
Էդուարդ Սպերցյանն անձամբ է որոշել չտեղափոխվել «Սաութհեմփթոն»

«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը անձամբ է որոշել չտեղափոխվել Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Սաութհեմփթոն»: Այս մասին հայտնում է ArmSport.am-ը՝հղում անելով «Чемпионат»-ին:
Տեղեկությունների համաձայն՝ «Կրասնոդարը» պատրաստ էր համաձայնել տրանսֆերին, եթե Սպերցյանը հստակ արտահայտեր այդ թիմ տեղափոխվելու իր ցանկությունը: Ֆուտբոլիստի և ակումբի ղեկավարության միջև քննարկումներից հետո կողմերը համաձայնել են սպասել Եվրոպայի այլ առաջարկների: Ընդգծվում է, որ Սպերցյանի և «Կրասնոդարի» միջև կոնֆլիկտ կամ լարվածություն չկա:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ գործարքը չի կայացել նաև այն պատճառով, որ անգլիական կողմը չի կարողացել լիարժեք երաշխիքներ տրամադրել տրանսֆերային վճարումների փոխանցման համար:
Նշվում է, որ Սպերցյանի վերջնական որոշումը ձևավորվել է ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկու հետ զրույցից հետո: «Կրասնոդարը» սկզբունքորեն մեծ ցանկություն չի ունեցել վաճառել իր ավագին «Սաութհեմփթոնին», քանի որ այն եվրոպական թոփ ակումբ չէ: Այդուհանդերձ, եթե Սպերցյանը պնդեր տեղափոխության համար, ակումբը, հավանաբար, կհամաձայներ:
25-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է: Ակումբի հիմնական կազմում նա մասնակցել է 145 հանդիպման, խփել 44 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում: Ընթացիկ մրցաշրջանում նա խփել է երեք գոլ և կատարել չորս գոլային փոխանցում: Transfermarkt պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: