
ԲՏԱ-ից էլի աստղաբաշխական՝ 160 միլիոն դրամանոց աջակցություն են տվել «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» նորաբաց ՊՈԱԿ-ին

«Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը նորից դրամաշնորհ է ստացել ու նորից՝ աստղաբաշխական թվերով։
Պետգնումների էլեկտրոնային համակարգից տեղեկանում ենք՝ դրամաշնորհի հերթական պայմանագիրը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և իր ենթակայության ՊՈԱԿ-ի միջև կնքվել է նախօրեին՝ օգոստոսի 20-ին։
Ըստ պայմանագրի՝ տեղեկատվական անվտանգության, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման ոլորտներում քաղաքականության իրականացման համար կենտրոնին հատկացվել է 160 միլիոն դրամ ( 417,830.73 ԱՄՆ դոլար):
Այս գումարով նախատեսվում է վարչական սարքավորումների ձեռքբերում։
Ի դեպ, ընդամենը 1 ամիս առաջ էր ԲՏԱ-ն Տեղեկատվական անվտանգության, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման ոլորտներում քաղաքականության իրականացում միջոցառման իրականացման նպատակով ՊՈԱԿ-ին հատկացրել 371 միլիոն 840.000 դրամ` 968,801.05 դոլար աստղաբաշխական դրամաշնորհ։
Նախորդ տարի մարտ ամսին պարզ դարձավ, որ կառավարության որոշմամբ տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար առաջարկվել էր ստեղծել «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ:
Նշվում էր նաև, որ այս ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող պետական մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը կազմակերպության հետ կապված բոլոր որոշումները համաձայնեցնում է տեղեկատվության պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի հետ:
Այսպիսով, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ այս տարի հունիսից մայրաքաղաքի Հակոբ Հակոբյան 3 հասցեում այս ՊՈԱԿ-ն արդեն սկսել է իր գործունեությունը։
Դեռ նախորդ տարի տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ Կենտրոնը, համագործակցելով տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի հետ, կիրականացնի պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ապահովման նորմերի մշակումը, համապատասխան մեթոդական ուղեցույցների կազմումը, ինչպես նաև կկազմակերպի մասնագիտական դասընթացներ, կիրականացնի համապատասխան մասնագետների որակավորման բարձրացման աշխատանքները, կմշակի տեխնիկական, ծրագրաապարատային նոր լուծումներ:
Կենտրոնը համալրված կլինի համապատասխան ստուգում անցած մասնագիտական գիտելիքների և փորձառություն ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներով և կստանձնի ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերում պահպանվող, մշակվող և փոխանցվող տեղեկատվության պաշտպանության, պաշտպանված փոխանցման նպատակով համապատասխան լուծումների մշակումը: Այն կիրականացնի տեղեկատվական անվտանգության ոլորտում հետազոտական, գիտահետազոտական աշխատանքներ՝ ուղղված համապատասխան ծրագրային, ծրագրաապարատային լուծումների ստացմանը, գոյություն ունեցող համակարգերի կառավարման, անվտանգության բարձրացման, տեղեկատվության պաշտպանվածության և պաշտպանված փոխանցման հուսալիության բարձրացմանը:
Կազմակերպությանը, միաժամանակ, վերապահվում է իր կողմից մշակված լուծումների, արտադրանքի, իրականացված աշխատանքների և ծառայությունների վճարովի մատուցում, ինչի արդյունքում ստացված միջոցները կուղղվեն կազմակերպության կանոնադրական խնդիրների իրականացմանը: