Բաժիններ՝

Կենդանիների դաբաղ հիվանդության դեմ պայքարը Հայաստանում առաջնահերթություն է

Հայաստանում նպատակ կա ձևավորելու կենդանիների առողջության պահպանման և գյուղական համայնքների կենսապահովման մակարդակի բարձրացման կայուն և համակարգված ռազմավարություն: Այս նպատակին էր միտված Երևանում անցկացված եռօրյա աշխատաժողովը՝ նվիրված կենդանիների դաբաղ հիվանդության դեմ պայքարի ծրագրի (PCP) 3-րդ փուլի ռազմավարության մշակմանը, ինչպես նաև այդ միջոցառումների սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատմանը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը բացման խոսքում ընդգծել է, որ կենդանիների առողջության պահպանումը և անասնաբուժական համակարգի զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։Տեսչական մարմնի ղեկավարը կարևորել է այն փաստը, որ 2025 թվականին Հայաստանը միացել է Եվրամիության՝ դաբաղի վերահսկման աջակցման կառույցին՝ EuFMD-ին` դառնալով դրա 40-րդ անդամը։

Նա շեշտել է. «Այդ անդամակցությունը ոչ միայն մեծ ձեռքբերում է, այլև՝ մեծ պատասխանատվություն»։

Ինչպես տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, աշխատաժողովի բանախոսները տեղական և միջազգային փորձագետներ էին, այդ թվում՝ EuFMD-ի ներկայացուցիչներ՝ Պոլլի Քոմփսթոնը և Կարստեն Պյոտչը, որոնք շարունակաբար աջակցում են Հայաստանին՝ տեխնիկական փորձով ու փորձագիտական գնահատումներով։

Քննարկումների ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներին առավել խորությամբ են ներկայացվել տնտեսական գնահատման մեթոդներն և ծրագրային հնարավորությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս