«Դա հնարավորություն է՝ բավականաչափ լարված իրավիճակի կառավարելիության մակարդակը փոքր-ինչ բարձրացնելու համար». Տարածաշրջանային հարցերով փորձագետ

Մինչ Հայաստանի ու Ռուսաստանի փորձագիտական շրջանակներն ահազանգում են հայ-ռուսական հարաբերություններում առկա լարման մասին՝ Հայաստանից և Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով հնչում են վստահեցումներ, որ խնդիրներ իրականում չկան:

Թեև «խնդիրներ չկան», այդուհանդերձ, այս օրերին լայնորեն քննարկվեցին հայ-ամերիկյան զորավարժությունները, Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, որտեղ հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, կասկածի տակ էին դրվում, Աննա Հակոբյանի ուկրաինական ռեվերանսը, որը, փաստացի, խախտեց ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ՀՀ որդեգրած նեյտրալ դիրքորոշումը, ապա նաև՝ ոչ միայն ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, այլև այս օրերին օպերատիվ նոր գրասենյակի բացումը Տավուշի մարզում, և այլն:

168.am-ն այս համատեքստում տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նմանատիպ քայլերով ՀՀ իշխանությունները նախապատրաստում են՝ փոխել Հայաստանի արտաքին վեկտորը:

«Գուցե առաջին հայացքից տպավորությունն այդպիսին լինի, բայց ՀՀ նման քայլերն ավելի շատ գնահատում եմ որպես նախապատրաստական գործողություններ՝ հեռանկարում ՌԴ տարածաշրջանային դիրքերի թուլացման պարագայում (այնաստիճան թուլացման, որը կարող է նշանակել տարածաշրջանից ՌԴ հեռացում), անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման համատեքստում:

Կարդացեք նաև

Այսինքն՝ այս պահին վեկտորի փոփոխություն դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական-քաղաքական ոլորտներում երկկողմ հարաբերությունների բավականաչափ բարձր մակարդակը,- ի պատասխան՝ նշեց փորձագետը և մանրամասնեց,- Պարզապես պետք է հաշվի առնել, որ նախկին անվտանգային համակարգը, որտեղ առանցքային դերը ՌԴ-ին էր վերապահված, օբյեկտիվ իրողությունների ազդեցությամբ՝ մասնավորապես ուկրաինական ճգնաժամի պատճառով, այլև կենսունակ չէ: Դրան հավելած՝ Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային հարաբերությունները, նաև ՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական հարաբերությունները»:

Դիտարկմանը՝ թե օբյեկտի՞վ չեն նաև ՌԴ-ից հնչող այն տեսակետները, որ հենց ՀՀ օրվա իշխանությունների այս գործողություններն են հանգեցնում ՌԴ դիրքերի թուլացմանը, և, որ Արևմուտքն օգտվում է ՀՀ վիճակից՝ նման քայլերի դրդելով, Արմեն Պետրոսյանն արձագանքեց՝ նախ արձանագրելով, որ ՌԴ-ում խնդիրն այլ դիտանկյունից են գնահատում:

«Այն, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, այդ թվում՝ ՀՀ-Արևմուտք համագործակցության խորացումը, ՌԴ-ում դիտարկում են՝ որպես Արևմուտքի կողմից ՌԴ դիրքերի թուլացմանը միտված քաղաքականություն, ինչն այդպես էլ կա. անժխտելի է: Բայց չէ՞ որ մենք գործ ունենք աշխարհաքաղաքական լրջագույն ճգնաժամի, օրեցօր սրվող մրցակցության հետ, որտեղ մրցակիցների նման քայլերը սպասված են: Հետևաբար, եթե ՀՀ տեսանկյունից ենք հարցը դիտարկում՝ ի՞նչ է անում ՌԴ-ն՝ թույլ չտալու համար, որպեսզի իր արևմտյան հակառակորդները չփորձեն ազդել ՀՀ դիրքորոշման վրա: Մեծ հաշվով, ոչինչ՝ բացի ՀՀ-ին ուղղված մեղադրանքներից»,- ասաց փորձագետը:

Ըստ նրա՝ նույնիսկ ականատեսն ենք լինում հակառակին, երբ Ռուսաստանն Ադրբեջանի հետ սերտ համագործակցում է, Հայաստանի ու Արցախի հաշվին՝ զիջումներ է անում:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ վատթարացող հարաբերությունների դինամիկան միանշանակ ՀՀ շահերից չի բխում:

Դիտարկմանը, թե, ի վերջո, Արևմուտքը տարածաշրջանում ներկայանալու է Թուրքիայի դեմքով, և հարցադրմանը՝ մեզ համար ձեռնտու, անվտանգ հեռանկա՞ր է անվտանգային համակարգի նման դիվերսիֆիկացիան, Արմեն Պետրոսյանը հակադարձեց՝ միանշանակ չհամարելով նման ձևակերպումը:

Նա նկատեց, որ Թուրքիան թեև Արևմուտքի դաշնակիցն է, բայց առանձին տարածաշրջանային խաղացող, որն իր առանձին մրցակցային ուղղություններն ունի ՌԴ-ի հետ:

«Բնական է, որպես տարածաշրջանում խաղացող՝ Թուրքիան այս իրավիճակից ամենից շատն է օգտվում, որովհետև ունի հնարավորություններ և քաղաքական նպատակներ: Բայց մենք խոսում ենք անվտանգային համակարգում տարբեր գործողությունների մասին. երբ ԵՄ-ն է ավելացնում իր կենտրոնների թիվը, սա ԵՄ-ի կողմից արվող քայլ է, կամ՝ ՀՀ-ն զորավարժություններ է իրականացնում ԱՄՆ-ի հետ՝ այդտեղ Թուրքիայի ներգրավվածությունը չկա:

Պարզապես հաշվի առնելով հանգամանքը, որ ՌԴ անգործությունից Թուրքիան օբյեկտիվորեն օգտվելու է, ՀՀ-ի համար կարևոր է Թուրքիայի հետ երկխոսություն ապահովել,- հստակեցրեց փորձագետը՝ հավելելով նաև, որ չպետք է ակնկալել, թե այդ երկխոսությունն ազդելու է թուրք-ադրբեջանական ներդաշնակ հարաբերությունների վրա,- Բայց դա հնարավորություն է՝ բավականաչափ լարված իրավիճակի կառավարելիության մակարդակը փոքր-ինչ բարձրացնելու համար»:

Հարցին՝ քանի որ երկխոսությունը ենթադրում է նաև զիջումներ (Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշել երկխոսելու օրակարգի համար, իսկ մենք գիտենք թուրքական նախապայմանները՝ հրաժարում Ցեղասպանության պահանջատիրությունից, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի գոյություն). մենք պատրա՞ստ ենք զիջումների, նա պատասխանեց. «Այս երկխոսության և նման քայլերի այլընտրանքը պատերազմն է:

Իհարկե, չեմ կարծում, որ Հայաստանը այս պահին կարող է ընդառաջ գնալ Թուրքիայի պահանջներին, բայց այդ երկխոսության առկայությունը թույլ է տալիս կանխելու պատերազմը, ժամանակ շահելու՝ մինչև հնարավոր կլինի իրավիճակը շատ ավելի կառավարելի հուն վերադարձնել:

Իսկ վերջին օրերին մենք ականատեսն էինք, որ պատերազմի վտանգը բավականաչափ մեծացել էր: Գուցե մի քանի օրով, այնուամենայնիվ այս դիվանագիտական քայլերի արդյունքում արձանագրվեց պատերազմի վտանգի էական նվազեցում: Չգիտեմ՝ գուցե օրեր անց Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ դարձյալ վերադառնա նույն օրակարգին (ինչը կանխատեսելի է, որովհետև աշխարհում նույն իրավիճակն է և ավելի խորանում է, և Ադրբեջանն էլ փոխզիջման պատրաստ չէ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում):

Այսինքն՝ մենք, մեծ հաշվով, գործ ունենք ժամանակ շահելու, նոր պատերազմի ռիսկը կանխելու հետ, այլ ոչ ինչ-որ տևական գործընթացի հետ, որը կարող է ենթադրել փուլ առ փուլ ՀՀ կողմից ռազմավարական զիջումներ»:

Տեսանյութեր

Լրահոս