Հաշվի առնելով բանակցություններում «անկլավների» վերադարձի ակտուալությունը, Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սադրանքների դիմելու հավանականություն կա. Շիրազ Խաչատրյան
Օրերս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ «ադրբեջանական» 8 գյուղ դեռ գտնվում են Հայաստանի «օկուպացիայի» տակ՝ ընդգծելով դրանք «ազատագրելու» կարևորությունը։
2023 թվականի մայիսին Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Տավուշի գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջին՝ նշելով, որ պատրաստ է Տավուշի գյուղերը հանձնել: Ավելին, նա ասել էր, որ այս տարվա փետրվար ամսին Մյունխենում Ալիևի հետ հանդիպմանն ադրբեջանական կողմից Տավուշի գյուղերի վերադարձի հարց բարձրացվել է: Իսկ արդեն այս տարվա մայիսին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հաստատել էր, որ Տավուշի գյուղերը մտնում են Ադրբեջանի՝ 86.600 քկմ տարածքային ամբողջականության մեջ, որն ինքը ճանաչել է: Ուստի դրանից հետո հունիս ամսին China Media Group-ին տված հարցազրույցում Ալիևը նշել էր. «Նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով, ինչն իր մեջ ներառում է Ղարաբաղը և ՀՀ տարածքում ադրբեջանական 8 անկլավները: Սա, իրապես, կարևոր հայտարարություն է, ինչը մնում է ամրագրել թղթի վրա և ստորագրել: Այսինքն, Հայաստանն ասել է «Ա»-ն, որ Ղարաբաղը դա Ադրբեջան է, մնում է անցնեն «Բ» կետին և ստորագրեն այդ համաձայնագիրը»:
Ի դեպ, մայիսին Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև Տավուշի հատվածում զորքի հետքաշման մասին՝ նշելով, թե «շատ հնարավոր է՝ ոչ թե դա տեղի ունենա, նոր ստորագրվի խաղաղության պայմանագիր, այլ պայմանագիրը ստորագրվի այն մասին, թե դա ֆիզիկապես ինչպես և ինչ ժամկետներում պետք է տեղի ունենա»:
Այս ամենը հաշվի առնելով, ինչ սպասել Տավուշի ուղղությամբ, արդյո՞ք Ադրբեջանը ռազմական սադրանքի կգնա, ինչ ռազմական ու անվտանգային պատկեր կունենանք և՛ դրա արդյունքում, և՛ զորքի հետքաշման:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:
– Մինչ Ալիև-Միշել հեռախոսազրույցին, արված հայտարարությանը և հնարավոր ռազմական սադրանքի բաղադրիչի մասին խոսելը, պետք է հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ Գրանադայում։ Որքան էլ Ալիևն իր չմասնակցելը պայմանավորի Ֆրանսիայի «կողմնակալ» դիրքորոշման պատճառով, նրա կողմից հնգակողմ հանդիպմանը չմասնակցելը երկու կարևոր հանգամանքով կարելի է բացատրել. առաջին՝ իրենց կողմից պաշտոնապես հայտարարվել է այն մասին, որ Թուրքիան որպես միջնորդ չի ներգրավվել, այսպես ասած, «տարածաշրջանային խաղաղության օրակարգին», երկրորդ՝ Ալիևը նման քայլով ցույց է տալիս, որ երբեք խաղաղության չի ձգտում, նրա ախորժակը բացվել է, և Փաշինյանի կողմից միակողմանի խոստումներն ու պարտավորություններն ավելի են «ազատում նրա ձեռքերը»։ Չեմ խոսում նաև ռուս-ադրբեջանական չերևացող պայմանավորվածությունների և 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման պայմանների մասին։
Այսինքն՝ Ալիևը, նախ առանց իր ներկայության, նոր զիջումների հավաստիացումներ է ստանում Փաշինյանից ու Արևմուտքից, եվրոպական հարթակից ստանում առավելագույնը, զուգահեռ էլ փորձում է Անկարայի ու Մոսկվայի հետ հարաբերություններում նոր բովանդակություն հաղորդել։ Իսկ Ալիևի վերջին հայտարարությունները, հատկապես Գրանադայի հանդիպումից հետո, բավականին մտահոգիչ են ու նաև սադրիչ։ Ալիևը Միշելի հետ հեռախոսազրույցում ոչ միայն հայտարարել է, թե «ադրբեջանական անկլավները» դեռևս գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ, և դրանք պետք է «ազատագրվեն», այլև շեշտել, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք տրամադրելը մոտեցում է, որը ծառայում է ոչ թե խաղաղությանը, այլ նոր հակամարտությանը։
Ըստ Ալիևի՝ եթե տարածաշրջանում նորից հակամարտություն սկսվի, «մեղավորը» կլինի Ֆրանսիան։ Ալիևի ասելիքի մեջ ակնհայտ շանտաժ էլ կա։ Պարզ է նաև, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև նախատեսված հանդիպումից առաջ Ալիևն ուժեղացնում է իր հռետորաբանությունը, փորձում ճնշումներ բանեցնել հայկական կողմի վրա, բայց որ Տավուշի հատվածում «անկլավների ազատագրման» պատրվակով կարող են լինել նաև ռազմական լոկալ բախումներ, բացառված չեն: Մեկ անգամ չէ, որ ադրբեջանական կողմը նման եղանակով փորձել է բուն բանակցությունների սեղանի շուրջ իր ուզածը ստանալ։ Այստեղ հարցն այն է, որ հայկական կողմը, սովորույթի համաձայն, նոր զիջումների հավաստիացումների և քայլերի չգնա, այլապես անընդհատ նույն ծանր շրջապտույտի մեջ ենք հայտնվելու։ Եվ թե այս խառը և վտանգավոր պրոցեսների մեջ ինչ դիվանագիտական «հաղթանակների» մասին են խոսում ՀՀ իշխանությունները, միայն իրենք գիտեն։ Երևակայությունն ու խեղկատակությունն էլ չափ ու սահման պետք է ունենա։
– Մի կողմից՝ Տավուշի գյուղերի վերադարձի, մյուս կողմից՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման պահանջ, ինչը ենթադրում է Սյունիքի թիրախավորում: Այս երկու ուղղություններով Ադրբեջանը համաժամանակյա՞ գործողություներ կանի, թե՞ հաջորդաբար, կամ արդյո՞ք Տավուշի ուղղությունը, այսպես ասած, Ադրբեջանը առաջ չի բերի Սյունիքից ու Նախիջևանից՝ հաշվի առնելով, որ Փաշինյանի «թեթև ձեռքով» ստեղծվել են լեգիտիմ հիմքեր ռազմական գործողությունների համար:
– Դժվար է կանխատեսումներ անել, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ, հատկապես իսրայելա-պաղեստինյան հակամարտության այս փուլում։ Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, թե ինչ հսկայական կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ է կրել ադրբեջանական կողմը վերջին սեպտեմբերյան արցախա-ադրբեջանական մարտական գործողությունների ժամանակ։ Կրած կորուստների պատճառով Ալիևի նկատմամբ Ադրբեջանում դժգոհությունները մեծանում են, իրենց հիմնական մատակարարներից Իսրայելը հիմա խրված է պաղեստինյան հակամարտության մեջ, իսկ հայկական կողմի հետ լայնածավալ դիմակայություններից առաջ ադրբեջանական կողմը լուրջ պատրաստվում է։ Ճիշտ է՝ ադրբեջանցիները Թուրքիայից և այլ երկրներից ևս կարող են սպառազինությունների և զինտեխնիկայի լրացումներ անել, բայց գիտեք, որ Իսրայելն է մատակարարում Ադրբեջանի սպառազինության մեծ մասը։ Կարծում եմ, ադրբեջանական կողմը, երկու ուղղություններով համաժամանակյա ռազմական լայնածավալ գործողությունների գնալու ռիսկերը հաշվարկած կլինի՝ և՛ ռազմական, և՛ գեոպոլիտիկ հետևանքների առումով։ Իսկ ձեր հարցադրման վերջին միտքը նաև դիտարկում կարելի է համարել: Այո, հաշվի առնելով բանակցություններում «անկլավների» վերադարձի ակտուալությունը, Տավուշի ուղղությամբ թշնամու կողմից սադրանքների դիմելու հավանականությունն ավելի մեծ կարող է լինել։
– Կրկնելով սկզբում հնչեցրած միտքս. Տավուշի գյուղերի հնարավոր հանձնման դեպքում բնակավայրերի անվտանգության առումով ի՞նչ պատկեր ենք ունենալու, ի՞նչ ռիսկեր, ինչո՞ւ չէ՝ Հայաստանը ռազմական, անվտանգային, տնտեսական առումով ի՞նչ է կորցնելու, և ի՞նչ են շահելու Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը: Ի դեպ, Տավուշում Ռուսաստանը ուղեկալներ էր տեղակայել մի քանի տեղում, և ժամանակին Ադրբեջանը նույնիսկ դժգոհել էր: Այս թեման կարծես թե պասիվ վիճակում է կամ ոչ ակտուալ, ՌԴ-ի համար ի՞նչ է փոխվել:
– Ես ասացի՝ Հայաստանն ինքն իր ձեռքով «ականապատում» է իր իսկ տարածքները, Ադրբեջանը փաստացի բլոկադայի է ենթարկում Իրանից դեպի Վրաստան տանող գլխավոր մայրուղին, այն էլ՝ մի քանի կետերում։ Այստեղ խնդիրը չպետք է դիտարկել իշխանությունների ասֆալտային տրամաբանության մեջ, երբ հայտարարում, են, թե չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիրներ։
Օրինակ, եթե Տիգրանաշենը հանձնում են Ադրբեջանին, ապա դրա այլընտրանքային ճանապարհը Լանջառով տանող փոքր ճանապարհն է, որն անցնում է գյուղերի միջով, և որը դժվար գործածելի է լինելու։ Պետք է հասկանալ, որ այդ ճանապարհների միջպետական նշանակությունը շատ մեծ է, և ոչ միայն մեր, այլ հարևան գործընկերների բեռնաշրջանառությունը դրանից դանդաղելու է: Սա վնասելու է մեր և հարևան երկրների տնտեսություններին, որոնք էլ իրենց հերթին այլընտրանքային տրանսպորտային հանգույցների մասին կսկսեն մտածել։ Իսկ այլընտրանքային հանգույցներից մեկը Իրան-Ադրբեջան-Վրաստան կամ Ռուսաստան երթուղին է, և, բնականաբար, այդ ամենից շահելու է նախևառաջ Ադրբեջանը։ Չեմ խոսում նաև այն մասին, թե ինչպես են կարգավորվելու ճանապարհների անվտանգության խնդիրները, հսկիչ-անցագրային կետեր որտեղ են դրվելու, մեզ պատկանող տարածքներում շարժերն ինչպես են կանոնակարգվելու: Իսկ գուցե իրականում դադարելու է հիմնական շարժն այդ ուղղությամբ, և ժամանակի ընթացքում թուրքական ձեռագրով ադրբեջանցիները կարող են հասնել նաև մեր նոր տարածքների կլանմա՞նը։
Ինչ վերաբերում է ռուսական ուղեկալներին, ապա դրանք, որքան հիշում եմ, սկսեցին տեղադրվել 2021թ. ամռանը: Պաշտոնական մակարդակում ասվում էր, որ ուղեկալների տեղակայումն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում, սակայն կարծիքներ կային, որ ուղեկալների տեղակայումը պայմանավորված է «անկլավների» հանձնման, այդ հատվածներում սահմանազատման և սահմանագծման աշխատանքների գործընթացով։ Քանի որ «անկլավների» թեման այժմ ակտիվ քննարկումների օրակարգում է, առաջիկայում առավել հստակ կդառնա, թե ինչ առաքելությամբ էին ռուսական ուղեկալները տեղակայվել կոնկրետ հատվածներում՝ Ազատամուտ, Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհին և այլն: Սպասենք զարգացումներին։
– Հիշատակեցիք իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, որքանո՞վ է այն առնչվում մեր տարածաշրջանին և դրա անվտանգային ապագային:
– Ուղիղ։ Տարածաշրջանային ցանկացած հակամարտություն՝ լինի դա Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում, թե Իսրայելում, անվտանգային նոր ռիսկերի առաջ է կանգնեցնում ռեգիոնի բոլոր պետություններին: Այսպիսի պայթյունավտանգ և ծավալվող հակամարտությունների ընթացքում հատկապես մեծ պետությունների կողմից ձևավորվում են նոր առանցքներ ընդդեմ այս կամ այն խաղացողի, իսկ փոքր պետություններն ունեն հնարավորություններից օգտվելու շանսեր, բայց նաև նոր մարտահրավերների առաջ կարող են կանգնել։ Հիմա, ըստ էության, շատերի, բայց առաջնահերթ Իսրայելի կարծիքով, Իրանը ներգրավված է իրենց վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը, իսկ այդ ամենին հակազդելու համար Իսրայելը ոչ միայն իր տարածքում ռազմական ճանապարհով կարող է հարցեր լուծել, այլ պայքար ծավալել իր սահմաններից դուրս, Իրանի քթի տակ փորձելով խնդիրներ կատարել։ Իսկ այդ ամենը չի կարող ուղիղ ազդեցություն չունենալ մեր տարածաշրջանի, և առաջնահերթ՝ Հայաստանի վրա։
– Իրանի դերը Հարավային Կովկասում և, մասնավորապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ շահեր ունի, և որքանո՞վ են դրանք համընկնում ՀՀ-ի և Ադրբեջանի ազգային շահերի հետ, եթե ընդունենք, որ ՀՀ իշխանությունները գործում են մեր երկրի ազգային հետաքրքրությունների շրջանակում:
– Իրանը դարեր շարունակ առանցքային դերակատարություն է ունեցել Կովկասում, սակայն Հարավային Կովկասում հաստատված նոր իրողությունների պայմաններում, երբ Թուրքիան փորձում է էլ ավելի ամրանալ տարածաշրջանում, փոխվել են նաև Իրանի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունները: Եվ այդ առաջնահերթությունների ցանկում է նաև Սյունիքով անցնող Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային երթուղիների կարևորության հարցը։ Իրանի աշխարհաքաղաքական վիճակը ծայրահեղ կբարդանա, եթե կյանքի կոչվի, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, իսկ Իրանի և Հայաստանի շահերն այժմ ամբողջապես համընկնում են։ Նրանց համար կարևոր է Հայաստանի ցանկացած ճանապարհ, մայրուղի, բայց երբ Հայաստանի իշխանությունները հեշտությամբ հայտարարում են «անկլավները» հանձնելու պատրաստակամության մասին, այդ երթուղիները ոչ էֆեկտիվ են դառնում Իրանի համար, և Թեհրանն էլ փորձեր է անելու այլընտրանքային ճանապարհներ փնտրել, այդ թվում՝ լավացնելով հարաբերությունները նույն Բաքվի հետ։ Այսպես ասեմ՝ ՀՀ իշխանությունների անընդհատ զիջողական քաղաքականության, Արևմուտքում անընդհատ դաշնակիցներ փնտրելու, Իրանի քթի տակ նրանց հրավերներ անելու պատճառով Թեհրանը փորձելու է միշտ կարգավորված պահել հարաբերությունները նաև Բաքվի հետ։ Եթե Հայաստանն ինքն իր ձեռքով իր տարածքը «ականապատում» է, ապա Թեհրանը փորձելու է ապահովագրել իրեն և այլ եղանակներով ևս ապահովել իր շահերը։ Այնպես որ, հույսներս դնել Իրանի վրա, փոխարենը՝ ոչինչ չձեռնարկելով, ոչինչ չանելով, կարող ենք նոր վտանգավոր իրողությունների առաջ կանգնել։
– Սյունիքում հյուպատոսություն է ցանկանում բացել Ֆրանսիան, հյուպատոսություն ունի Իրանը, և Սյունիքում ցանկանում է հյուպատոսություն ունենալ ՌԴ-ն: Այսինքն, հաշվի առնելով, որ Սյունիքը գեոպոլիտիկ մեծ խաղացողների ուշադրության առանցքում է, ի՞նչ շահերի բախումներ ու համընկնումներ կարող են լինել` չմոռանալով նաև թուրքական գործոնը:
– Սյունիքի միջազգային աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նշանակությունը գերկարևոր է ուժային բոլոր կենտրոնների համար։ Այս գլխավոր խաչմերուկում ամրապնդվելու Ռուսաստանի և Իրանի նպատակները, Ֆրանսիայի և Արևմուտքի հետաքրքրության ավելացումը, միանգամայն հասկանալի է։ Եվ ակնհայտ է, որ նման իրավիճակում չեն կարող չլինել շահերի բախումներ՝ և՛ աշխարհաքաղաքական, և՛ տնտեսական առումներով։ Սակայն, ըստ իս, մի հարցում Իրանի, ՌԴ-ի, Ֆրանսիայի շահերը կարող են համընկնել, խոսքը պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակների «դեմն առնելու» մասին է։
«Զանգեզուրի միջանցքի» կամ «թուրանական ճանապարհի» թեման ռազմավարական խնդիր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, իսկ, ինչպես վերևում նշեցի, այդ նախագծի կյանքի կոչումը և՛ Իրանի համար է կարմիր գիծ, և՛ ՌԴ-ի ու Ֆրանսիայի։ Մեր հարցազրույցներից մեկում նշել եմ, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին այն համատեքստում, որ լոգիստիկ ճանապարհների վերահսկողությունը կանցնի իրենց վերահսկողության տակ, սակայն այնպես չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը համաձայն են նման կարգավիճակով ճանապարհի գոյության հետ, պարզ ասած, իրենց ուզածը սուվերեն կամ արտատարածքային միջանցքն է, որով կարող են ռազմական բեռներ նաև փոխադրել։
Ասել եմ նաև, որ այդ առումով Ռուսաստանի համար մի շարք վտանգավոր գործոններ առաջ կգան, Թուրքիան ամբողջությամբ, շատ արագ կարող է մուտք գործել Ադրբեջան՝ առանց որևէ վերահսկողության մեխանիզմների: Իսկ Ադրբեջանում թուրքական ազդեցության ուժեղացումը ձեռնտու չէ Ռուսաստանին, որովհետև հետագայում ամբողջ տարածաշրջանը կարող է հայտնվել թուրքական ազդեցության տակ, առանց այդ էլ Վրաստանը տնտեսական ու կոմունիկացիոն մեծ կախվածություն ունի նրանից: Ադրբեջանում էլ թուրքական ազդեցությունը գնալով խորանում է։ Եվ հետագայում, շղթայական էֆեկտով թուրքական ազդեցությունը կարող է տարածվել դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ, էլ չեմ խոսում ռազմական բաղադրիչի մասին։ Գիտեք, որ ադրբեջանական բանակը փորձում են համապատասխանեցնել նատօ-ական թուրքական բանակի ստանդարտներին (միասնական համաթուրքական բանակ ստեղծելու պլաններ նաև կան), ինչը ևս վտանգավոր է ՌԴ-ի համար։
– Ամփոփելով այն անվտանգային սպառնալիքները, որ կան մեր տարածաշրջանում, և հենց Հայաստանի դեմ Ադրբեջանի ուժի կիրառման վտանգը, որքանո՞վ է մեր բանակը, դիրքերը համահունչ այսօրվա ռազմական, ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակին: Ձեզ պա՞րզ է՝ ի՞նչ խնդիր է դրված մեր զինված ուժերի առաջ:
– Գիտեք, որ 44-օրյա պատերազմից հետո, հատկապես 2021 և 2022թթ. ադրբեջանական էսկալացիաների արդյունքում ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանագծի գրեթե բոլոր ռազմավարական կարևոր բարձունքներն անցել են թշնամու տիրապետության տակ, սակայն այլ է պատկերը Ճամբարակի, տավուշյան դիրքերի կամ նախիջևանյան սահմանային հատվածներում, որտեղ հայկական կողմն ունի բազմաթիվ դիրքեր, որոնք ռազմավարական առումով առավելություն ունեն թշնամու դիրքերի նկատմամբ։ Ես չեմ կարող ասել, թե ինչ խնդիրներ է դրված մեր բանակի առջև, բայց որ ցանկացած պահի պետք է պատրաստ լինել թշնամու կողմից գործողությունների, դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այստեղ կարևոր է, թե զինված ուժերում ինչպիսի աշխատանքներ են տարվում առաջնահերթ բարոյահոգեբանական մթնոլորտը բարձր պահելու, իրական խնդիրները կատարելու տեսանկյունից։ Ես օրինակ բերեմ․ մենք տեսանք, թե սեպտեմբերին ՊԲ ստորաբաժանումների մեր մարտիկները ինչպիսի կորուստներ պատճառեցին թշնամուն։ Համոզված ասում եմ, որ ադրբեջանական կողմն ուղղակի անսպասելի և հսկայական կորուստ կրեց։
Տղաները կյանքի գնով հստակ կատարել են իրենց խնդիրը։ Մեկօրյա մարտական գործողությունների դրվագները պետք է օրինակ լինեն նաև մեր զինված ուժերի համար։ Այս ամենին զուգահեռ, մենք տեսնում ենք նաև, թե ժամանակակից պատերազմների ժամանակ և՛ Ուկրաինայում, և՛ արդեն այս օրերին Իսրայելում ինչպիսի խնդիրներ են ունենում աշխարհի ամենամարտունակ բանակները, ինչպիսի քաոս է տիրում նրանց տարբեր ստորաբաժանումներում։ Դրա համար եմ ասում, որ մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը կախված է նաև զորքերի բարոյահոգեբանական պատրաստվածությունից։ Այնպես որ, քաղաքական մակարդակում չպետք է անընդհատ խոսվի զիջողականությունից, զորքերի հետքաշումից, դրանից զինված ուժերի կարողությունների, բովանդակության մակարդակը ոչ թե բարձրանում է, այլ հակառակը՝ իջնում։