«Խարիզմատիկ հոգևորական», «բազմահազարանոց ցույցեր»․ արևմտյան մամուլին գրավում է Բագրատ սրբազանի կերպարը

Մայիսի 9-ից Երևանում նոր թափ առած շարժումը, որն առաջնորդում է Տավուշի թեմակալ առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, սկսում է գրավել նաև արևմտյան մամուլի ուշադրությունը։ Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտարարեց, թե երևանյան իրադարձություններն Արևմուտքում պաշտոնապես ոչ միայն չեն մեկնաբանվում, այլև չեն լուսաբանվում։ Իհարկե, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ճիշտ է, երբ նշում է, որ չկա արձագանք ԱՄՆ Պետդեպի, ԵՄ-ի կողմից ոստիկանական գործողություններին, բիրտ ուժի կիրառման անհամար փաստերին, Զախարովան ճիշտ է նաև, երբ նշում է՝ Վրաստանում այս օրերին բռնկված անհնազանդության ցույցերին արևմտյան մամուլը լուրջ աջակցություն է ցուցաբերում, ակտիվիստներին ներկայացնում՝ որպես հերոսներ։ Սակայն Բագրատ սրբազանի կերպարը ևս սկսում է գրավել արևմտյան մամուլի ուշադրությունը, որտեղ նրան որակում են՝ որպես «Խարիզմատիկ հոգևորական»։ Մասնավորապես, Ֆրանս պրես գործակալությունը «Խարիզմատիկ հոգևորականը շարժում է հրահրել Հայաստանում» վերտառությամբ հոդվածում գրում է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գրավել է հայաստանյան քաղաքականության առաջին գիծը` հրահրելով զանգվածային ժողովրդական բողոքի ցույցեր՝ ընդդեմ ոխերիմ թշնամի Ադրբեջանին հողերը զիջելու կառավարության ծրագրի:
«Անցյալ շաբաթ 52-ամյա տղամարդը ցուցարարներին առաջնորդեց դեպի մայրաքաղաք Երևան՝ իր Տավուշի թեմից՝ չորս սահմանամերձ գյուղերի բնակավայրից, որոնք կառավարությունը համաձայնել է վերադարձնել Բաքվին։ Հազարավոր մարդիկ են միացել խարիզմատիկ հոգևորականի վեցօրյա երթին՝ ի համերաշխություն տավուշցիների։

Երբ նա առաջնորդում էր երթով ընթացող ցուցարարներին դեպի Երևան, Գալստանյանը, ով տառապում է երակների վարիկոզից, հաճախ երևում էր, թե ինչպես է կանգնում ճանապարհի եզրին՝ վիրակապելու իր արյունահոսող ոտքերի վերքերը:

Մեծ Բրիտանիայում և Կանադայում սովորած արքեպիսկոպոսը վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատապարտել է որպես «ստախոս»՝ պատասխանատու հայկական պարտությունների և Ադրբեջանին տարածքային զիջումների համար։ «Մեզ պետք է նոր կառավարություն, ժողովրդի կառավարություն, հոգատար կառավարություն, հաշտեցման կառավարություն»,- ասաց նա ցուցարարներին՝ վերջերս Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

«Ես այսօր պայքարի դուրս եմ եկել, որովհետև մենք ապրում ենք գողացված ուրախության և անարգանքի ժամանակներում… երբ մեր հայրենիքի բոլոր սահմանները վտանգի տակ են»,- ասաց նա»,- գրում է միջազգային լրատվամիջոցը, հավելելով, որ Երևանում տասնյակ-հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։

Կարդացեք նաև

«Ասոշիեյթիդ պրես»-ն էլ «Հայաստանում հազարավոր ցուցարարներ պահանջում են վարչապետի հրաժարականը Ադրբեջանի հետ վեճի պատճառով» նյութում գրում է, որ Հայաստանում հազարավոր ցուցարարներ, որոնք զայրացած են կառավարության որոշմամբ՝ սահմանամերձ մի քանի գյուղերը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում ցույց են անցկացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Reuters»-ը ևս լուսաբանում է Բագրատ սրբազանի գլխավորությամբ զարգացող շարժումը՝ նշելով, որ փողոց է դուրս եկել ցուցարարների մեծ բազմություն Նիկոլ Փաշինյանի որոշումների դեմ։

Տեսանյութեր

Լրահոս