Եթե «անջատվում» է Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրության նոր տեքստում, ապա դա պարզորոշ ցույց է տալիս, որ կատարվում է Ադրբեջանի պահանջը. Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Վարչապետ Փաշինյանը դարձյալ նշել է, որ, եթե Սահմանադրական դատարանը հայ-ադրբեջանական պայմանագիրը ճանաչի հակասահմանադրական, ապա հենց ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություն:

«Այս պահին դրա մասին մտածելու անհրաժեշտություն և կարիք չկա, բայց մյուս կողմից ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ մենք ունենք նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ, որը ես ժամանակին ասել էի որպես ժամկետ 2027 թվականը: Մենք հիմա աշխատում ենք նոր Սահմանադրության նախագծի վրա և երբ որ պատրաստ լինի, ըստ ամենայնի, կգնանք հանրաքվեի»,- շարունակում է նա:

Փաստացի, ի՞նչ է ասում Հայաստանի վարչապետը: Գանք վերջից: Նա ասում է, որ՝ «ըստ ամենայնի լինելու է» սահմանադրական հանրաքվե, Սահմանադրության փոփոխություն:

Պարզապես, այն, ինչ ասում է սկզբից, ունի նպատակ ցույց տալու կամ համոզելու հանրությանը, որ այդ փոփոխությունն Ադրբեջանի պահանջով չէ, որ արվում է:

Մինչդեռ, շատ հեշտ չափելի է՝ Ադրբեջանի պահանջո՞վ է, թե՞ ոչ:

Եթե «անջատվում» է Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրության նոր տեքստում, ապա դա պարզորոշ ցույց է տալիս, որ կատարվում է Ադրբեջանի պահանջը:

Եթե դա Ադրբեջանի պահանջը չէ, ապա ո՞րն է լինելու Սահմանադրության մեջ այդ հղումը հանելու տրամաբանությունն ու պատճառը, ուրիշ ո՞ւմ կամ ինչո՞վ է խանգարում այդ հռչակագրին արվող հղումը՝ Ադրբեջանից եւ գուցե Թուրքիայից բացի»:

Տեսանյութեր

Լրահոս