Միքայել սրբազանի օրագիրը միգուցե փոփոխված է. այն չի կարող համարվել օրինական ապացույց. արքեպիսկոպոսի գործով հերթական դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը։

Նախորդ դատական նիստում ապացույցների հետազոտման ընթացքում դատարանում ցուցադրվեց Միքայել սրբազանի այն հարցազրույցը, որը դրված է մեղադրանքի հիմքում:

Հիշեցնենք` ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել «այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ, հետևաբար, նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները՝ նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

«Քանի անգամ ասացի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասացի և նախագահներին ասացի՝ Քոչարյանին և Սերժին: Ասացի՝ լավ, Դո՛ւք, պարոն նախագահ Քոչարյան, տասը տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի-երկու տարի էլ՝ վարչապետ, չէ՞, էդքան տարի էլ՝ Ղարաբաղի նախագահ, Դուք Ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք, ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ազգային անվտանգությունում, որ գան Ձեր կողքը կանգնեն և հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով է։ Սե՛րժ, դու ավելի՝ տասը տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա՞, որ չես տարել, հա, Շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունե՞ս, ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ազգային անվտանգությունում, ո՛չ բանակում, որ հելել ես փողոց՝ պատիվ ունեմ-մատիվ ունեմ։ Ռեալ պոլիտիկը ինչի՞ մասին էր խոսում, էդ ռեալ պոլիտիկն է, չէ՞, որ ընտրությունով չի, հնարավոր չի սա փոխել։ Ո՞ւր եք գնացել ընտրության, ո՞ւր եք մտել ընտրության։ Նշանակում է՝ ձեր նպատակը փոխելը չի։ Բա ձեզանից լավ ո՞վ պիտի իմանա, որ սա ընտրությամբ չի փոխվի…»,- 2024 թվականին Gala TV-ի տեսագրության մեջ ասել էր նա։

Կարդացեք նաև

Ի դեպ, մինչ այդ՝ 2020, 2023 թվականներին ևս Միքայել արքեպիսկոպոսը նույնատիպ հայտարարություններ էր արել, սակայն դրանց համար նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Ավելին` 2023 թվականին արված հայտարարությունից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն, սակայն վարույթ չի նախաձեռնվել։ Եվ միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հունիսի սկզբին սկսեց իր հրապարակային խոսքում թիրախավորել հոգևորականներին, իրավապահները հիշեցին Աջապահյանի՝ ավելի քան մեկ տարի առաջվա հայտարարությունը, ու վարույթ նախաձեռնվեց։

Հաջորդիվ դատարանում ուսումնասիրվեցին Շիրակի թեմի առաջնորդարանի վայրագ խուզարկության դրվագները. Դատարանում հրապարակվեցին Միքայել Աջապահյանի սենյակների խուզարկության կադրերը։

Այսօրվա դատական նիստը շարունակվեց մեղադրող կողմի ներկայացրած ապացույցների հետազոտությամբ։ Այսօր առգրավված համակարգչում գտնված օրագրից մի քանի էջեր ընթերցեց մեղադրող դատախազը։ Սրբազանը նշել էր իր հանդիպումների, հարցազրույցների, կարևոր տարեթվերի մասին։ Հեղաշրջում բառը գտել են օրագրի մի դրվագում։

«Հարցազրույց տվեցի «168 ժամին», դատապարտեցի իշխանությանը՝ կոչ անելով հեղաշրջման»: Այս հատվածը հատկապես ուշադրության է արժանացել մեղադրող դատախազի կողմից, որով ըստ նրա` ապացուցվում է միտումը «իշխանազավթման»:

Պաշտպան Մարինե Ֆարմանյանը հակադարձեց` աննախադեպ է. ՀՀ-ում աննախադեպ բան է տեղի ունեցել, մարդը դատվում է ոչ միայ խոսքի, այլև մտքի համար:

Երեմ Սարգսյանն ուշադրություն հրավիրեց ապացույցների օրինականության խնդրին, արձանագրությունն անթույլատրելի համարեց և խուզարկության արդյունքը՝ կասկածի տակ դնելով համակարգչից ձեռք բերված նյութերը:

Հաշվի առնելով կասկածները օրագրի՝ չփոփոխված լինելու հետ կապված, պաշտպանական կողմը վիճարկեց այդ ապացույցի օրինականությունը։

Անցում կատարվեց պաշտպանական կողմի միջնորդած ապացույցներին. Ռոման Ահարոնյանը ներկայացրեց 24 թվականի ապրիլի 25-ին գլխավոր դատախազին ներկայացված ԻՔՄ հաղորդումը և դրան ուղղված պատասխանը։

«Այս ամենը նրա մասին է, որ և հաղորդման մեջ ուղիղ խոսվել է անձի մասին, և նկարագրվել է կոնկրետ արարքը, դատախազության պատասխանից հետևում է, որ քննարկվել է կոնկրետ անձի կոնկրետ վարքագիծը, և չկա հանցանք»,- հավելեց Ահարոնյանը:

Երեմ Սարգսյանն այս համատեքստում արձագանքելով դատարանի հստակեցմանը` արարքները նույնակա՞ն են, նշեց. «Մեղադրանքը հետևյալն է` ասում են՝ էս ինչ օրը պատմել ես` նախկինում նման կոչեր ես արել …Նույն արարքի մասին է, որի համար քրեական հետապնդում չի եղել»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանական կողմը նաև ներկայացրեց փորձագետի կարծիք: Ահարոնյանն ասաց` նեղ մասնագիտորեն բացատրված է խոսքի կոնտեքստը՝ 2 փորձագետ-գրականագետ-լեզվաբանի կարծիք։

Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստերը կկայանան օգոստոսի 25-ին, 26-ին և 28-ին՝ ժամը 14:30-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս