Ինչների՞ս է պետք 102-րդ ռազմաբազան, եթե այս իշխանությունն ունի Թրամփի հեռախոսի համարը. Ռուբեն Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։

«Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են կոնկրետ ճանապարհ, որն անցնում է Հայաստան-Իրան սահմանով, Արաքսի ափով, ու դա չի ունենում որևէ խոչընդոտ։ Հարցը սրա մեջ է։ Ոչ թե ճանապարհ են ուզում, այլ կոնկրե՛տ տեղով անցնող ճանապարհ։ Հիմա՝ հարց․ էդ Թրամփի ճանապարհը մի տեղո՞վ է անցնելու, թե՞ կոնկրետ Ադրբեջանի նշած տեղով։ Եթե այդպես է անցնելու, դա ոչ թե Թրամփի ճանապարհ է, այլ Թուրանի ճանապարհ:

Ես չեմ ասում, որ Հայաստանի Հանրապետություն անունով պետություն չի լինելու, բայց նրա մարիոնետության թույլատրելի սահմանը հատելու է բոլոր կետերը։ Հայաստանի կերպը՝ որպես ազգային պետություն, չի լինելու։ Հետևաբար՝ սա իրոք լինելու է նոր Հայաստան, որտեղ մենք մեր տարածքով զգույշ պետք է քայլենք… Այս ճանապարհի գործարկմամբ՝ իրենց գովերգած «ինքնիշխանություն» բառի վրա մի ծանր տապանաքար է դրվելու։ Սա այլևս դառնալու է «Ջենիֆեր Լոպեսի Հայաստան»»,- ասաց նա՝ անդրադառնալով Վաշինգտոնյան հռչակագրին:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ այդ ճանապարհը խնդիրներ է հարուցելու Իրանի համար:

«Եթե դարավոր իրանական դիվանագիտությունը հավատում է այս իշխանության տված հավաստիացումներին, իրենց խնդիրն է, թեպետ չպետք է մոռանալ Իրանի նախագահ Փեզեշքիանի ադրբեջանական ծագման ու նրա որդու պրոադրբեջանական գործունեության մասին։ Բաց աղբյուրների նյութերին ծանոթանալով՝ ես չեմ հավատացել, որ Թրամփի ուղին Թուրանի ճանապարհը չէ, եթե Իրանում դրան հավատացել են, ինչպես ասում են, իրենք գիտեն…

Կարո՞ղ ենք սպասել, որ հաջորդ քայլը լինելու է Հայաստանի պաշտոնական դիմումը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, մյուս քայլը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելը։ Ինչների՞ս է պետք ռուսական ռազմաբազան, եթե այս իշխանությունն արդեն ունի Թրամփի հեռախոսի համարը…»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս