Վարչապետի աշխատակազմին նորից լրացուցիչ 223.7 մլն դրամ է տրամադրվել ՀՀ պահուստային ֆոնդից
Կառավարությունը երեկ որոշում է կայացրել 2023թ. պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացնել լրացուցիչ գումար՝ 223.7 մլն դրամի չափով։ Հետաքրքրականն այն է, որ որոշմանը կից առկա չէ որևէ հիմնավորում, թե կոնկրետ ինչի՞ վրա պետք է ծախսվի հատկացված գումարը։ Ընդամենը որոշման հավելվածից խմբավորված տեսքով երևում է՝ ինչ ուղղությամբ է օգտագործվելու նշված գումարը։ Հավելվածում նշվում է, որ նախատեսված 223.7 մլն դրամից 61.9 մլն դրամը հատկացվել է շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման, 154.9 մլն դրամը՝ վարչական սարքավորումների ձեռքբերման, իսկ 6.8 մլն դրամը՝ այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերման նպատակով։
Վերջին ամիսների ընթացքում նմանօրինակ լրացուցիչ հատկացումները վարչապետի աշխատակազմին արդեն պարբերական բնույթ են սկսում կրել, ինչը շատ տարակուսելի է՝ հատկապես, որ հարցի քննարկումը կառավարության նիստին մշտապես ներառված է լինում չզեկուցվողների շարքում, իսկ մյուս կողմից՝ որոշումները մշտապես ունենում են հույժ գաղտնի կետեր։ Այս որոշման դեպքում ևս 2-րդ կետը հույժ գաղտնի է։
ՀՀ վարչապետի աշխատակազմին գույքային պայմանների բարելավման ու մեքենաների և սարքավորումների ձեռքբերման նպատակով հերթական անգամ նման խոշոր գումարի հատկացումը ՀՀ պահուստային ֆոնդից, ինչը ենթադրում է, որ տվյալ ծախսերը նախապես պլանավորված չեն եղել 2023թ. բյուջեով, անհրաժեշտ է դիտարկել նաև ՀՀ մի շարք կարևոր գերատեսչություններում հատկացված ծախսերի թերակատարման համատեքստում ևս։ Մենք արդեն ներկայացրել էինք, որ 2023թ. առաջին եռամսյակում, ի թիվս բազմաթիվ պատկան մարմինների, ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կտրուկ շեղվել են պլանից և թերակատարել կարևորագույն ծրագրերի իրականացումը։
Մասնավորապես, ՀՀ ՊՆ-ն շեղվել է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման և ռազմական կարիքների բավարարման միջոցառումների կատարողականով, որը ներառում է Զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային ու տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքաքսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի ու զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների բավարարման ծախսերը։
Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ապա վերջինս 2023թ. առաջին եռամսյակի ընթացքում նախատեսված ծրագրերի գծով իրականացրել է ծրագրված ցուցանիշի միայն 63%-ը և 80.1%-ով թերակատարել՝ ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման ծրագրի, իսկ 66.8%-ով՝ ոռոգման համակարգի առողջացման ծրագրի իրականացումը։
Տպավորություն է ստեղծվում, որ կառավարության վերահսկողությունն այս կամ այն գերատեսչությունների հանդեպ իրականացվում է ընտրովի՝ առաջնորդվելով սեփական շահերի նպատակահարմարությամբ։ Տրամաբանորեն, Հայաստանի ներկայիս իրավիճակը հաշվի առնելով, պետք է խիստ վերահսկողության տակ լինեին ՀՀ պաշտպանական ոլորտը, ՀՀ քաղաքացիների կենցաղային պայմանների բարելավումը և գյուղատնտեսության ոլորտի զարգացումը։ Սակայն տվյալ ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունները թերակատարում են ծրագրերի իրականացումը և հանրայնորեն կառավարության կողմից որևէ նկատողության չեն արժանանում։ Մինչդեռ վարչապետի գույքային և աշխատանքային այլ պայմանների բարելավման համար մշտապես հավելյալ գումարներ են հատկացվում, որոնց մի մասն էլ պարզ չէ, թե ինչ նպատակի է ծառայում, քանի որ քողարկված է լինում «հույժ գաղտնի»-ի դաշտի ներքո։
ՀՀ քաղաքացին իրավունք ունի կասկածներ ունենալ, որ գումարները գուցե օգտագործվում են վարչապետի ընտանիքի անձնական նպատակների համար, որ դրանցից գուցե ֆինանսավորվում են ինչ-որ ճամփորդություններ, գուցե առկա է կոռուպցիոն ռիսկ, և «հույժ գաղտնի»-ի անվան տակ իրականացվում է գնումների ինչ-որ գործընթաց, որը չի համապատասխանում օրենքով հաստատված ընթացակարգին։ Ամեն դեպքում, բոլոր փաստերի համադրումը հանգեցնում է մի եզրակացության՝ կառավարությունն ու վերջինիս վերահսկողության տակ գտնվող գումարը ծախսվում է՝ ներքին առաջնահերթություններից ելնելով, և ոչ թե՝ կառավարության այն ծրագրով, որը սևով սպիտակի վրա գրվել էր ու ներկայացվել Հայաստանի քաղաքացուն։