ օգտագործելու համար ամեն ինչ, այսպես ասած, ծրագրավորում է ուզում, գաղափարական մաս է ուզում, և սա պետության գործն է՝ Հայաստանի, քանի որ սփյուռքը պետություն չունի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Սևակ Հակոբյանն այս համատեքստում նաև հիշեցրեց Արցախի հարցը, որի առնչությամբ սփյուռքում որևէ բան չկարողացան անել, թեպետ բողոքի ակցիաներ ու երթեր կազմակերպվեցին։ Մարդիկ իրենց խղճի հանդեպ հանգիստ լինելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին Հայաստանին ու բռնի տեղահանված արցախահայերին, բայց առաջին տեղում դա չպետք է լիներ։
«Նախկին իշխանությունների օրոք սփյուռքն ավելի շատ էր ներգրավված հայկականության մեջ և Հայաստանի գործերին, իսկ այսօր անտարբերություն է տիրում սփյուռքում այնպես, ինչպես Հայաստանում է, այս ամենը պետք է հիմնովին փոխել»,- եզրափակեց Սևակ Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս