Իրանը մի քանի անգամ ՀՀ իշխանություններին առաջարկել է իր օժանդակությունը Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության հարցում. նրանք հրաժարվել են. Գագիկ Մինասյան

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հանձնումն Ադրբեջանին լուրջ հարված էր Հայաստանի և Իրանի տրանսպորտային հաղորդակցությանը:

«Այն ճանապարհը, որն այսօր փոխարինում է Գորիս-Կապան ճանապարհին, իր բոլոր տեխնիկական չափանիշներով, էապես զիջում է նախորդ ճանապարհին: Եվ պարզ է, որ դա էապես նվազեցնում է Իրանի հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ, այն պարագայում, երբ Իրանը մեր անկախության բոլոր տարիների ընթացքում եղել է ընդգծված պրոհայկական կեցվածք ունեցող պետություն: Այսօր, երբ այս անձը պատրաստվում է մյուս երկու ճանապարհների վրա գտնվող, այսպես կոչված, անկլավները հանձնել Ադրբեջանին, ակնհայտ է, որ դա էապես ազդում է նաև ՀՀ-ի նկատմամբ Իրանի վերաբերմունքի վրա՝ որպես վստահելի հարևան և բարեկամ երկիր, որի ճանապարհներով ինքը մտադրություն ունի կապվելու ՌԴ-ի և սևծովյան նավահանգիստների հետ»,- նշել է Մինասյանը:

Այս համատեքստում ՀՀԿ ԳՄ անդամը շարունակել է, որ այս տարիների ընթացքում Իրանը մի քանի անգամ ՀՀ իշխանություններին առաջարկել է օժանդակել Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության հարցում, որից նրանք հրաժարվել են:

«Հյուսիս-Հարավ մայրուղու գաղափար կա ՌԴ-ից դեպի Պարսից ծոց, քանի որ ակնհայտ է՝ ուկրաինական կոնֆլիկտից հետո դեպի Արևմուտք ՌԴ-ն այլևս չի ունենալու այն հնարավորությունները, որը տարիներ շարունակ ունեցել է, և կապը դեպի այլ երկրներ, ըստ էության, կնվազի, հատկապես, երբ Բալթիկ ծովը դառնում է բացարձակ ՆԱՏՕ-ական ծով, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ական դիրքորոշումը կշարունակի: Եվ այս պարագայում էական նշանակություն է ունենալու ՌԴ-ի համար կապը դեպի հարավային երկրներ, երկրներ, որտեղ հնարավոր է հասնել միայն ծովային ճանապարհներով: Եվ այս տեսակետից Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը չափազանց կարևոր է, որի իրականացման համար քննարկվում է 4 միջանցք»,- ասել է Գագիկ Մինասյանը՝ հավելելով, որ եթե մենք կարողանայինք ավարտին հասցնել այն գործը՝ մեր ներքին Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը, որն առնվազն 2 անգամ գործող իշխանությունների կողմից տորպեդահարվել է, ապա կունենայինք հյուսիս-հարավ ավտոմոբիլային մայրուղի և դուրս կգայինք դեպի Իրան և Ռուսաստան՝ դառնալով տարանցիկ երկիր, և այստեղով ապրանքներ կտեղափոխվեին դեպի վրացական նավահանգիստներ:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս