
Խաղաղություն չի՛ հաստատվել, ընդամենը Հայաստանի դեմ պատերազմն է հետաձգվել. Սերգեյ Մելքոնյան
«Խաղաղություն չի՛ հաստատվել. ընդամենը նախաստորագրվել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը ցանկացած պահի կարող է փոփոխվել։ Հետևապես՝ սխալ է ասել, թե այս նախաստորագրմամբ Հայաստանում խաղաղություն է հաստատվել. կրկնում եմ, խաղաղություն չի՛ հաստատվել, ընդամենը Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումն է հետաձգվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։
Նա ընդգծում է՝ իրականում Վաշինգտոնում գետնի վրա ձեռքբերումներ ունեցավ Ադրբեջանը, իսկ Հայաստանը ստացավ ընդամենը խոստումներ։
«Մինսկի խմբի լուծարման դիմում, ԱՄՆ Կոնգրեսի 907-րդ բանաձևի չեղարկում, Սյունիքով Նախիջևան հասնելու համար անխոչընդոտ ճանապարհ, ԱՄՆ իշխանության հետ բարձր մակարդակի հարաբերությունների հաստատում՝ ռազմավարական մակարդակի հարաբերություններ հաստատելու հնարավորություն. ահա այն ամենը, ինչ ստացավ Ադրբեջանը։ Իսկ ի՞նչ ստացավ Հայաստանը՝ ընդամենը Ադրբեջանի հարձակման հետաձգում, Հայաստանի 200 քառակուսի կիլոմետր տարածքը շարունակում է մնալ ադրբեջանական օկուպացիայի տակ, հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտում»,- նշեց Սերգեյ Մելքոնյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը Նախիջևանի հետ Սյունիքով անխոչընդոտ կապ ստանալով՝ հաջորդ քայլով նոր պայմաններ է դնելու Հայաստանի իշխանության դեմ՝ հատկապես, որ պարզ չէ, թե այդ ի՞նչ քարտեզներով է Ադրբեջանը ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքը, որովհետև հիշատակված Ալմա Աթայի հռչակագիրը քարտեզ չի պարունակում։
«Իրականում կունենանք մի վիճակ, որ գետնի վրա Ադրբեջանը կդառնա Հայաստանով անցնող բեռների օպերատորը. սա ենք ստանալու՝ Սյունիքով Ադրբեջանին անխոչընդոտ կապ տալով»,- ասաց Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է հարցին՝ ինչպե՞ս են միմյանց հետ համադրվելու ԵԱՏՄ անդամ Հայաստանի մաքսային սահման Սյունիքի 42 կիլոմետր տարածքը «Թրամի ուղի» կոչված ծրագրի հետ, Սերգեյ Մելքոնյանն ընդգծեց՝ խնդիրներն ու մտահոգությունները շատ խորն են, և դրա մասին է նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունը։
Խնդիրների համատեքստում Սերգեյ Մելքոնյանն առանձնացրեց նաև Իրանի արձագանքը։
Ըստ նրա, թեև սկզբնական շրջանում Իրանի եկող հայտարարությունները բաժանված էին երկու՝ իրար հակադիր բևեռների՝ հոգևորդ առաջնորդի թևը «Թրամփի ուղին» քննադատեց, նախագահինը՝ ոչ, սակայն ավելի ուշ նախագահը ևս խոսեց մտահոգող խնդիրների մասին։
«Անգամ այս՝ իրար հակադրվող հայտարարություններից հետո մենք վերջում տեսանք, որ Իրանի նախագահ Փեզեշքիանի մոտեցումը փոխվեց, նա հայտարարեց՝ նախընտրելի չէ, որ արտատարածաշրջանի ուժերը ներգավվեն տարածաշրջանի խնդիրների լուծման հարցում։ Կրկնում եմ՝ փոխվեց անգամ սկզբնական փուլում «Թրամփի ուղին» ողջունող Իրանի նախագահի դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ այստեղ Իրանի համար անվտանգային լուրջ խնդիր կա»,- ասաց Մելքոնյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։